«Ժողովուրդ»-ի զրուցակիցն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
-Պարո՛ն Մանուկյան, Ձեր կարծիքով՝ ո՞րն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածի գլխավոր ուղերձը, որովհետեւ այդ հոդվածից հետո եղան նաեւ արձագանքներ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը դնելը որեւէ նորություն չի պարունակում, եւ որ դա ակնհայտ է:
-Հայաստանում այսօր ակնհայտ նոր իրավիճակ է. երբեք երկրում այսպիսի վիճակ չի եղել: Նախկինում եղել է վատ, մի քիչ ավելի վատ: Բայց սա ծայրահեղ վատ վիճակ է: Ընդ որում, հրաժարականի ուշացած որոշումը կարող է այլեւս չաշխատել: Մենք բոլորս վկան ենք ներքին խնդիրների: Բայց այդ խնդիրները երբեմն Ս. Սարգսյանի համար թեթեւանում էին դրսից ցուցաբերվող աջակցությամբ: Հիմա ակնհայտ է, որ այդ դրսի գործոնները չկան. ե՛ւ Եվրոպան, ե՛ւ ՌԴ-ն վերջնականապես համոզվեցին, որ անիմաստ է Ս. Սարգսյանի հետ հույս կապել, նրա հետ ծրագրեր իրականացնել: Ս. Սարգսյանը ոչ միայն չի իրականացրել իր տված խոստումներն ու ծրագրերը, այլեւ բացահայտվեց, որ նա գաղտնի խաղեր է տվել երկու կողմի հետ: Եվրոասոցացման համաձայնագրի ձախողումը սկանդալ է ցանկացած երկրի համար, որովհետեւ չորս տարի շարունակ բանակցել ու հետո կտրուկ շրջադարձ անել՝ խոսում է Ս. Սարգսյանի` անհուսալի, անկանխատեսելի գործընկեր լինելու մասին: Եվրոպացիները շոկի մեջ են:
-Դուք ասացիք, որ այլեւս չկան դրսի գործոնները, որ աջակցում էին Ս. Սարգսյանին: Սակայն ի՞նչ կասեք ռուսական գործոնի մասին, չէ՞ որ նա նետվեց ՌԴ-ի գիրկը:
-ՌԴ-ն ինքն էլ արդեն չի վստահում, չի հավատում այս իշխանություններին: ՌԴ-ն Բելառուսի լեզվով, Ադրբեջանի լեզվով, Ղազախստանի դեմքով, իր փորձագետների ու լրատվամիջոցների միջոցով բազմիցս հայտարարել է, թե ՀՀ-ն ԼՂ հարցում պետք է հստակ դիրքորոշումներ ունենա, լուծումներ տա, որից հետո մտածի Մաքսային միության մեջ մտնելու մասին: Իսկ իշխանական գործիչների` Զորի Բալայանի, Հայկ Քոթանջյանի, Հերմինե Նաղդալյանի եւ այլոց նամակ-ելույթները վկայում են ԼՂ հարցում հայկական դիվանագիտության անհուսալիության ու անհեռանկար լինելու մասին, երբ ստիպված դիմում են ՌԴ-ին` Գյուլիստանի պայմանագիրը թարմացնելու համար: Ակնհայտ է, որ սա իշխանական թեզ է, որն ապացուցում է այս բնագավառում ՀՀ ձախողումները: Երկրի ներսում ամբողջապես մերժված լինելուն գումարվել է նաեւ արտաքին ուժերի կողմից մերժված լինելը: Իրավիճակն իսկապես աննախադեպ է, եւ այս իրավիճակի ձգձգումը կարող է անշրջելի կորուստների բերել: Ասածս հիմնավորեմ՝ մի քանի տվյալ մեջբերելով. այս տարի ՀՀ-ից գնացած ու չեկածների պաշտոնական թիվը հասել է 122 հազարի, ինչը 12 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշներից: Մարդիկ գնում են Վերին Լարսով, գնում են ընտանիքով, կահ-կարասիով, չվերադառնալու մտադրությամբ: Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչ վիճակ է հայ-վրացական սահմանին, թե ինչպես են մարդիկ ուղղակի փախչում, ճողոպրում այս երկրից: Սա արդեն ցեղասպանություն է: Շարունակ նվազում են ծնելիության ցուցանիշը, աշակերտների թիվը: Միայն մեկ տարվա ընթացքում փոքր ու միջին բիզնեսը նվազել է 20-25 տոկոսով: Սրա հետեւանքները կազդեն պետական բյուջեի հավաքագրման վրա. այլեւս չեն կարողանա բյուջե հավաքել, որովհետեւ մարդկային ռեսուրսը, բիզնեսը եւ փողը գնում են երկրից:
-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Տեր-Պետրոսյանի հոդվածին իշխանական թեւի արձագանքները:
-Ինձ ամենեւին էլ չեն հետաքրքրում նրանց արձագանքները: Նրանք պարզապես փորձում են այդ արձագանքների միջոցով իրենց նվիրվածությունը ցույց տալ «վերեւինին»: Իսկ երբ սուրճի բաժակի շուրջ խոսում ենք իշխանության ներկայացուցիչների հետ, պարզ է դառնում, որ իրենք լավ էլ տիրապետում են օրեցօր վատացող իրավիճակին, իրենք էլ են գիտակցում իրավիճակի լրջությունը: Ես վստահ եմ, Ս. Սարգսյանն էլ ավելի շատ տեղեկություններ ունի այսօրվա իրավիճակի մասին, քան մեզանից յուրաքանչյուրը: Եվ այս իրավիճակը, Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ահազանգը Ս. Սարգսյանին պետք է մտածելու տեղիք տան: Ես հասկանում եմ, որ Ս. Սարգսյանը որոշում կայացնելու հարցում կունենա որոշակի պրոբլեմներ` կլինեն խանգարող գործոններ ե՛ւ դրսից, ե՛ւ ներսից: Բայց ամենակարեւոր գործոնն այն է, որ ինքն այս դեպքում կարող է կայացնել երկրի համար ճակատագրական որոշում, եւ սա իսկապես վերջին շանսն է` գոնե չար անունով չգնալու համար:
-Եվ ի՞նչ եք կարծում` Ս. Սարգսյանը կգնա՞ այդ քայլին:
-Դժվար է միանշանակ ասել: Իմ կարծիքով, երբ ինքն իր հետ մենակ մնա, ապա կհամաձայնի այս գնահատականներին ու կուզենա գնալ: Բայց կան խանգարող գործոններ, օրինակ` իր թիմը: Ուստի Ս. Սարգսյանը պարզապես պետք է կշեռքի նժարին դնի բոլոր գործոնները եւ որոշում կայացնի: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածում ներկայացրել է համալիր ծրագիր, որն ընդունելու դեպքում կստեղծվի լրիվ նոր քաղաքական իրավիճակ: Այդ ծրագիրը հնարավորություն կտա եկող իշխանություններին դիմակայել բոլոր մարտահրավերներին, մասնավորապես ԼՂ խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին, միաժամանակ նաեւ հնարավորություն կտա ժամանակ շահել ու արտաքին ուժերի հետ գործընթացները նորից սկսել:
ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ` ՉԱՐ ԱՆՈՒՆՈՎ ՉՀԻՇՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ