ՀՀԿ-ՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԳԼԱԴԻԱՏՈՐԱԿԱՆ ՄԱՐՏԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ քաղաքական դաշտի ընդդիմադիր խաղացողները փորձում են կռահել, թե ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման արդյունքում ստեղծված իրավիճակն ինչպես կհանգուցալուծվի, ըստ այդմ, ճիշտ դիրքավորվելու համար իշխանական շրջանակներում շարունակվում են 2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ խմորումները:

Բնականաբար հիմնական խնդիրը, որի շուրջ իշխանական կուլիսներում քննարկումներ են ընթանում, մանդատների բաշխման սկզբունքն է: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի ամեն մի մարզ իշխանական պատգամավորների իր խումբն ունի: Նախորդ խորհրդարանական ընտրություններում այդ պատգամավորները մանդատ են ստացել իշխանական կուսակցությունների համամասնական ցուցակներով կամ մեծամասնական ընտրակարգով: ՀՀ ընտրական նոր օրենսգրքով նախատեսված կարգը ենթադրում է, որ իշխանական պատգամավորներն անպայման պետք է ներառվեն կուսակցական ցուցակներում: Հատկապես, նրանք, որոնք չնայած իշխանական գործիչներ են, բայց մինչ այս մանդատ են ստացել ոչ որպես ՀՀԿ-ական, այժմ չեն կարողանում կողմնորոշվել. արդյոք պետք է շարունակեն իշխանական կուսակցություններում ոչ ՀՀԿ-ում մնալ, թե սկսեն բացահայտ հանդես գալ: Բանն այն է, որ ՀՀԿ-ից բացի՝ մյուս իշխանական կուսակցությունների ապագան շատ աղոտ է: Ակնհայտ է, որ այդ կուսակցությունները լավագույն դեպքում կկարողանան անցողիկ շեմի` 5 տոկոսանոց արգելքը հաղթահարել, քանի որ իշխող ՀՀԿ-ն չի կարողանա մի կողմից մեծամասնություն ունենալու խնդիրը «լուծել», մյուս կողմից էլ արբանյակներին տեր կանգնել: Ենթադրվում է, որ իշխանական արբանյակ կուսակցությունները, որոնք այսօր խորհրդարանում բավական պատկառելի ներկայություն ունեն, ապագա ԱԺ-ում լավագույն դեպքում կստանան 5-ից 6 մանդատ:
Այսինքն՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձածները, որոնք մինչ այս այլ կուսակցություններում էին ծվարել, պարտադրված են ՀՀԿ-ում տեղ հայցել: Մյուս կողմից ՀՀԿ-ի մանդատով մինչ այս պատգամավոր դարձածների թվի պակասություն եւս չի զգացվում: Ինչպես հայտնի է՝ հանրապետությունը բաժանվել է 13 ընտրատարածքների, որոնցում կուսակցությունները պետք է ներկայացնեն առնվազն հինգական թեկնածու: ՀՀԿ-ի ներսում արդեն իսկ քննարկում են, որ ամեն ընտրատարածքում մոտ տասական թեկնածուներ են լինելու: Սակայն նրանցից մանդատ ստանալու հնարավորություն կունենան առավելագույն քվե ապահովածները: Այսինքն՝ տասը հոգով կպայքարեն, բայց նրանցից մանդատ կստանա մեկը: Բայց ողջ խնդիրն այն է, որ նրանք հավասար կարգավիճակ ունեցողներ են, նրանցից բոլորը ունենալու են ընտրակեղծարարության նույն գործիքները: Եթե նրանց այդ մրցակցությունը, այսպես կոչված, թույլատրելի սահմաններից դուրս չգա, ապա նրանց կռիվը կլինի ՀՀԿ-ի օգտին: Իսկ ինչ տեղի կունենա, եթե նրանք սկսեն միմյանց գոտկատեղից ներքեւ հարվածել, այս դեպքում արդեն ընտրական գործընթացները կարող են ՀՀԿ-ի ներսում լուրջ ներկուսակցական բախումների առիթ դառնալ:
Մյուս կողմից՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ իշխանությունների, այսպես կոչված, «ձայներ բերող» զանգվածը, որի դերում մինչ այս հիմնականում հանդես են եկել մեծամասնականով առաջադրված պատգամավորները, պնդում են, որ նախկինում համամասնական ցուցակներով մանդատ ստացածները եւս անպայման տարածքային ցուցակներում լինեն եւ իրենց հետ հավասար պայքարեն: Իշխանությունների նշված զանգվածը, որը հիմնականում ներկայացնում է ՀՀԿ-ի քաղաքական թեւը, լուրջ խնդիրների առջեւ կարող է հայտնվել, քանի որ ընտրությունների կեղծման ողջ համակարգը հիմնականում գտնվում է մեծամասնական ընտրակարգով առաջադրվողների տիրապետման տակ: Իսկ առանց ընտրակեղծիքի իշխանական թեկնածուները, մեղմ ասած, դատապարտված են:
Իրենք՝ ՀՀԿ-ականները, կես կատակ-կես լուջ ասում են, որ Սերժ Սարգսյանը որոշել է իրենց գլադիատորների պես կռվեցնել, եւ ով այդ մենամարտերից հետո «ողջ» կմնա, նա էլ կստանա այդքան բաղձալի պատգամավորական մանդատը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԱՎԵԼԻ ԵՆ ԲԱՐԴԱՑՆՈՒՄ
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի հնարավոր մասնակցությանը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցություններին: «Եթե որեւէ պետություն կարող է ինչ-որ բան ավելացնել այդ դրական գործընթացին, ապա ոչ մի խնդիր չեմ տեսնում: Բայց, կրկնում եմ, խոսքը կառուցողական ներդրման մասին է»,- ասել էր նա: «Ժողովուրդ»-ը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանից փորձեց պարզել, թե ըստ նրա՝ որքանով իրատեսական է Անկարային ԼՂՀ խնդրի շուրջ բանակցություններին մասնակից դարձնելը: «Մենք տեսնում ենք, որ չունենք արտգործնախարարություն, այդ հիմնարկը մի փուչ խխունջ է հիշեցնում, այն դեպքում, որ նման հայտարարության պարագայում ՀՀ ԱԳՆ-ն առաջնահերթ նոտա պետք է հղեր Ռուսաստանին: Սա եւս մեկ փորձ է Ռուսաստանի կողմից` բարդացնելու Հայաստանի վիճակը»,- ասաց Մեհրաբյանը:

 

 

ԴԵՌ ՄՏՄՏՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ ընտրական նոր օրենսգրքով նախատեսվող նորամուծությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ 16 մլն եվրոյի խնդիրն արդեն լուծվել է: Ըստ այդմ, «Ժողովուրդ»-ը փորձեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից պարզել, թե երբվանից եւ ինչպես է իրականացվելու նոր համակարգերի ներդրման գործընթացը: Մասնավորապես, նախատեսվում է, որ փոխվելու է ընտրական ցուցակների կազմման կարգը: Ընտրական նոր ցուցակներում պետք է ընդգրկվեն միայն նույնականացման քարտ ստացած ընտրողները: Մուկուչյանը, սակայն, մեզ պատասխանեց, որ անհրաժեշտ գումարի խնդրի լուծման մասին ինքը տեղեկություն չունի: «Մենք որեւէ մասնակցություն չունենք, որպես ԿԸՀ, եւ ես անձամբ, հետեւաբար ոչինչ ասել չեմ կարող: Ես տեղյակ չեմ»,- պատասխանեց Մուկուչյանը:

 

 

ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ
Երեկ «Ժողովուրդ»-ը «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում հուլիսի 17-ից Երեւանում ծավալվող գործընթացներին, եւ ըստ իրեն՝ ինչպես կարող է հանգուցալուծվել ստեղծված իրավիճակը: «Տեղի ունեցածի գնահատականը միանշանակ է, սա ապստամբություն է, որի իրավունքը ժողովուրդն ունի, առավել եւս երբ դրա հիմնական մեղքը ընկնում է իշխանության գործելակերպի վրա: Շատ կարեւոր է, որ սա լինի զուտ հայկական ապստամբություն, եթե այն, ինչ որ տեղի է ունենում, խառնված է կամ ուղղորդվում է դրսի ուժերի կողմից, որի նպատակն է քաոս ստեղծել եւ քայքայել ամբողջ պետականությունը, անընդունելի է, եւ պետք է օր առաջ կանխվի: Իշխանությունը ոչ մի դեպքում չպետք է գնա հարձակման, երկկողմանի զոհեր կլինեն, մեծ արյուն կթափվի: Իշխանությունը պետք է քաղաքական լուծումներով մեղմացնի իրավիճակը, հստակ ասի, որ պատրաստ է ինչ-ինչ քաղաքական փոփոխությունների: Եթե դրանք էական կլինեն, ապա արժի, որ տղաները վայր դնեն զենքերը»,- ասաց Գիմիշյանը:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում անցկացվող Հարավարեւելյան պետությունների արտգործնախարարների հավաքի շրջանակում երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկվել է Սիրիայի ճգնաժամը: Հանդիպումից հետո Քերրին հայտարարել է, որ առաջընթաց է ձեռք բերվել երկու երկրների միջեւ Սիրիայի վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակման գործում համագործակցության սերտացման պլանի շուրջ:

 

 

ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՎ
«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը երեկ իր պաշտպանի միջոցով «Ազատությանը» փոխանցել է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավման առաջին իսկ օրվանից պատրաստակամություն է հայտնել «բոլոր հնարավորությունները ներդնել՝ հարցի հանգուցալուծումը անարյուն գտնելու համար»:«Հույս ունենալով, որ իշխանություններն օր առաջ կսթափվեն եւ կնստեն բանակցությունների, ներկայումս չեմ ցանկանում բանակցությունների մանրամասներին այժմ անդրադառնալ՝ այդ պրոցեսը որեւէ կերպ չվտանգելու համար։ Մենք ունենք հստակ քաղաքական ծրագիր՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Ակնհայտ է, որ բանակցային պրոցեսի ուշացումը տանում է դեպի իրավիճակի լարման, որի պայմաններում կարող են նոր բախումներ, վիրավորներ եւ մարդկային կորուստներ լինել, ինչը անշուշտ, իշխանությունների մեղքն է լինելու»։

 

 

ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ
Երեկ կայացել է «Համախմբում» կուսակցության վարչության առաջին նիստը, որի օրակարգում եղել է մեկ հարց «Սասնա ծռեր» խմբի եւ երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: «Համախմբում»-ը տարածած հայտարարության մեջ վերահաստատել է իր դիրքորոշումը՝ բացառել խնդրի լուծման ուժային տարբերակը, անհապաղ լուծել «Սասնա ծռերի» անդամների սննդի, բուժօգնության խնդիրները, ինչը էապես կլիցքաթափի լարվածությունը հասարակության մեջ, թույլ չտալ հասարակության եւ ոստիկանության միջեւ թշնամանքի զարգացման միտումները՝ ապահովելով խաղաղ ցույցերի եւ երթերի լիակատար անվտանգությունը, որպես բարի կամքի դրսեւորում՝ կարճելով ոստիկանության հետ բախումների ընթացքում ցուցարարների դեմ հարուցված քրեական գործերը, «Համախմբում»-ը կոչ է արել կուսակիցներին եւ համակիրներին «ցուցաբերել քաղաքացիական ակտիվություն՝ մասնակցելով բոլոր տիպի խաղաղ հավաքներին ու միջոցառումներին»:
 

ՀԱՆՐԱՔՎԵ ԿԱՆՑԿԱՑՎԻ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ ստորագրել է կարգադրություն սեպտեմբերի 26-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Առաջարկվող փոփոխություններով նախագահի պաշտոնավարման ժամկետ է սահմանված 7 տարին՝ ներկայիս 5-ի փոխարեն:




Լրահոս