Մեկուկես տարվանից էլ քիչ ժամանակ է մնացել մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, սակայն քչերը գիտեն, թե ինչ աշխատանքներ են տարվում այն նշելու ուղղությամբ Հայաստանում եւ Հայաստանից դուրս՝ չնայած ստեղծվել է մի պատկառելի պետական հանձնաժողով։ Նույնիսկ դեռեւս պարզ չէ, թե, ի վերջո, ինչ կինոնկար է պետբյուջեի միջոցներով նկարահանվելու. երեւի հանձնաժողովականները վախենում են իրենց գաղտնիքը հայտնել, որպեսզի թուրքերն այդ մասին չիմանան։ Հիշեցնենք, որ պետական այդ հանձնաժողովի նախագահը ՀՀԿ ղեկավարն է։
Ոմանք երբեմն փորձում են քննադատել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ Ցեղասպանության մասին նրա հայտարարությունների համար, սակայն, ամենայն հավանականությամբ, նա հանգիստ ու անաղմուկ իր գործն է անում։ Ինչպես գրում է թուրքական «Time turk»-ը, շվեյցարական Ժնեւի քաղաքապետարանը վճռական է Ցեղասպանությանը նվիրված հուշարձան կառուցելու հարցում։ «Հիշատակի լապտերներ» անվանումը կրող հուշարձանի հեղինակը Մելիք Օհանյանն է, իսկ դրա կառուցման որոշումը կայացվել է 2011թ.։ Հուշարձանին առնչվող հարցին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը մամուլին տված հարցազրույցում դիվանագիտորեն է պատասխանել՝ մասնավորապես նշելով, որ հուշարձանը չպետք է դիտարկվի որպես «մի երկրի դատապարտում»։ Նրա խոսքով՝ Ժնեւում կառուցվելիք հուշարձանը խորհրդանշելու է ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդներին։ Ժնեւի քաղաքապետարանի՝ հուշարձանի նախագիծը վերահսկող պաշտոնյան` Սամի Քանաանը, մամուլի ասուլիսի ժամանակ հավաստել է, որ հուշարձանի վրա «Ցեղասպանություն» բառը չի նշվելու։ Շվեյցարիայի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական հարաբերությունների ծավալման այս օրերին Թուրքիան շարունակում է դժգոհել ժնեւյան հուշարձանի նախագծից։ Շվեյցարիայի արտգործնախարարության խոսնակը թուրքական «Ջիհան» գործակալությանն ասել է, որ իրենք ի զորու չեն դադարեցնել ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կառուցումը։
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԺՆԵՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ