ԽՈՒՄԲ-ԽՈՒՄԲ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՎ՝ ԿՎՆԱՍԱԶԵՐԾԵՆ, ԵԹԵ ՆՈՐ ՄԱՐԴԻԿ ՉՆԵՐԽՈՒԺԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Խորենացի փողոցում կայացած հավաքի ժամանակ «Հիմնադիր խորհրադարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը վերջնաժամկետ տվեց մինչեւ երեկ՝ առավոտյան ժամը 9:00, որպեսզի հայրենի իրավապահները սնունդով ու դեղորայքով ապահովեն «Սասնա ծռեր» զինված խմբին: Սակայն պահանջը չկատարվեց:

Բայց ոչինչ էլ տեղի չունեցավ վերջնաժամկետից հետո: Ընդամենը վաղ առավոտյան ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մի խումբ քաղաքացիների կողմից Խորենացի փողոց բերված տոպրակներով սնունդը փորձեց ոստիկանների միջոցով փոխանցել «Սասնա ծռեր» խմբի տղաներին, սակայն թույլ չտվեցին, անգամ բարձրաստիճան ոստիկանները չլսեցին նրա խոսքը: Այնուհետեւ լուրեր տարածվեցին, որ առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, Արթուր Սարգսյան անունով մի քաղաքացի իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով եւ ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը՝ հասել ՊՊԾ մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա, սակայն նա ողջ-առողջ հասել է «Սասնա ծռերին» եւ մինչ այս պահը գտնվում է ՊՊԾ գնդում: Ասել է թե` դարձյալ ուժային մեթոդով զինյալներին ապահովեցին անհրաժեշտ սնունդով: Թեեւ Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հայտարարեց, որ սնունդի հարցը դեռ բաց է մնում, բայց, այնուամենայնիվ, Արթուրի արարքը ահագին փրկեց իրավիճակը, քանի որ երեկ արդեն այդքան մեծ էնտուզիազմով չէր պահանջվում զինյալներին սնունդ մատակարարելու հարցը: Հավաքի նախաձեռնողները հիմնականում քննադատական ելույթներ էին ունենում իշխանության հասցեին` բացատրելով, որ իշխանափոխության բոլոր օրինական ճանապարհները սպառված են, դրա համար էլ զինված խումբը դիմել է ծայրահեղ այդ քայլին, որն այնքան էլ ընդունելի չէ:
Երեկ ելույթով հանդես եկավ երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը` կասկած հայտնելով, որ Սերժ Սարգսյանին իշխանության են բերել հատուկ ծառայությունները: Թամար Հովհաննիսյանը ասմունքելուց զատ հարկ համարեց ընդգծել, որ «…Այստեղ (Խորենացի փողոցում. -խմբ) ընտրանին է, վերեւներում ընտրված բորենինե՛ր: Մեզ մի՛ խառնեք ձեր վայրի արջի ցեղերին»:
Կարելի է ասել, որ երեկվա կոնցեպտուալ ելույթը «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանինն էր, որը վերահաստատեց շարժման 4 հիմնական պահանջները, այն է`
1. Սերժ Սարգսյանի հրաժարական.
2. Վստահության կառավարության ստեղծում.
3. Տարածքների առեւտրի դադարեցում.
4. Ինքնիշխանության վերականգնում:
«Միակ իշխանը Հայոց երկրի մենք ենք, ժողովուրդն է, կարող է՝ լինեն կառավարիչներ, որոնց ժողովուրդը կքվեարկի, հետո ռադ կանի, նորին կբերի, իշխանավորը ժողովուրդն է»,- հստակեցրեց Արմեն Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» կուսակցության նախկին խոսնակ Դավիթ Սանասարյանն էլ ընթերցեց Իսպանիայի՝ հարյուրից ավել հայերի կոչը շարժմանը, որոնք միացել են «Սասնա ծռերի» պահանջներին:
Նկատենք, որ երեկ քաղաքական անհայտությունից ընտանյոք հանդերձ Խորենացի փողոց էր եկել նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` տիկնոջ՝ Արմինեի եւ որդու հետ: Հավաքվածներին միացան նաեւ «Ազատամարտիկների դաշինք միության» անդամները` ի դեմս Ռազմիկ Պետրոսյանի եւ Սմբատ Հակոբյանի: Որպես շարքային քաղաքացի հանրահավաքին մասնակցում էր նաեւ ՔՊ նախագահ Նիկոլ Փաշինյանը: «Համախմբան» առաջնորդ Վարդան Օսկանյանը չկար: Փոխարենը հարթակ փարձրացավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւ դաժան խոսքերով «բռնեց» իշխանության վախը:
Այնուհետեւ հայտարարվեց երթ, որի մեկնարկից առաջ զգուշացվեց մասնակիցներին ծայրաստիճան զգոն եւ զգույշ լինել: Բանն այն է, որ հանրահավաքի «պոչերից» մարդկանց ոստիկանները առեւանգել եւ բերման էին ենթարկել: Իսկ մի խումբ երիտասարդներ, մինչ երթի մեկնարկը, Սերժ Սարգսյանի դիմանկարն էին գցել ասֆալտին ու քոչարի պարելու ընթացքում ոտքով տրորում էին այն` ի ցույց դնելով իրենց ագրեսիան գործող իշխանության դեմ դուրս գալու պատրաստակամության մասով:
Երթը մեծ հաշվով խաղաղ անցավ: Մասնակիցները Խորենացուց շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու վերադարձան «ելման կետ»: Վերադառնալուն պես Ենիգոմշյանը պահանջեց ոստիկաններից կապ ապահովել զինված խմբի հետ, քանի որ անհասկանալի է, թե ինչ փուլում են գտնվում բանակցությունները, եւ ինչպես են խմբի անդամները ներսում: Նա նախ 3, ապա 2 րոպե ժամանակ տվեց ոստիկաններին` սպառնալով, որ եթե «Ծռերից» զանգ չստանա, ապա անձամբ կմտնի ՊՊԾ գնդի տարածք: Սակայն նման բան տեղի չունեցավ: Վերջնաժամկետից անցավ մոտ կես ժամ, Ենիգոմշյանը բարձրացավ հարթակ, խորհրդակցեց Պ. Հայրիկյանի, Ա. Ղուկասյանի, Ա. Բաղդասարյանի եւ Ա. Մարտիրոսյանի հետ ու, ի վերջո, մարդկանց տուն ուղարկեցին` այսօր 19:00-ին կրկին, այս անգամ առավել վճռական հավաքվելու պայմանով:
Նկատենք նաեւ, որ երեկ կայացած հավաքի ժամանակ զգուշորեն շրջանցվեց 3 տասնյակ զինյալներից վիրավորված 2 հոգու` Աշոտ Պետրոսյանի եւ Հովհաննես Հարությունյանի թեման. նրանք, ըստ ԱԱԾ տարածած գաղտնալսման, «սխալվել» են, դրա համար էլ ոստիկանների կրակոցներից վիրավորվեցին եւ տեղափոխվեցին դատապարտյալների հիվանդանոց` ըստ էության, կալանավորվելով:
Ահա, այսպես չնայած 10-օրյա ձգտումներին՝ այդպես էլ «Սասնա ծռերի» զինված պայքարը քաղաքական ու մասսայական երանգ չի ստանում, որի համար ամենատարբեր պատճառներ կան՝ քաղաքական խանդը, միասնական գործելու անհնարինությունը հայրենի քաղաքական դաշտում եւ անկազմակերպվածությունը: Ու այս անորոշ իրավիճակը իշխանության համար «կանաչ լույս» է վառում` ամեն օր 2 վիրավորներ «ապահովելով»՝ մաքրել ՊՊԾ գունդը զինյալներից` այդպիսով փակելով զինված ապստամբության՝ այդքան քննադատված էջը մեր երկրում:
Հ. Գ. Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է. «ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես եւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է, եւ ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար»:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ
Նոյեմբերյանի պետական քոլեջի նախկին ուսմասվար Անահիտ Փարսադանյանը քաղաքացիական հայցով դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նա պահանջում է անվավեր ճանաչել «Նոյեմբերյանի պետական քոլեջ» ՊՈԱԿ տնօրեն Արմեն Ղազարյանի 25-Ա հրամանը, իրեն վերականգնել աշխատանքում, բռնագանձել չվճարված աշխատավարձը եւ դրանք չվճարելու համար հաշվարկված տուգանքնեը: Այս քաղաքացիական հայցով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում: Այս գործը նախապատմություն ունի: 2014թ. նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի պետական քոլեջում կայացել է տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ, որին մասնակցում էին քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը եւ քոլեջի ուսմասվար Անահիտ Փարսադանյանը: Առաջին փուլում մասնակիցները գրավոր պատասխանեցին հանրակրթության վերաբերյալ 20 հարցի: Երկրորդ փուլին մասնակցելու համար հարկավոր էր առնվազն 18 հարցի ճիշտ պատասխանել, սակայն Ա. Ղազարյանը ճիշտ պատասխանեց 17 հարցի: Իսկ Ա. Փարսադանյանը ճիշտ էր պատասխանել բոլոր հարցերին: Երկրորդ փուլում վերջինս բանավոր պատասխանեց 5 հարցի, հանձնաժողովի անդամները համարեցին, որ նա ճիշտ է պատասխանել հարցերի կեսին: 11 հոգանոց հանձնաժողովից 4-ը կողմ քվեարկեցին Ա. Փարսադանյանի տնօրեն ընտրվելուն, 7-ը՝ դեմ: Նա կրթության եւ գիտության նախարարություն բողոքարկեց այդ մրցույթի արդյունքները: Ա. Ղազարյանը եւ Ա. Փարսադանյանը նույն գյուղի՝ Բերդավանի բնակիչներ են: Ա. Փարսադանյանը ազատված է ուսմասվարի պաշտոնից եւ պահանջում է իրեն վերականգնել աշխատանքում: Քոլեջում տիրող հակամարտությունը բացասաբար է ազդում այդ ուսումնական հաստատության հեղինակության վրա, ինչն էլ իր հերթին հանգեցնում է քոլեջի ուսանողների թվաքանակի նվազմանը:

 

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
Ռուսաստանի Դաշնությունում աշխատող այգեհովիտցիները Պենզա քաղաքում բնակվող Արսեն Սիմոնյանի գլխավորությամբ գումարներ են հավաքել եւ հայրենի, սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բժշկական ամբուլատորիայի համար գնել «Գազել» մակնիշի շտապօգնության մեքենա: Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանը կարեւորեց օգնությունը՝ ասելով, որ շտապօգնության մեքենան կծառայի նաեւ հարեւան, սահմանամերձ համայնքներին: Նրա խոսքով՝ սահմանագոտում ադրբեջանական գնդակոծությունից վիրավորներ են լինում, որոնց տեղափոխումը այսուհետ կդյուրանա: Հիշեցնենք, որ 2011թ.-ին էլ Մոսկվայում բնակվող մովսեսցիները գումար հանգանակելով՝ սահմանամերձ Մովսես համայնքի համար հրշեջ ավտոմեքենա են գնել: Հայաստանի կառավարությունը հաճախ է շռայլում պետբյուջեի գումարները: Սահմանագոտուց Ռուսաստան արտագաղթած տավուշցիներն իրենց հանգանակությունների միջոցով հոգում են այն կարիքները, որոնք պարտավոր էր հոգալ Հայաստանի կառավարությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս