Երևանում ոստիկանության և զինված խմբին աջակցող հասարակության միջև երկշաբաթյա բախումներն ուժգնացրին Հայաստանի վրա ազդեցության համար ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պայքարը, գրում է թուրքական Daily Sabah պարբերականը:
«Չնայած նրան, որ հասարակության ուշադրությունը կենտրոնացած էր հայկական իշխանությունների գործողությունների վրա, որոշ փորձագետներ կարծիք հայտնեցին, որ մեծ հաշվով ներքին անկարգությունները կապված են Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, մասնավորապես, Հայաստանում իրենց ազդեցությունն ամրապնդելու փորձերի հետ»,- գրում է պարբերականը:
Daily Sabah-ը նշում է, որ Հայաստանում մեծ ազդեցություն ունի Ռուսաստանը, այնտեղ տեղակայված է ռուսական բազան, իսկ ԱՄՆ-ն և Եվրոպան չեն դադարում աջակցել և զարգացնել երկրում արևմտամետ ուժերը:
«Ցույցերի ժամանակ հակառուսական լոզունգներ էին հնչում, սոցցանցերում գրում էին, որ Հայաստան են ժամանել ռուս դիպուկահարներն ու հատուկ ջոկատայինները, որոնք համագործակցում են հայկական ոստիկանության հետ»,- գրում է թուրքական պարբերականը:
Պարբերականի խոսքով՝ հայաստանյան իրադարձությունները տարբերվում են Վրաստանի և Ուկրաինայի իրավիճակից, որտեղ ռուսամետ ուժերը կորցրել են իրենց ազդեցությունը:
«Հայաստանի երիտասարդությունը ցանկանում է քաղաքական փոփոխություններ տեսնել, իսկ ԱՄՆ-ն և արևմտամետ ուժերն օգտագործում են այդ գործոնն իրենց նպատակին հասնելու համար»,- եզրափակում է Daily Sabah-ը: