ՍԻՐԱՇԱՀՈ՞ՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ՊՆ պաշտոնաթերթին հոկտեմբերի 10-ին տված հարցազրույցի ժամանակ Գյումրիում գործող ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղի դեմ, Գյումրու ռազմաբազան կարող է ներգրավվել զինված հակամարտությունում: Գրեթե նույն ժամանակահատվածում Գյումրիում աղմուկ  բարձրացավ, թե շուրջ 3000 ռուս զինծառայողներ ճանապարհ են բռնել դեպի 102-րդ ռազմաբազա: Զուգադիպությո՞ւն էր սա, թե՞ ռուսական արտաքին քաղաքականության մանեւրում: Հարցազրույցին արձագանքեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ այն գնահատելով հետաքրքիր:
«Ռազմաբազայի պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը մնում է անհանգիստ եւ բնորոշվում է ապակայունացնող մի շարք գործոնների առկայությամբ՝ կապված տարածաշրջանում առկա հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր էսկալացիայի հետ: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով իր իրավասությունը վերականգնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ապա ռազմաբազան կարող է մտնել զինված հակամարտության մեջ»,-հարցազրույցում ասել է Անդրեյ Ռուզինսկին:
Ինչպես ավելի վաղ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, Գյումրու 102-րդ ռազմաբազայի հարեւանությամբ գտնվող 8-րդ թաղամասում քաղաքացիներն աղմուկ էին բարձրացրել` պնդելով, որ իրենց բնակարաններից դուրս են հանում ռուս զինծառայողներին տեղավորելու համար: Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ՝ ռազմաբազան շուրջ 3000 զինվորով համալրվելու նպատակ ունի:
Արդյոք զուգադիպություն էր հենց նույն ռազմաբազայի մասին հենց այս ժամանակահատվածում նման հայտարարություն անելը: Սա հայերին սիրաշահելու դրվա՞գ էր, ինչ-որ ուղե՞րձ Ադրբեջանին, թե՞ սովորական «շարքային» հարցազրույց: «Ժողովուրդ»-ն այս հարցադրումներն ուղղեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: «Ձեր հարցադրումը քաղաքական ենթատեքստ ունի: Ես չեմ կարող պատասխանել: Սա վերաբերում է միջազգային քաղաքականությանը: Միայն կարող եմ ասել՝ բավականին հետաքրքիր էր»,-արձագանքեց Ա. Հովհաննիսյանը:
Ի դեպ, ռուս քաղաքագետներ Էդուարդ Պոպովը, Ալեքսանդր Ցիգանովը վերջերս կարծիք էին հայտնել, որ եթե ռազմական գործողությունները սահմանափակվեն միայն Լեռնային Ղարաբաղի տարածքով, ապա Գյումրու ռուսական ռազմաբազան չի միջամտի, իսկ եթե Ադրբեջանը հարվածի ՀՀ տարածքին, ապա ռազմաբազան կմիջամտի ռազմական գործողություններին:
Հավելենք, որ ինչպես նշված է 102-րդ ռազմաբազայի մասին տեղեկագրում, Հայաստանում ռուսական ռազմաբազայի մարտական կազմի յուրահատկությունն այն է, որ ունի С-300В  զենիթահրթիռային համալիրով զինված զենիթահրթիռային դիվիզիոն, ինչպես նաեւ այլ զենիթահրթիռային դիվիզիոն, որը զինված է БУК-М1-2  զենիթահրթիռային համալիրով, «Սմերչ» հրթիռահրետանային մարտկոցով եւ ավիացիոն բազայով՝ МиГ-29  մարտական ինքնաթիռների էսկադրիլիայով:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս