Դեռեւս հոկտեմբերի 23-ին “Ժողովուրդ”-ը գրել էր, որ հոկտեմբերի 20-ին Երեւան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի: Հիշեցնենք, որ պատահարի հետեւանքով 2 անչափահաս տղա մահացել էին, իսկ մի քանիսը՝ վիրավորվել:
Դերասանը գրեթե 15 օր անցկացրեց “Էրեբունի” բժշկական կենտրոնում, իսկ այդ ընթացքում մահացած տղաների հարազատները պահանջում էին, որ արդար քննություն իրականացվի, եւ օրենքի ողջ խստությամբ պատժեն ավտովթարի մեղավորին՝ անկախ նրանից, թե նա ով է:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ` 4-ից 10-ը տարի ժամկետով): Երեկ նախաքննական մարմինը որոշում էր ընդունել ձերբակալել Վարդան Պետրոսյանին:
Երբ ոստիկանների այս մտադրության մասին հրապարակվեց, անմիջապես հայտնի դարձավ, որ դերասանի վիճակը կտրուկ վատացել է, եւ նրան տեղափոխել են “Էրեբունի” ԲԿ: Վարդան Պետրոսյանի քույր Աշխենը panorama .am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ նոյեմբերի 5-ին նրան հարցաքննել են որպես վկա, իսկ երեկ բանավոր տեղյակ են պահել, որ կա ձերբակալելու որոշում:
Ինչեւէ, ժամը 15:30-ի սահմաններում դերասանին “Էրեբունի” ԲԿ-ից տեղափոխել են “Սթրես” հոգեկան առողջության վերականգնողական կենտրոն եւ հետազոտել: Արդյունքում՝ դերասանը կշարունակի իր բուժումը “Սթրես” կենտրոնում, իսկ թե դա որքան ժամանակ կպահանջի, դեռեւս հայտնի չէ:
Հատկապես երեկվա “հետհեղափոխական” իրավիճակում Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշումը, ըստ էության, դարձավ ամենալավ առիթը, որպեսզի մարդիկ Շանթ Հարությունյանին հանգիստ թողնեն, հեղափոխական շոուն մոռանան ու “զբաղվեն” դերասանով:
Քնար Մանուկյան