Երիտասարդները հաճույքով լսում են ժողովրդական գոհարները` էլեկտրոնային ռիթմերի մեջ. Ալին Գոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Երգչուհի Ալին Գոյանի «Կռունկ» արգելված տեսահոլովակը (լրատվամիջոցները ավելի վաղ հրաժարվել էին եթերում ցուցադրել այն, փոխարենը հոլովակը մեծ տարածում էր գտել օնլայն տիրույթում), որը արծարծում է մի շարք խնդիրներ, օրինակ` այն, որ կրոնը, իշխանությունը եւ հասարակությունը գնալով հեռանում են միմյանցից, մարդիկ ագրեսիվ են իրար հանդեպ եւ անհանդուրժող, վերջին 15 օրերին առավել ակտուալ էր դարձել: «Ժողովուրդ»-ը երգչուհու հետ զրուցել է այդ թեմայի շուրջ, անդրադարձել նրա ստեղծագործական ծրագրերին:

13912605_1105945952819803_6110427759926970298_n

-Ալի՛ն, «Կռունկ» տեսահոլովակում մենք տեսնում ենք խոսքի ազատության ճնշման հետեւանքով կարված բերան, իրավապահների արյունոտ ձեռքեր եւ այլն: Ի՞նչ եք կարծում` ինչպե՞ս է հնարավոր արդիական այս խնդիրները հանգուցալուծել, եւ ի՞նչ է պետք, որպեսզի հասնենք այն մակարդակին, որ արվեստի միջոցով դրանց մասին բարձրաձայնելը չարգելվի:

-Առաջին հերթին անհրաժեշտ է հասնել քաղաքացիների բարձր իրավագիտակցության ձեւավորմանը, որն էլ իր հերթին կնպաստի քաղաքացիական հասարակության կայացմանը: Իսկ քաղաքացիական հասարակության հիքմերից մեկն էլ առանց կապանքների արվեստի առկայությունն է: Արվեստը պետք է բարձր արժեքներ ձեւավորի եւ օգնի մարդասիրական հարաբերությունների կերտմանը, ինչն էլ որպես ելակետ ընկած է իմ հոլովակի հիմքում: Դա է իմ ստեղծագործական կրեդոն:

-Դուք փորձում եք Կոմիտասի ստեղծագործությունները նորովի մեկնաբանելով, դրանց ժամանակակից ռիթմեր հաղորդելով` հասցնել երիտասարդներին. որքանո՞վ է այդօրինակ արտադրանքը մատչելի թիրախային լսարանի համար:

-Այսօր ոչ միայն մեր երկրի, այլեւ ողջ աշխարհի երիտասարդությանը հետաքրքրում են ժամանակակից գործիքավորումներն ու մոտեցումները: Համագործակցելով ժամանակակից երաժշտության ոլորտում ճանաչված եւ սիրված երիտասարդ երաժիշտների հետ` մենք ժողովրդական ստեղծագործությունները ներկայացնում ենք ժամանակակից ընթերցմամբ, իհարկե, պահպանելով դրանց հիմնական կառուցվածքը: Ուստի այդ ստեղծագործությունները` իբրեւ ազգային երաժշտություն, հոգեհարազատ են հայ երիտասարդներին, եւ, միեւնույն ժամանակ, իբրեւ երիտասարդական մշակույթ, իրենց ընկալմամբ ժամանակակից են եւ ըմբռնելի: Եվ այսօր կարող եմ փաստել, որ ժամանցային վայրերում երիտասարդները հաճույքով լսում են ժողովրդական գոհարները էլեկտրոնային ռիթմերի մեջ:

-Արդեն հայտնի է, որ ռեփեր Միշոյի հետ եք համագործակցել: Դուք բավական տարբեր ժանրեր եք ներկայացնում: Ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք համագործակցել:

-Համագործակցության մտահղացումն ու առաջարկը եղել է իմը, որն էլ Միշոն սիրով ընդունել է: Ստեղծագործությունը, որը կոչվում է «Կանչէ կռունկ», տեղ է գտել դեռեւս նախորդ տարի լույս տեսած իմ առաջին համանուն երաժշտական ալբոմում, որտեղ ժողովրդական երգերը ներկայացված են տարբեր ժանրային մշակումներով` ռոքից, դասականից մինչեւ էլեկտրոնային ռիթմեր։ Կարծում եմ` բավական հետաքրքիր աշխատանք է ստացվել, որտեղ կրկին արծարծվում են այն սոցիալական խնդիրները, որոնք այսօր առկա են։ Երգի ամբողջական տարբերակը համացանցում դեռ չենք տեղադրում, կներկայացնենք միայն այն դեպքում, երբ կնկարահանվի տեսահոլովակը, քանի որ այդ կերպ երգի գաղափարն ավելի լավ կհասնի լսարանին:

13925167_1105946009486464_2514583352549970978_n

-Բացի այդ տեսահոլովակը` հիմա էլ ի՞նչ ստեղծագործությունների, նախագծերի վրա եք աշխատում:

-Շարունակվում է նաեւ «Օպերա Վիվա» նախագիծը, որի շրջանակներում համագործակցում ենք փորձառու երաժիշտների հետ, աշխատում ենք նոր երգերի ստեղծման վրա։ Ունենք մի շարք հրավերներ արտերկրից եւ այս տարի համերգներով կմեկնենք Իսրայել եւ Ռուսաստան։

-Երգարվեստում Ձեր առաքելությունը ո՞րն եք համարում: Այն ժանրը, որը Դուք եք ներկայացնում, ի՞նչ ապագա ունի Հայաստանում:

-Յուրաքանչյուր ճշմարիտ արվեստագետի առաքելությունն է ծառայել ժողովրդի բարձր պահանջմունքներ մշակելուն, օգնել մաքրելու ցածրաճաշակ երաժշտությամբ խճողված դաշտը, որպեսզի կրտսեր սերունդը ապահովվի միայն որակյալ եւ ճաշակով երաժշտությամբ: Մեր բոլորի ձգտումը պետք է լինի աշխատել այդ ուղղությամբ: Փորձում ենք չշեղվել բարձր արժեքային կողմնորոշումներից՝ միեւնույն ժամանակ չմոռանալով, որ պետք է համընթաց քայլել արագ զարգացող ժամանակի հետ: Համոզված եմ, որ Հայաստանը, ինչպես եւ նախկինում, կդառնա բարձր մշակութային արժեքների օրրան:

13925248_1105945879486477_667782485585514104_n

Աննա Բաբաջանյան




Լրահոս