ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն անցկացված հավաքի արդյունքները:
Երկօրյա աշխատանքների ընթացքում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների միջև ճշտվել են մարտական պատրաստականության բերման հիմնական միջոցառումների, աջակցող ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ փոխգործակցության կազմակերպման պլանները, մարտական պատրաստության փաստաթղթերը, զորքերի ծավալման և մարտական կիրառման, մարտական պատրաստականության և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ խնդիրներն ու առաջարկությունները:
Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ կայացել են մարզումներ, որոնք ղեկավարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Մարզումների ընթացքում վերստուգվել են մարտական խնդիրներն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև, հաշվի առնելով ապրիլյան մարտական գործողությունների փորձը, առաջադրվել են գործնական խնդիրներ զորամիավորումների և կենտրոնական ենթակայության ուժերի մարտական կարողությունները ստուգելու համար: ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների հրամանատարների ներգրավմամբ մանրակերտերի վրա անցկացվել են կիրառման պլանների ճշտման և փոխգործակցության կազմակերպման մարզումներ, խաղարկվել են ենթակա ուժերի ու միջոցների կիրառման առանձին դրվագներ: