Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո Սերժ Սարգսյանը հանդես եկավ ելույթով, որը հասարակության կողմից մեղմ ասած այնքան էլ լավ արձագանքների չարժանացավ: Հայտարարության և դրա ենթատեքստերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ.
–Պարո՛ն Մեհրաբյան, Սերժ Սարգսյանն իր նախորդ ելույթում նշել էր, որ պետք է կատարվածից դասեր քաղել, արդյունքը երկար սպասեցնել չտվեց. մեկ շաբաթ անց ավելի մեծ բռնություն գործադրվեց թե՛ քաղաքացիների, թե՛ լրագրողների նկատմամբ, այսինքն սա՞ էր նրանց քաղած դասը.
-Ես տպավորություն ունեմ, որ Հայաստանի իշխանությունը չի ընկալում, թե որքան լուրջ է իրավիճակը Հայաստանում, ասեմ ավելին Հայաստանի տոտալ համակարգային ճգնաժամի պայմաններում իշխանությունը դրսևորում է անընկալունակություն, թե որն է պատճառն այդ ճգնաժամի և ինչ անել դրա հետ:
Իշխանությունը խոսում է ինչ-ինչ փոփոխություններից, բայց ըստ ամենայնի ցանկություն չունի որևէ բան փոխելու: Կամ հույս ունի որ ինչ-որ իմիտացիոն փոփոխություններով այնպես անի որ էականորեն ոչ մի փոփոխություն էլ չլինի, ինչպես որ անում էին նախորդ տարիներին:
-Սերժ Սարգսյանն իր ելույթում կոչ արեց մոռանալ կատարվածը և առաջ անցնել, ինչ եք կարծում կմոռացվի՞.
-Սերժ Սարգսյանն ինքն է կոչ անում մոռանալ կատարվածը, բայց այդ մոռացության համար, ինչպես ինքն իր խոսքում ասաց, պետք է ամեն մեկն իր արածի համար պատասխան տա: Միանգամայն համաձայն եմ այս թեզի հետ, այդ մոռացությունը կարող է հնարավոր լինել այն դեպքում, երբ այդ ամենը ինչ տեղի ունեցավ բոլորը հավասարապես պատասխան տան օրենքի առաջ:
Հայաստանում իշխանությունը, այն դասերը որոնց մասին խոսում է Սերժ Սարգսյանը, ոչ միայն չի քաղել, այլ նաև չի էլ ուզում քաղել:
–Ինչ կասեք նաև այն ելույթ մասի հետ, որտեղ նշվում էր, որ իրավիճակից ավելի ուժեղացած դուրս եկանք.
-Ես համամիտ չեմ այդ գնահատականի հետ, պետությունը թույլ լինելով հանդերձ այս ամենից դուրս եկավ էլ ավելի թուլացած, ավելին ասեմ՝ դրա ընկալումը նույնպես չկա իշխանության մոտ: Եվ մենք այսօր ունենք խնդիր ոչ միայն իշխանության, այլ նաև քաղաքական դաշտի հետ, որը ցուցաբերեց իր բացարձակ անընդունակությունը ինչ-որ ձևով իրավիճակին արձագանքելու համար:
Մենք ինչպես մեկ տարի առաջ գործ ունենք մի իրողության հետ, երբ քաղաքացիական հասարակությունը, որը դեռ շատ տեղ ունի կայանալու դեմ առ դեմ և միայնակ է կանգնում մի շարք խնդիրների հետ:
-Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ Հասյաստանի քաղաքացիները պաշտպանված չեն ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմության կողմից:
-Այո՛, այսօր ՀՀ քաղաքացիները և օրենքը անպաշտպան են:
Լիլիթ Շաբոյան