Ոստիկանության հայտարարությունը` Շանթ Հարությունյանին ծեծի ենթարկելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությունը ապատեղեկատվություն, սադրանք ու շանտաժ է որակել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որտեղ նա նշում է, որ Շանթ Հարությունյանն իրեն տեղեկացրել է, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը:
Ոստիկանության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
“Հայկական ժամանակ” օրաթերթը նոյեմբերի 7-ի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց  է հրապարակել, որտեղ ԱԺ պատգամավորը հայտարարում է, թե Շանթ Հարությունյանը ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնության է ենթարկվել ոստիկանության պետի եւ առաջին տեղակալի կողմից: Մերկապարանոց հայտարարություն՝ սադրանքի ու շանտաժի ավանդական “ձեռագրով”, որը քաջածանոթ է մեր հասարակությանը:
Նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնի բաժնում եղել են շուրջ չորս տասնյակ բերման ենթարկվածներ, որոնց կեսը ազատ է արձակվել: Նրանցից հայտարարություն անողներ են եղել ու միաբերան պնդել են, որ իրենց նկատմամբ որեւէ ճնշում չի գործադրվել:
Նույն ժամանակահատվածում բաժնում ու հարակից տարածքում եղել են հարյուրավոր մարդիկ՝ ոստիկաններ, բերման ենթարկվածների ընկեր-բարեկամները, ԱԺ պատգամավորներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, եւ ինչպե՞ս է, որ ոչ մեկը չի տեսել, չի լսել, չի արձագանքել բռնություններին: Կամ հիշյալ պատգամավորն ինչպե՞ս է պատկերացնում ոստիկանության պետի նման արարքն ընդհանրապես…
Ավելին. միջադեպի հաջորդ օրը բերման ենթարկվածներին են այցելել ՁՊՎ-ների հասարակական դիտորդների խումբն ու Մարդու իրավունքների պաշտպանի խումբը: ՄԻՊ-ի դիտորդական խումբը որեւէ հայտարարություն չի արել բռնությունների մասին, իսկ ՁՊՎ-ների հասարակական դիտորդների խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը ,Հրապարակե թերթին տված հարցազրույցում հայտարարել է հետեւյալը. ,Ձերբակալված բոլոր 20  հոգու հետ հանդիպել ենք, զրուցել ենք: Ոչ ոք կոնկրետ գանգատ չուներ ոստիկանության բաժանմունքի կամ ձերբակալման պահելու վայրից: Ճնշում չի եղել, 100 տոկոս կարող եմ ասել: Որպես իրավապաշտպան մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվել, իրենք ասացին, որ ճիշտ է՝ բերման են ենթարկվել, սակայն ոչ մի վատ վերաբերմունք, մարմնական վնասվածք չեն ստացելե: Սուրեն Իսկանդարյանը հավելել է, որ զրուցել է նաեւ Շանթ Հարությունյանի հետ, ու նա էլ ոչ մի խնդիր չունի:
Ստացվում է, որ ո՛չ իրավապաշտպանները, ո՛չ լրագրողները, ո՛չ էլ ձերբակալվածները, ոչ ո՛ք՝ խնդիր չունի, բացի Նիկոլ Փաշինյանից, որն այցելում է ՁՊՎ, ու մի ժամ տեւած զրույցի ընթացքում Շանթ Հարությունյանը միայն նրան է “խոստովանում” բռնության “փաստը”:
Գոնե վերջին երկու տարում ոստիկանությունը ապացուցել է, որ ոչ թե կազմակերպում, այլ բացահայտում է սադրանքները, եւ հասարակությունն էլ հրաշալի ճանաչում է թե՛ սադրիչներին, թե՛ իր ոստիկանությանը:
Ամեն դեպքում, վայել չէ նման էժան եւ ի սկզբանե ձախողված միջոցների դիմելը:
Ոստիկանությունը համոզված է, որ իսկապե՛ս կպարզվի այս սադրանքի իսկությունը”:




Լրահոս