ՍԿԱՆԴԱԼ «ՄԻԿԱ ՑԵՄԵՆՏ»-Ի ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի տնօրինությունը վերջերս հրաժարվել է վճարել իր աշխատակցի 5 ամսվա աշխատավարձը, ինչի հետեւանքով 49-ամյա Արմենը հենց գործարանի մուտքի մոտ սրտի կաթվածից մահացել է:
Նկատենք, որ այս գործարանի տնօրինության կողմից աշխատակիցների աշխատավարձերն ուշացնելը վաղուց սովորություն է դարձել: «Ժողովուրդ»-ը 2012թ. նոյեմբերի 24-ի իր համարում անդրադարձել էր, որ գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը 20 բանվորի ազատել էր աշխատանքից այն բանից հետո, երբ նրանք պահանջել էին իրենց 4 ամսվա չստացած աշխատավարձը: Փաստորեն, ծնունդով բաքվեցի, հայտնի օլիգարխ Միկա Բաղդասարովի գործարանում պարզապես շահագործում են մարդկանց ու առանց որեւէ պատճառաբանության հրաժարվում վճարել աշխատավարձերը:
Ինչեւէ, ինչպես պատմում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, հոկտեմբերի 31-ին Արմենը գնացել է գործարան եւ պահանջել իր 5 ամսվա չստացած աշխատավարձը: Գործարանի տնօրինությունը հրաժարվել է այն վճարել՝ նշելով, թե չկա, ու չեն էլ կարող տալ: Պատասխանը զայրացրել է Արմենին: Նա դուրս է եկել: Այդ ընթացքում նրան է զանգահարել կինը եւ հետաքրքրվել` արդյոք ստացել է աշխատավարձը, քանի որ «շտապ փող է հարկավոր եղել»: Արմենը, իր ընկերների ներկայությամբ խորը հոգոց հանելով, ասել է, թե փող չկա: Կնոջ հետ խոսելուց անմիջապես հետո գործարանի մուտքի մոտ Արմենի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. նա սրտի կաթվածից տեղում մահացել է:
Հրազդանում տարածված լուրերի համաձայն՝ «Միկա ցեմենտ»-ի տնօրինությունը, տեղեկանալով կատարվածի մասին, շտապ նրա ընտանիքին է փոխանցել այդ աշխատավարձը:
«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ փորձեց զրուցել գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի հետ, սակայն նա մեզ հետ զրույցում նշեց, թե գտնվում է Լեռնային Ղարաբաղում եւ չի կարող պատասխանել մեր հարցերին: Փորձեցինք դեպքի մանրամասները պարզել գործարանի գլխավոր ինժեներ Ռազմիկ Ջոռուխյանից: Վերջինս հաստատեց, որ Արմենը մահացել է գործարանի մուտքի մոտ, սակայն դա որեւէ կապ չունի աշխատավարձի հետ. «Արմենն աշխատում էր մեր երկաթգծի արտադրամասում: Նա ոչ մի աշխատավարձի համար էլ չի եկել, ստից լուրեր են տարածում, մենք աշխատավարձի պարտք չունենք, այսինքն՝ ընդամենը մի ամսվա պարտք կա»:
Ըստ մեր զրուցակցի՝ գործարանը նախորդ տարվա պես աշխատավարձի ուշացման խնդիր չունի. «Եթե անցած տարի լիներ, կասեինք, որ նման խնդիր կա, բայց Արմենը կարող էր այդ ինֆարկտը ստանալ նաեւ տանը կամ մեկ այլ տեղ, դա իր աշխատանքի հետ որեւէ կապ չունի: Նա այդ օրը եկել կանգնել է գործարանի մոտ, իր ընկերների հետ է խոսել եւ անգամ գործարան էլ չի մտել ու որեւէ հարցով չի էլ դիմել: Շատ կազմակերպված տղա էր, մենք միշտ էլ նրան օգնել, աջակցել ենք, բայց մեզ որեւէ հարցով չի դիմել»: Ռազմիկի խոսքով՝ իրենք Արմենին չեն վճարել միայն սեպտեմբերի աշխատավարձը եւ վերջնահաշվարկը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս