ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում են տեղի ունենում ՀՀ դրամի փոխարժեքի տատանումները, եւ ինչո՞վ են դրանք պայմանավորված:

Դավիթ Բադալյան (41 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի եւ դրանց փոփոխությունների ազդեցության ներքո: Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետեւանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են: Համապատասխանաբար, ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը: Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող են փոփոխվել նաեւ մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են, մասնավորապես, կառավարության ծախսերը, կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձեւավորվող սպասումները: Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տեւական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով (օրինակ՝ կայուն տնտեսական աճով պայմանավորված ազգային արժույթի արժեւորումը), կարող է կրել սեզոնային բնույթ (երբ, օրինակ, ներմուծման ու արտահանման սեզոնները տարբեր են) եւ կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների (օրինակ` կարճաժամկետ ֆինանսական ներհոսքի կամ արտահոսքի) ազդեցության արդյունք է:

ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, սեզոնային գործոնները կարող են որոշակի ազդեցություն ունենալ Հայաստանում արտարժույթի փոխարժեքի տատանման վրա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում շրջանառվող արտարժույթի զգալի մասն արտերկրում աշխատող մեր հայրենակիցների ուղարկած տրանսֆերտներից է գոյանում: Սակայն այդ ազդեցությունը չի կարող լինել այնքան կտրուկ, որ տարադրամի փոխարժեքն  այնպիսի ցատկեր կատարի, ինչպիսիք արձանագրվեցին վերջին տարիներին: Բազմաթիվ հեղինակավոր տնտեսագետների կարծիքով` առավել հաճախ դա արվում է այս կամ այն օլիգարխի շահերի սպասարկման համար:




Լրահոս