Վահրամ Շահինյանն ընդունել է «Human Rights Watch» միջազգային կազմակերպության պատվիրակներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր՝ 2016թ. օգոստոսի 3-ին, հանդիպում է ունեցել «Հյումն Ռայթս Ուոտչ» (Human Rights Watch) միջազգային կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ղեկավար Ջեյն Բյուքենենի և նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիայի հետ:

«Հյումն Ռայթս Ուոտչ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչների խնդրանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը ներկայացրեց իրավապահ այլ մարմինների համակարգում ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները:
Զրույցի ընթացքում միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին մի շարք հարցեր ուղղեցին՝ վերջին օրերին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում, ինչպես նաև այլ վայրերում տեղի ունեցած բռնությունների, լրագրողների ու փաստաբանների օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ:

Վ. Շահինյանը նշեց, որ հարուցված և քննվող քրեական գործերով կատարվում են լայնածավալ քննչական գործողություններ՝ պարզելու անձանց հաղորդումների և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու, լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և ոստիկանության բաժիններ բերվածներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ներկայացած փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի բոլոր հանգամանքները:
Վ. Շահինյանը հավաստիացրել է, որ հարուցված քրեական գործերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը իրականացնում է անաչառ, լրիվ և բազմակողմանի քննություն՝ մեղավոր անձանց պարզելու և քրեական պատասխանատվության հարցը լուծելու նպատակով:

Հանդիպման ընթացքում «Հյումն Ռայթս Ուոտչ» միջազգային կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ղեկավար Ջեյն Բյուքենենը և նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիան խիստ կարևորելով նման ձևաչափով հանդիպումը՝ ընդգծեցին հետագայում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում ակտիվ համագործակցության ցանկության մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն




Լրահոս