ՔՆՆՎՈՒՄ ԵՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանքարդյունաբերական ընկերություններում անվտանգության կանոնները չպահպանելու արդյունքում պարբերաբար դժբախտ դեպքեր են գրանցվում: Սակայն համեմատաբար բարձր վարձատրության դիմաց մարդիկ, իրենց կյանքն ու առողջությունը վտանգելով, աշխատում են հանքերում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրերս նման դժբախտ դեպք գրանցվել է նաեւ ՀՀ Լոռու մարզի «Արմենիան Քափըր Փրոգրամ» (Էյ-Սի-Փ) ՓԲԸ-ի՝ Ալավերդու նախկին պղնձամոլիբդենային գործարանում, ինչի արդյունքում երկու աշխատակից մարմնական վնասվածքներ են ստացել:

Հուլիսի 22-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի վերագործարկման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել ընկերության երկու աշխատողներ: Տուժածներից մեկը ոտքի կոտրվածքով հոսպիտալացվել է, մյուսը ամբուլատոր բուժօգնությունից հետո դուրս է գրվել: Տուժած աշխատակիցների կյանքին վտանգ չի սպառնում: Նրանցից մեկը ստացել է ազդրի կոտրվածք, մյուսն էլ՝ աչքերի թեթեւ վնասածք:
Տեղեկացնենք, որ «Էյ Սի Փի»-ն «Վալեքս» խմբի ընկերություններից է: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Վալեքս» ընկերության մամուլի քարտուղար Վահրամ Ավագյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ի՞նչն է եղել պայթյունի պատճառը: Մենք նաեւ հարցրինք՝ արդյոք ընկերությունը պատրաստվո՞ւմ է տուժածներին փոխհատուցել եւ ի՞նչ երաշխիք կա, որ գործարանում պայթյունի դեպքը չի կրկնվի: Ընկերության մամուլի քարտուղար Վ. Ավագյանը մեզ հուզող հարցերին գրավոր պատասխանեց. «Ընկերությունը հոգացել է տուժածներին բուժօգնության տրամադրման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը եւ պատրաստ է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմաններում փոխհատուցել վթարի հետեւանքով տուժածներին հասցված ցանկացած վնաս»: Հուլիսի 22-ին հնչած պայթյունի հետ կապված Ալավերդիի բնակիչները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ պայթյունը հնչել է գործարանի վառարանի փորձարկման ժամանակ: Ըստ ալավերդցիների՝ հնչած պայթյունից մի քանի օր առաջ այն անսարք է եղել: Եւ երբ վերանորոգումից հետո ընկերության աշխատակիցները փորձարկել են վառարանը, այն պայթել է:
Ընկերության մամուլի քարտուղարը «Ժողովուրդ»-ին փոխանցեց նաեւ, որ ուսումնասիրություն (քննություն) է իրականացվում պայթյունի պատճառները եւ այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ. «Ուսումնասիրության արդյունքներով կարվեն համապատասխան հետեւություններ՝ այդպիսի վթարներն ապագայում բացառելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման վերաբերյալ»,- հավաստիացրեց ընկերության ներկայացուցիչը:
Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ տարվա ընթացքում աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով արձանագրվել է 45 արտադրական դժբախտ պատահար, որից 5-ը մահացու ելքով: Մայրաքաղաք Երեւանում դժբախտ դեպքերի քանակը կազմել է 10, 22 դեպք (3-ը մահացել են) արձանագրվել է Սյունիքի, 7-ը՝ Լոռու մարզում: Նկատենք, որ 2014 թվականի ընթացքում աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով արձանագրվել է 55 արտադրական դժբախտ պատահար: Այսինքն՝ արտադրական դժբախտ պատահարները 2014 թվականին, 2015 թ.-ի համեմատ, 10-ով նվազել են: Իսկ, ահա, Լոռու մարզում վերոնշյալ ժամանակահատվածում արտադրական դժբախտ պատահարների քանակը 2014 թվականին եղել է 4, 2015-ին՝ 7: Ստացվում է, որ վերոնշյալ ժամանակահատվածում դժբախտ պատահարների քանակը Լոռու մարզում 3-ով ավելացել է: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ արտադրական դժբախտ պատահարների մեծ մասը արձանագրվել է հանքագործական արդյունաբերության եւ բացհանքերի շահագործման ժամանակ: Նախորդ տարի հանքագործական արդյունաբերության եւ բացհանքերի շահագործման արդյունքում գրանցվել է 33 դժբախտ պատահար, որից 4-ը՝ մահացու ելքով: Իսկ մշակող արդյունաբերության ոլորտում գրանցվել 4 դժբախտ պատահար:
Նախորդ տարվա տվյալներով՝ դժբախտ պատահարների հետեւանքով Երեւանում եւ Սյունիքի մարզում մեկական տղամարդ դարձել է 1-ին, Գեղարքունիքի մարզում 1 տղամարդ՝ 2-րդ խմբի հաշմանդամ:
Հ.Գ. Ալավերդու պղնձաձուլական գործարանում հնչած պայթյունի մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Ալավերդիի քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի հետ, սակայն վերջինս խուսափեց որեւէ տեղեկություն տալուց: «Ես ոչնչից տեղյակ չեմ, միայն գիտեմ, որ այն աշխատակիցները, որոնք վնասվածք են ստացել, այժմ իրենց լավ են զգում: Ավելին ոչինչ չգիտեմ»,- ասաց քաղաքապետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ` ՀՈՒՇԱՆՎԵՐԻ ՀԱՄԱՐ
Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Ալեքսանդր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող՝ 2015թ. ապրիլից հուլիսն ընկած ժամանակահատվածում զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական հենակետում մաքրություն կատարելու ժամանակ զինաբուրգի մոտից հափշտակել է ռազմամթերք հանդիսացող Ֆ-1 տեսակի նռնակի պայթուցիչ: Նա նույն մարտական հենակետում մաքրություն կատարելու ժամանակ խրամուղու վերին հատվածից գտել է 80 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ: Բացի այդ, նույն ժամանակահատվածում ծառայություն իրականացնելու ժամանակ յուրացրել է ծառայության համար իրեն հատկացված, ռազմամթերք հանդիսացող 80 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ: Ա. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով` 3 դրվագով, 238 հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագով, եւ 371 հոդվածի 2-րդ մասով: Նշված ռազմամթերքը նա պահել է ուսապարկի մեջ՝ այն թաքցնելով զորամասի մոտակա տարածքում, ուսապարկը ծածկելով խոտերով: Զորացրվելուց առաջ նա ռազմամթերքը դասավորել է երկու սպորտային պայուսակների մեջ, դրանք տարել է զորամասի մոտակա խանութ, վաճառողին խնդրել է, որպեսզի դրանք մնան խանութում, մինչեւ ինքը կստանա զինվորական գրքույկը եւ կվերադառնա դրանց հետեւից: Երբ վերադարձել է զորամասի շարային մասից, խանութի աշխատողը նրան ասել է, որ պայուսակներն ինչ-որ մեկը տարել է: Դրանից հետո Ա. Պողոսյանին կանչել են զորամասի շտաբի պետի աշխատասենյակ, ուր իրավապահները նրան հարցրել են, թե նշված պայուսակներում ի՞նչ կա: Ա. Պողոսյանը սկզբից լռել է, հետո ասել, որ դրանց մեջ ռազմամթերք է: Ա. Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության ընթացքում Ալեքսանդր Պողոսյանն ասել է, որ փամփուշտները ցանկացել է տուն տանել, որպեսզի դրանցից հուշանվերներ պատրաստի: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Ա. Պողոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես նրա պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել, որ նա լիովին խոստովանել է մեղքը, զղջացել կատարածի համար, նախկինում ոչնչով արատավորված չէ, ծառայել է սահմանային զորամասում, կրել մարտական հերթապահություն, հրամանատարության եւ հարեւանների կողմից բնութագրվում է դրականորեն: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է Ա. Պողոսյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով նշանակել վերջնական պատիժ՝ ազատազրկում 5 տարի ժամկետով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս