Ակնհայտ է, որ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ստեղծված իրավիճակը հնարավոր եղավ կանխել առանց մեծ արյունահեղությունների, շնորհից Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի, ով հուլիսի 21-ից սկսած հանդիսանում էր «Սասնա ծռեր»-Ժիրայր Սէֆիլյան-իշխանություններ բանակցությունների հիմնական կողմը: Սակայն ինչպես նրան ընդունեցին Հայաստանում…
Հուլիսի 21. Վիտալի Բալասանյանը շտապ եկավ Երևան
Հուլիսի 21-ին` Խորենացու փողոցում տեղի ունեցած բախումներից մեկ օր անց պարզ դարձավ, որ Արցախից շտապ Երևան է եկել Վիտալի Բալասանյանը` բանակցելու «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ: ArmLur.am-ն այդ մասին տեղեկացավ, երբ մեր թղթակիցը զրուցում էր խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նկատեց, որ իշխանությունները չեն կարողանում ոչինչ անել և իրենց մոտ ուղարկում են հարգված մարդու, ով իրենց համար արժեք է ներկայացնում:
Այդ հանդիպումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ Վիտալի Բալասանյանը ՊՊԾ գնդի տարածքից դուրս գալուց հետո ուղևորվել է ՀՀ նախագահի նստավայր` հանդիպելու Սերժ Սարգսյանին և նրան բանակցություններին ընթացքի մասին տեղյակ պահելու համար:
Հուլիսի 22. Վիտալի Բալասանյանը` դարձյալ ՊՊԾ գնդում
Արցախի հերոսն իր մի քանի զինակից ընկերների հետ հուլիսի 22-ին կրկին ՊՊԾ գնդում է եղել: ArmLur.am-ի աղբյուրները հայտնել էին, որ Բալասանյանը կրկին բանակցություններ է վարել գունդը գրաված զինյալների հետ, որպեսզի փալուկուղային իրավիճակից ելքեր գտնվեն։ Նույն օրը երեկոյան Բալասանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» ծրագրի եթերում ներկայացրել էր մանրամասներ իր` գնդի տարածք այցելությունից և բանակցությունների ընթացքին: Անդրադառնալով բանացկություններին, Վիտալի Բալասանյանը նշել էր, որ գտնում է, թե իշխանությունների առաջարկները կոմպետենտ են, սակայն խմբի տղաները դեռևս դրանք քննարկում են և այլ բաներ են առաջարկում: «Իրենք առաջարկում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, միջանկյալ կառավարության ձևավորում, սակայն ամենակարևորը հարցը դրել են Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցի քննարկումը, որն այս պահի դրությամբ ներկայացված է իշխանություններին և գտնվում է օրակարգային ամենակարևոր հարցերում: Նույնը նրանք ներկայացրել են քաղբանտարկյալների մասին, ճիշտն ասած ես այդ «քաղբանտարկյալ» բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև քաղբանտարկյալ Հայաստանում ընդհանրապես չկա»,- ասել էր նա:
Հուլիսի 23. Լրագրողները մուտք գործեցին ՊՊԾ գունդ
Հուլիսի 23-ին, Բալասանյանի բանակցությունների շնորհի ազատվեցին պատանդ չորս ոստիկանները, որոնց թվում էին նաև ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, իսկ լրագրողներն էլ հնարավորություն ունեցան մուտք գործել գնդի տարածք: Ներսում Վիտալի Բալասանյանը պատասխանեց լրագրողների հարցերին, նշեց, որ Ժիրայր Սէֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից. և հենց դրանից էլ սկսվեցին հետագա զարգացումները: «Սէֆիլյանը շատ դրական է արձագանքել, պատրաստ է, ճիշտն ասած, բայց Սէֆիլյանը մի քանի հարցեր է առաջ քաշել, և այդ հարցերին պատկան մարմինները կպատասխանեն: … Կարող եմ պաշտոնական ասել, որ քիչ առաջ էլ` կես ժամ առաջ, Ժիրայր Սէֆիլյանն ասաց` ես հրաժարվում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականից», -նշել էր նա:
Լրագրողների` ՊՊԾ գնդի տարածքում գտնվելու ընթացքում Բալասանյանը զայրացավ և վերջում բոլորին դուրս հանեց տարածքից: Ժամեր չանցած խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ իրենք հրաժարվում են Բալասանյանի միջնորդական առաքելությունից, նշելով, որ Վիտալի Բալասանյանն իրեն ոստիկանի պես է պահել. ասել է, թե իշխանությունների շահերից բխող հայտարարություններ է արել, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն:
Հուլիսի 24. Քննադատություններ Բալասանյանի հասցեին և «նոր» միջնորդ
Այս իրադարձությունների հաջորդ օրն իսկ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները, մասնավորապես Ալեք Ենիգոմշյանը սկսեցին անխնա քննադատել Բալասանյանին և նրան ստախոս անվանել` պնդելով, որ Ժիրայր Սէֆիլյանը չի հրաժարվել Սարգսյանի հրաժարականի պահանջից: Սկսեցին տեղեկություններ տարածվել, որ Բալասանյանի փոխարեն նոր միջնորդ է լինելու Սիսիանի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ինչը, սակայն ոչ մի կերպ չէր հաստատվում և պարզ էր, որ բանակցութունները կրկին Բալասանյանն է շարունակում:
Հաջորդող օրերին Բալասանյանին վարկաբեկելու փորձերն ու նոր միջնորդի մասին խոսակցությունները շարունակվեցին:
Հուլիսի 29. Պրոցեսը կրկին Բալասանյանի ձեռքում է
Այդ օրը գրել էինք, որ արդեն երկու օր է՝ վերսկսվել են ակտիվ բանակցությունները իշխանության և զինյալների միջեւ: Դարձյալ պրոցեսը գտնվում է գեներալ Բալասանյանի ձեռքին: Փորձ է արվում համոզել «Սասնա ծռեր»-ին` հանձնվել իշխանություններին, որպեսզի բախումներ չլինեն եւ քաղաքակիրթ բանակցություններ սկսվեն՝ առանց զենքի: Մեր այս լուրից հետո սոցիալական ցանցերում սկսեցին հերքել մեր հրապարակած տեղեկությունները` նշելով, թե ոչ մի բանակցություն էլ չի ընթանում:
Հուլիսի 31. ՊՊԾ գնդից վերջինը դուրս եկավ Վիտալի Բալասանյանը
Վիտալի Բալասանյանի` 10 օր անընդմեջ բանակցությունների կենտրոնում լինելու հանգամանքը հաստատվեց հուլիսի 31-ին, երբ «Սասնա ծտեր» խմբավորման անդամները վայր դրեցին զենքերը և հանձնվեցին իշխանություններին: Այդ օրը խմբավորման անդամներից հետո, ամենավերջինը տարածքից դուրս եկավ հենց Բալասանյանը:
Այս հանգամանքը դարձավ ապացույց, որ այս ամբողջ ընթացքում նա ակտիվ բանակցությունների մեջ է եղել իշխանությունների և խմբավորման անդամների միջև և նպաստել, որպեսզի հարցը լուծվի առանց արյունահեղության:
Նաիրա Հովհաննիսյան