«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ հուլիսի 1-ին տեղի ունեցավ «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցության հիմնադիր համագումարը: Այսպիսով «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հենքի վրա ստեղծվեց կուսակցություն, որի անդամները՝ այդ լրատվամիջոցի աշխատակիցներն ու նրանց հարազատները, համակիրներ են: Կուսակցության նախագահ էլ դարձավ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը: Ենթադրվում էր, որ «ԳԱԼԱ»-ն կհասցնի գրանցվել եւ մասնակցել հոկտեմբերի 2-ին Գյումրիում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին:
Սակայն հուլիսի 29-ին ՀՀ արդարադատության նախարարությունից ստացվել է գրություն այն մասին, որ կուսակցության գրանցումը մերժվում է: Ու եթե անգամ Վահան Խաչատրյանը եւ նրա կողմնակիցները շտկեն սխալները ու կրկին փաստաթղթերը ներկայացնեն գրանցման, միեւնույն է՝ առաջադրման ժամկետը կլրանա: Ուստի ակնհայտ է, որ «ԳԱԼԱ»-ն ստիպված է լինելու դաշինքով մասնակցել ընտրություններին: «ԳԱԼԱ» կուսակցության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմենուհի Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չբացառեց այլ քաղաքական ուժի հետ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու տարբերակը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: