ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարկային մասնագետ Իջեւանի համար, հեռախոսային տեխնիկ Կապանում, տարածքային առեւտրային համակարգող, մեխանիկ եւ այլն: Աշխատանք փնտրող հաշմանդամների համար սրանք հնարավորություններ են` թափուր աշխատատեղեր, որոնք մեր երկրում քիչ են, բայց շատ փնտրված: “Իրացրե՛ք աշխատանքի ձեր իրավունքը”՝ կոչ են անում հասարակական կազմակերպությունները հաշմանդամություն ունեցողներին, օրինակ, ինտերնետի միջոցով աշխատանք գտնելու հնարավորություն ստեղծելով: Իսկ ի՞նչ է անում պետությունը, երբ Հայաստանում ներկայումս գրանցված է հաշմանդամություն ունեցող ավելի քան 186 հազար անձ, որոնց շուրջ 92%-ն այսօր չի աշխատում (ըստ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության):
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը հավաստիացնում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները պետության ուշադրության ներքո են.”ԱԺ-ն օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց “Զբաղվածության մասին” օրենքում փոփոխությունները, որոնք նախատեսում են քվոտավորման քաղաքականություն` հաշմանդամություն ունցող անձանց զբաղվածության համատեքստում: Պասիվ քաղաքականությունից քայլ ենք անում դեպի ակտիվ քաղաքականություն: Բոլոր գործատուները պետք է միանշանակ ընդունեն, որ հաշմանդամություն ունեցող անձինք  կարող են շատ լավ աշխատել, եւ ըստ այդմ՝ 2015թ.-ից քվոտաները կներդրվեն պետական կազմակերպություններում, իսկ 2016թ.-ից՝ նաեւ մասնավոր հատվածումե: Փոխնախարարը հիշեցրեց, որ ներկայումս սայլակից օգտվող 30 անձ աշխատում է ԱԻՆ-ում, եւ ասաց, որ այս փորձն օրինակելի պետք է լինի բոլոր գերատեսչությունների ու գործատուների համար:
Մինչ նախարարությունը պասիվ քաղաքականությունից ակտիվի անցման ճանապարհին է, հաշմանդամություն ունեցողների մեծամասնությունը ստիպված է պայքարել ոչ միայն առօրյա` ոչ մատչելի միջավայրի հետ կապված դժվարությունների, այլեւ հասարակության շրջանում առկա կարծրատիպերի դեմ: Գաղտնիք չէ, որ մեզանում գործատուները գերադասում են աշխատանքի ընդունել երիտասարդ, գեղեցիկ աղջիկների ու տղաների: Այս երեւույթը հավելյալ հոգեբանական ճնշում է սահմանափակ հնարավորությունների տեր անձանց համար:
“Ինքնուրույն քայլել չեմ կարող, բայց բարձրագույն կրթություն ունեմ: Աշխատանք չունեմ, ոչ էլ հույս ունեմ, որ մի գործ կունենամ: Առողջական խնդիրներ չունեցողներն են այս երկրում համարյա սոված ապրում, հաշմանդամություն ունեցողներն էլ ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց Հակոբ Համբարձումյանը, որը շուրջ 10 տարի առաջ դժբախտ պատահարի արդյունքում զրկվել է ոտքերից եւ հայտնվել անվասայլակին: “Շատ գործեր կան, որոնք պարտադիր քայլել կամ վազել չեն ենթադրում, սակայն մեզ համար անհասանելի են. այս հասարակությունը դեռ պատրաստ չէ ընդունել, որ թեեւ առանց քայլելու հնարավորության, բայց համապատասխան ոլորտներում հաշմանդամություն ունեցող մարդը լիարժեք կարող է լինել”,-նշեց մեր զրուցակիցը` ընդգծելով, որ մի քանի անգամ աշխատանք գտնելու փորձեր արել է, բայց մերժումներ ստանալով՝ հիասթափվել է:
“Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում” ԱՄՆ ՄԶԳ-ի՝ վերջերս իրականացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ դիտարկված 9 ընկերություններից՝ 1396 աշխատողներով, հաշմանդամություն ունեցող անձինք կան միայն 3-ում` ընդամենը 43 հոգի` 8 կին եւ 35 տղամարդ (ընկերությունների անվանումները միտումնավոր չեն նշվում): Ըստ հետազոտության` հաշմանդամություն ունեցող անձինք  ամենից քիչ կամ ընդհանրապես չկան սպասարկման եւ արտադրական ոլորտներում: “Չենք գիտակցում, թե հաշմանդամություն ունեցողների հանդեպ խտրականություն դնելով՝ ինչ փայլուն մասնագետներից ու նույնիսկ տաղանդներից ենք զրկվում: Օրինակ՝ Ռեյ Չարլզը կույր է եղել, ու նման շատ օրինակներ կան: Պետք չէ մոռանալ, որ սահմանափակ հնարավորություն ունեցող անձի ներաշխարհը խիստ տարբեր է մեր աշխարհից, թերզարգացած ինչ-որ զգայարանի փոխարեն իրենց մոտ գերզարգացած է լինում մեկ ուրիշ զգայարան, մինչդեռ առողջ մարդու հետ չի կարող նման բան լինել”,-նկատեց հոգեբան Անահիտ Հակոբյանը:
“Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության աշխատանքի խորհրդատվության եւ տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանի` “Ժողովուրդ”-ին փոխանցած տվյալների համաձայն` 2012-ին, որպես աշխատանք փնտրող, հաշվառված է եղել հաշմանդամություն ունեցող 1455 անձ, որոնցից աշխատանքի է տեղավորվել 245-ը: Ընթացիկ տարվա 9 ամիսներին 1310 հաշվառվածներից գործ են գտել 210-ը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Ցողիկ Բեժանյանը, հաշմանդամություն ունեցողների` աշխատանք գտնելու գործում դրական տեղաշարժեր թեեւ կան, այդուհանդերձ, խնդիրները դեռ շատ են. “Բարդույթները սկսել են կոտրել ու ինտեգրվել հասարակություն` աշխատանք որոնել, սակայն մեր երկրի սոցիալ-տնտեսական պայմաններն անդրադառնում են նաեւ իրենց վրա”:
Կառավարությունը տարբեր հետազոտություններ ու սոցիալական ծրագրեր է իրականացնում, բայց արդյունքում հաշմանդամություն ունեցողների շրջանում 92-տոկոսանոց գործազրկություն է. գուցե կառավարության գործելաո՞ճն է, որ ունի հաշմանդամության խնդիր:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 652 համար




Լրահոս