Ներկայացնում ենք Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետ մեր հարցազրույցի շարունակությունը։ Մեր զրուցակիցն անչափ դժգոհ է, որ ստեղծագործական միությունները չունեն իրենց օրենքը եւ համարվում են հասարակական կազմակերպություն։
-Մեր դիրքը պետությունում հստակեցված չԷ, մենք պետք է մեր օրենքներն ունենանք, դրանցով ճիշտ հարաբերվենք իշխանությունների, երկրի քաղաքացիների հետ։ Ինքս օրենքի տարբերակներ եմ առաջարկել, ԱԺ-ում մի քանի անգամ այս հարցը նախնական լսվել է, բայց սայլը տեղից չի շարժվել։ Տարբեր մարդկանց, այդ թվում՝ նաեւ ԱԺ այսօրվա եւ նախկին պատգամավորների կողմից մշակված, 20-30 էջանոց օրենքի նախագծերի տարբերակներ կան, բոլորը խոստանում են, որ շուտով կքննարկեն, կընդունեն օրենքը, բայց… Օրենքում պետք է հստակ նշված լինի, թե ինչպես պետք է հարաբերվենք, ասենք, մշակույթի նախարարության հետ, ինչ պարտավորություններ ունենք մենք, ինչ՝ նախարարությունը։ Օրինակ՝ Էստոնիայում կա առանձին օրենք ոչ թե ընդհանուր ստեղծագործական միությունների, այլ կոնկրետ նկարիչների միության մասին, որովհետեւ մեր սպեցիֆիկան ուրիշ է։ Մենք ասում ենք՝ լավ, գոնե ընդհանրացված մի բան լինի, ինչպես, օրինակ, Ուկրաինայում է։
-Իսկ նկարիչների միության համագումարը ե՞րբ է լինելու։
-Այս տարի կփորձենք անել։
-Կերպարվեստի բնագավառում ի՞նչ է փոխվել նորանկախ Հայաստանում։
-Կերպարվեստն առհասարակ չի կարող ինքն իրեն զարգանալ, եթե չկա հովանավորչական եւ պատվերի դաշտ, համակարգ։ Առանց դրա կերպարվեստը դառնում է տնային տնտեսուհու զբաղմունք, եւ հիմա մենք գնում ենք մոտավորապես այդ ճանապարհով։ Աշխարհի բարձրագույն արվեստի գործերն ստեղծվել են այն դեպքում, եթե եղել է պատվեր, ասենք, հոգեւոր աշխարհից, եկեղեցուց։ Խորհրդային տարիներին արվեստի ջատագովը պետությունն էր, որովհետեւ նա էլ ուներ իր գաղափարախոսությունն այնպես, ինչպես եկեղեցին։ Այսօրվա պատվիրատուն երբեմն ցածրաճաշակ, հաստավիզ մի էակ է, որը գնում, վերնիսաժից կամ մեկ այլ տեղից նկար է առնում իր նմանին նվիրելու համար, եւ արդեն նկարիչը փորձում է նրա ճաշակին հարմար նկարել, որպեսզի վաճառվի։ Երբեմն էլ պատվիրատուն, գնորդն օտարերկրացի է, որը գալիս է այստեղ, տեսնում, որ իր երկրում աբստրակցիան թանկ է, այստեղ՝ էժան, ու որոշում է գնել։ Մեկ ուրիշ պատվիրատու էլ սփյուռքահայն է, որը գալիս է հայրենիք, ուզում է Հայաստանից մի պատառիկ տանել եւ ընտրում է Արարատ լեռը, Էջմիածինը, հայկական բնաշխարհը… Բայց այս ամենով մենք չենք զարգանա։
-Իսկ ի՞նչ պետք է արվի, նորից պետությո՞ւնը պետք է դառնա պատվիրատու։
-Մենք չունենք այն հովանավորչական դաշտը, որը կարող է շատ խնդիրներ լուծել։ Այսօր կերպարվեստը բուռն զարգացում է ապրում Չինաստանում, որտեղ շատ բարձր արվեստի են հասել եւ շարունակում են նույն ձեւով։ Նրանք վերցնում են այն ամենալավը, ինչը դեռ պահպանվել է, անգամ Ռուսաստանից մասնագետներին փախցնում-տանում են իրենց երկիր, մեծ գումարներ են տալիս, խնդրում, որ իրենց փորձը փոխանակեն։ Այդ փուլերն արդեն անցել են, հիմա իրենցն են զարգացնում իրենց ազգային կերպարվեստի հիմքի վրա։ Այնտեղ ոչ միայն պետությունն է տիրություն անում, այլեւ դրա հնարավորությունը տալիս է մեկենասներին։ Իսկ եթե մեզ մոտ այս միությունն էլ չլինի, որի շուրջ ոչ միայն համախմբվում են նկարիչները, այլեւ իրենց արժանապատվությունն են պահպանում հասարակության մեջ (նկարիչ հասկացողությունը շատերի մոտ կապվում է միության, միության դահլիճների եւ այլնի հետ), մարդիկ կկարծեն, որ նկարիչը միայն այն մարդն է, որը ձյան, անձրեւի տակ կամ շոգին վերնիսաժում, ծառին հենված, կանգնել ու ինչ-որ բան է խնդրում։
-Կա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Ձեզ այդ հանձնաժողովից դիմե՞լ են` հայ նկարիչներին ինչ-որ մոնումենտալ գործ պատվիրելու կամ նմանատիպ այլ առաջարկով:
-Տարբեր օղակներում կայացած անձնական խոսակցություններում հայտնել եմ այդ հարցում աջակցելու մեր պատրաստակամությունը, բայց մեզ ոչ ոք դեռ չի դիմել։ Ես Ձեր նշած այդ հանձնաժողովում ընդգրկված չեմ, եւ դա նույնպես սխալ է. պետք է կերպարվեստի ասպարեզը ներգրավված լիներ։
«ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԶԱՐԳԱՆԱԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ