Հուլիսի 31-ին Սասնա ծռեր զինված խմբի կողմից իշխանություններին հանձնվելու շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ:
–Պարո´ն Հայրիկյան, ինչպե՞ս եք գնահատում «Սասնա ծռեր»-ի կողմից զենքերը վայր դնելու եւ իշխանությանը հանձնվելու քայլը:
-Գործողությունը իրենք էին սկսել եւ իրենք էլ եզրափակեցին։ Իհարկե, այդ եզրափակումը շատ քիչ կապ ունի այն ակնկալիքների հետ, որոնք մատուցվում էին առաջին օրերին, բայց լիովին գոհացնում է «ոչ արյունահեղությանը» կարգախոսով արտահայտող հանրությանը։
Փողոց դուրս եկած քաղաքացիների առաջին պահանջն էր դա։ Բոլորս էլ հասկանում ենք, որ երկու լուծում կար խաղաղ հանգուցալուծման՝ կամ իշխանությունները պիտի կատարեին առաջադրված պահանջները, դրա համար նրանք պիտի իշխանություն լինեին եւ ոչ Վարուժան Ավետիսյանի ասած կամակատարներ, կամ պիտի զենքը վայր դնեին կամ հանձնվեին ԱԱԾ-ի տղաներին։ Երրորդ տարբերակ չկար։ Մյուս տարբերակն իշխանությունների հեռացումն էր, բայց կարծում եմ նույնիսկ հեռանալու ինքնուրույն որոշում ընդունելու իրավունք իրենց չի տրված։
-Ձեր գնահատմամբ` 15 օր տեւած պայքարը Հայաստանին ի՞նչ տվեց:
-Իրենք ասում են, որ իրենց առաքելությունը կատարված է։ Գուցե իսկապես ոմանց աչքերը բացվեցին, բայց վերջնական ամփոփման տեսանկյունից՝ հակագաղութացում, դժվար թե նոր բան կատարվեց։ Մյուս կողմից մենք տեսանք, որ մեռյալ ու ապաքաղաքական համարվող հանրությունը իրականում հսկայական ներուժ ունի։
-Ձեր տպավորությամբ, ո՞վ հասավ նրան, որ զինված խմբավորումն որոշում կայացրեց հանձնվել:
-Կարծես թե, շատ ակնհայտ է, որ ի վերջո իրենք են ընդունել այդ որոշումը։ Մեզ բոլորիս համար շատ կարեւոր է, որ նոր մահեր չեղան։ Մյուս խնդիրները՝ նաեւ քաղկալանավորների քանակի եռապատկումը Հայաստանում կարելի է ուղղել։ Մահն է, որ չես կարող ուղղել։
Արփինե Թովմասյան