ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱԴՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն, որտեղ նաեւ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Եվ ահա խորհրդակցության ժամանակ նա հայտարարել է, թե արդյունավետ աշխատելու կարեւոր նախապայման են հատկապես մարդկային ռեսուրսի` կադրերի ընտրությունն ու նրանց հետ իրականացվող աշխատանքը:
«Եթե մենք չկարողացանք ունակ երիտասարդ կադրեր ներգրավել մեր աշխատանքում, ոչինչ չի ստացվելու: Մենք պետք է ամեն օր դրանով զբաղվենք: Յուրաքանչյուր ղեկավարի պարտականությունն է զբաղվել խնդիրներ լուծող, այդ խնդիրներից չվախեցող, ցանկացած մարտահրավերի դիմակայելու պատրաստ, գիշեր-ցերեկը հաշվի չառնող մարդկանց աշխատանքում ներգրավելու գործով: Եվ այդ մարդկանց նկատմամբ մենք պետք է լինենք շատ ուշադիր: Միայն սոցիալական խնդիրներ լուծելով, այսինքն` աշխատավարձ բարձրացնելով, խրախուսելով՝ մենք չենք կարողանալու նրանց պահել: Մարդիկ հավելյալ ուշադրության կարիք ունեն, սրտացավ խոսքի, իրենց աշխատանքը գնահատելու կարիք ունեն: Եվ մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործել ավագ սերնդի փորձը` այն համադրելով երիտասարդների եռանդի հետ»,-հայտարարել է Ս. Սարգսյանը:
Այս խոսքերի հետ, թերեւս, անհնար է չհամաձայնել: Սակայն փորձենք տեսնել, թե որքանով է անձամբ Ս. Սարգսյանը հետեւում ինքն իր խորհուրդներին, որքանով է նա ներգրավում խնդիրներ լուծող, այդ խնդիրներից չվախեցող, ցանկացած մարտահրավերի դիմակայելու պատրաստ, գիշեր-ցերեկը հաշվի չառնող մարդկանց: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը որեւէ աղերս անգամ չունի այս ձեւակերպումների հետ. ՀՀԿ-ականներից շատերի գործունեությունն ԱԺ-ում սկսվում եւ ավարտվում է քվեարկության ժամանակ կոճակ սեղմելով: Ու տվյալ դեպքում խոսել գիշեր-ցերեկը հաշվի չառնող մարդկանց մասին՝ պարզապես ծիծաղելի է: Նույն պատկերն է նաեւ կառավարությունում. թե որքանով են Տիգրան Սարգսյանը կամ նախարարները խնդիրներ լուծում եւ մարտահրավերներին դիմակայում, ցույց է տվել ժամանակը. այս տարիներին ՀՀ-ում գրանցվել է անդադար հետընթաց. աճել են արտագաղթն ու աղքատությունը, նվազել են ծնունդներն ու, ընդհանրապես, բնական հավելաճը: Դե իսկ տնտեսությունում արձանագրված հետընթացի մասին խոսելն ավելորդ է: Նույնն է նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում. այս տարիների ընթացքում Հայաստանի վարկանիշը միջազգային հանրության մոտ պարզապես հավասարեցվել է զրոյի: Եվ այս ամենը` Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս