Երեւանի երբեմնի խոշորագույն հյուրանոցներից մեկը՝ «Դվին»-ը, հետզհետե վերածվում է ավերակի: ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը թերահավատորեն է վերաբերում «Դվին»-ի վերակառուցման ծրագրին: Մինչդեռ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը հակառակն է պնդում: Պատճառը ստանձնած նոր պարտավորություններն են, ըստ որոնց` պայմանագրով սահմանված ներդրումները չիրականացնելու դեպքում «Դվին» հյուրանոցի սեփականատերերը պետք է վճարեն տույժեր` չկատարած ներդրումների 10 տոկոսի չափով: Ի դեպ, նախկին պայմանագրում սահմանված էր միայն ներդրումների չափը, տույժեր ու տուգանքներ չկային:
Հիշեցնենք, որ 2001թ.-ից հյուրանոցն արդեն չէր գործում, իսկ 2002թ. որոշում կայացվեց «Դվին»-ը 1,5 մլն դոլարով սեփականաշնորհելու մասին: Մեկ տարի անց` 2003-ին, «Դվին»-ի տնօրեն Վանիկ Թորոսյանը, որն արդեն պետբյուջե էր մուծել 80 հազար դոլար, Մոսկվայում սպանվեց, ինչի արդյունքում գործարքն անվավեր ճանաչվեց: Ի վերջո, 2003թ. հյուրանոցը 3 մլն դոլարով վաճառվեց «Սի Սի Ջի կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՍՊԸ-ին: Գնորդը պետք է 5 տարում կառուցեր 5-աստղանի հյուրանոց՝ ներդնելով գրեթե 30 մլն դոլար: Ընկերության տնօրեն նշանակվեց 2013թ. նախագահական ընտրություններից հանրությանը հայտնի դարձած հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, որը կրճատեց «Դվին»-ի աշխատակիցների մեծ մասին. 83 աշխատողներից մնացին չորսը:
Հետագա տարիներին որեւէ լուրջ ներդրում այդպես էլ չիրականացվեց: Ընդ որում, պայմանագրում մատնանշված էր միայն ենթադրվող ներդրումների չափը, սակայն պարտավորությունների խախտման համար որեւէ տույժ կամ տուգանք նախատեսված չէր:
Ի վերջո, ՀՀ կառավարությունը 2011թ. ստիպված եղավ վերանայել պայմանագիրը` դրանում մատնանշելով ներդրումների ենթադրելի ծավալից տարեկան 12 տոկոս տուգանքի չափը` պայմանագրային պարտականությունները չկատարելու դեպքում: Այդ պայմանագրի համաձայն` եթե մինչեւ 2014թ. ներդրումները չիրականացվեն, ապա կառավարությունը դատական կարգով բռնագրավելու է հյուրանոցը:
«Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից տեղեկացավ, որ Երեւանի «Դվին» հյուրանոցում մինչեւ տարեվերջ ներդրումներ չկատարելու դեպքում սեփականատերերը պատասխանատվության կենթարկվեն: «Սի Սի Ջի կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՍՊԸ-ն պարտավորվել է որոշակի ժամանակահատվածում կատարել համապատասխան ներդրումներ, մասնավորապես մինչեւ այս տարվա վերջ ներդնել 850 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Ընկերությունը համապատասխան ժամկետի ավարտից հետո պարտավոր է ներկայացնել ներդրումների կատարումը հավաստող փաստաթղթեր, հակառակ դեպքում պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար վերջինիս նկատմամբ կկիրառվեն պատասխանատվություն սահմանող դրույթները: 2004թ. մայիսի 14-ի թիվ 686-ՈՒ պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համաձայնագրի հիմքով՝ ընկերությունը պարտավորվել է վերակառուցել համալիրը մինչեւ 2015թ. ներառյալ: Ներդրումների արդյունքում մինչեւ 2016թ. կվերակառուցվի ժամանակակից չափանիշներին համապատասխան հյուրանոց:
Ըստ սահմանված ժամանակացույցի` Երեւանի «Դվին» հյուրանոցի վերակառուցման համար մինչեւ 2015թ. ընկերությունը պետք է ներդնի համարյա 14 մլն դոլար. 2013թ.-ին նախատեսված է 850 հազար դոլարի, 2014թ.-ին` գրեթե 4 մլն դոլարի, իսկ 2015թ.-ին` 9 մլն դոլարի չափով ներդրում:
Իսկ մինչ այդ շենքն աստիճանաբար վերածվում է աղբանոցի եւ ավերակների: «Հյուրանոցի բարձրադիր դիրքը հնարավորություն էր տալիս հիանալու Կոնդի եւ մայրաքաղաքի գեղեցկությամբ: «Անի» հյուրանոցից հետո «Դվին»-ն էր: Այն ժամանակ «Դվին»-ը Հայաստանի համար նշանակալից կառույց էր` իր լյուքս համարներով, ֆիննական կահույքով, արտասահմանից ներկրված կենցաղային տեխնիկայով, բարձրակարգ ռեստորանով, մի քանի բարերով ու հեղինակավոր հյուրերով»,-մեծ ափսոսանքով նկատեց ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Տեղեկացնենք նաեւ, որ հյուրանոցի տարածքում գտնվող «Լեռնային պար» քանդակախումբն այժմ ավերված է:
«ԴՎԻՆ»-Ը ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՂԲԱՆՈՑԻ ԵՎ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ