Արդեն տասնմեկ օր է՝ Հայաստանի բնակչությունն ապրում է գերլարվածության պայմաններում, եւ ողջ հանրության ուշադրությունը կենտրոնացած է «Սասնա ծռերի» կողմից գրավված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ծավալվող իրադարձությունների վրա: Հանրության մի ստվար զանգված ամենավերջին լուտանքներով է հիշատակում Սերժ Սարգսյանին եւ նրա քաղաքական թիմին՝ վիրավորանքներով վանկարկելով՝ հեռացիր, եւ, ահա, ՀՀԿ-ականները որոշել են ավելի բորբոքել մարդկանց՝ առանց այդ էլ լարված նյարդերը: Երեկ նժդեհական այդ կուսակցության պաշտոնական կայքէջից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի Դավթաշեն, Նուբարաշեն, Արաբկիր վարչական շրջաններում Տարոն Մարգարյանը, ՀՀԿ փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը եւ նշված վարչական շրջանների ղեկավարները (բացառությամբ ՀՅԴ-ական Արաբկիրի), հավաքվել էին գեղեցիկ կահավորված սենյակներում եւ «թիթեռ էին նկարում»: Այո, նրանք զբաղված էին կուսակցության հզորացման կարեւորագույն աշխատանքով: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ական անդամատոմսեր էր բաժանում մի քանի քաղաքացիների:
Իհարկե, Տարոն Մարգարյանը բազմիցս է ապացուցել, որ իրեն չի սպառնում երկրում կամ մայրաքաղաքում ստեղծված իրավիճակները համարժեք ընկալելու «դժբախտությունը», բայց որ իշխող ՀՀԿ-ում այդպիսիք շատ են, մի փոքր անհավատալի էր թվում: Փաստն այն է, որ Տարոն Մարգարյանը եւ մյուս ՀՀԿ-ականներն իրենց այդ քայլով երեկ ուղերձ հղեցին առ այն, որ Հայաստանում դեռ գտնվում են մարդիկ, այդ թվում երիտասարդներ, որոնք պատրաստ են Սերժ Սարգսյանի հետ կիսել նրա հասցեին հնչող լուտանքները: Ինչպես ասում են՝ ճաշակի հարց է:
Հուլիսի լույս 27-ի գիշերը Խորենացի փողոցում սկսված քաղաքացիների բերման ենթարկելու գործընթացը երեկ ողջ օրը շարունակվեց: Մինչեւ ուշ երեկոյան բոլոր այն անձինք, ովքեր նշված տարածքի բնակիչներ չէին, բավական էր հայտնվեին Խորենացի փողոցում, անմիջապես ոստիկանները մոտենում էին եւ բերման ենթարկում՝ հաշվի չառնելով անձի տարիքը եւ սեռը: Արդյունքում, Խորենացի փողոցում երեկոյան նշանակված հանրահավաքը չկայացավ. առաջնորդներն էլ վախից անհետացել էին: Հետագայում հայտարարվեց, որ հավաքը տեղափոխվում է Ազատության հրապարակ, որտեղից երթով կրկին հասան Խորենացի: Սակայն այստեղ էլ մասնակիցների թիվը շատ քիչ էր, ինչը նշանակում է, որ երեկ ՀՀ իշխանություններին հաջողվեց բիրտ ուժի միջոցով եւ սահմանադրական իրավունքները տոտալ ոտնահարելով բողոքի զանգվածային ցույցերը սաստել: Իսկ ՊՊԾ գնդում տիրող իրավիճակի մասին հրապարակային տեղեկություն չկար: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ մինչ ուշ գիշեր դեռ շարունակում էին բանակցությունների միջոցով համոզել, որպեսզի զինյալները հանձնվեն ԱԱԾ-ին:
Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտները թերակատարվել են 19 միլիարդ 567 միլիոն դրամով, կամ նույնն է, թե 3,5 տոկոսով: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական փաստաթղթերից: Նկատենք, որ մյուս կողմից էլ պետական բյուջեի ծախսային մասը թերակատարվել է 28 միլիարդ 44 միլիոն դրամի չափով: Սակայն ամենաաբսուրդն այն է, որ ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ ծախսերի թերկատարումով հանդերձ ապահովվել են պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունները: Այլ կերպ ասած՝ ֆինանսների նախարարությունն անուղղակի խոստովանում է, որ ծախսերի մի մասը սահմանված կարգով նախատեսված չի եղել եւ գործնականում ենթադրել է գումարների անիմաստ վատնում: Ստացվում է, որ հարկատուները պետք է գոհ լինեն պետական բյուջեի եկամուտների թերակատարումից, քանի որ այդ երեւույթը նպաստել է, որ բյուջետային միջոցները անիմաստ չծախսվեն:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մուշեղ Պետոյանի ծնողների տունը եւս տուժել էր Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով. վնասվել էր նրանց գույքը: Պատգամավորի ընտանիքը պահանջել էր պետբյուջեից փոխհատուցել իրենց կրած մի քանի հարյուր հազար դրամի վնասները, ինչպես մնացած` անապահով ընտանիքների դեպքում: Ու սա այն դեպքում, երբ Պետոյանը պատգամավոր դառնալիս 2012-ին հայտարարագրել է անշարժ գույք՝ իր հողամասով, երկու ավտոմեքենա` «TOYOTA LAND CRUISER» եւ «BMW X5» մակնիշների, երկու ընկերության բաժնեմաս, 60 հազ. դոլար եւ 40 մլն դրամ դրամական միջոց: 2015-ին դրամական միջոցները եղել են 140 մլն դրամ եւ 106 հազ. դոլար: Ամսական 520 հազար դրամ աշխատավարձից բացի՝ 2015-ին հայտարարագրել է 28 մլն դրամի եկամուտ: Բայց, չնայած այս ունեցվածքին, Պետոյանի ծնողները եւս Արթիկի քաղաքապետարանի սուղ միջոցներից օգնություն են ստացել, ինչը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում հաստատեց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:
ԻՆՉ ՓՈԽՎԵՑ
Այսպիսով՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման 11-րդ օրը «Սասնա ծռեր» խմբի անդամները զրկվեցին Խորենացի փողոցում իրենց անվտանգությունը երաշխավորող հանրային վահանից. հարթակը տնօրինող գործիչների ոչ հեռատես եւ վատ հաշվարկված քայլերի արդյունքում ՀՀ ոստիկանությունը կարողացավ հասնել նրան, որ Խորենացի փողոցից հավաքը տեղափոխվեց Ազատության հրապարակ: Սակայն, ցավոք, քաղաքական գործողությունների ավանդական թատերաբեմ տեղափոխությունն ամենեւին չի նշանակում վերադարձ նաեւ քաղաքական մտքի, հստակ ձեւակերպված ասելիքի եւ քայլերի հաջորդականության:
Մինչդեռ ընդամենը 2-3 ամիս առաջ նույն Ազատության հրապարակից Ժիրայր Սէֆիլյանը քաղաքական պայքարի կոչ էր անում, եւ հրապարակը դատարկ էր… Նա եւ «Հիմնադիր խորհրդարանի» մնացած անդամներն արդեն շուրջ 2 տարի է՝ փորձում էին քաղաքական պայքար տանել այս իշխանությունների դեմ: Հիշենք նրանց շուրջօրյա նստացույցերը Ազատության հրապարակում, որոնք մեծավ մասամբ խիստ սակավամարդ էին, հիշենք ամիսներ շարունակ նախապատրաստվող դեկտեմբերի 1-ի «քաղաքացիական անհնազանդության օրը», որը եւս բազմամարդ չեղավ, իսկ արդեն դրանից հետո Սէֆիլյանի բացօթյա ասուլիսներին անգամ լրագրողներից քչերն էին գնում: Սա փաստ է: Սակայն նաեւ փաստ է այն, որ երեկ անգամ բերման ենթարկվելու վտանգի առաջ չերկնչելով՝ հարյուրավոր մարդիկ գնում էին Խորենացի փողոց, ապա հազարները հավաքվեցին Ազատության հրապարակում: Այդ բոլոր մարդիկ, փաստորեն, պայքարում են ոչ միայն «Սասնա ծռերի», այլեւ նրանց առաջնորդի՝ Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակման եւ քաղաքական ծրագրերի իրագործման համար: Եվ այստեղ հարց է ծագում. եթե Սէֆիլյանի գաղափարներն ու քաղաքական ծրագրերը հոգեհարազատ էին մեր ժողովրդին, ինչու այդ բոլոր մարդիկ, ովքեր երեկ եւ նախորդ 11 օրերին Խորենացի փողոցում էին, չէին գալիս Ազատության հրապարակ՝ կանգնելու Ժիրայրի կողքին:
Իսկ եթե, այնուամենայնիվ, Սէֆիլյանի եւ նրա համախոհների գաղափարներն ընդունելի չէին այդ մարդկանց համար, այդ դեպքում ինչը նրանց տարավ Խորենացի փողոց: Արյունահեղության վտա՞նգը: Եթե այո, արդյոք դրանով այդ վտանգը չբազմապատկվեց, առավել եւս՝ հիմա, երբ ժողովրդի կենդանի վահանը, փաստորեն, Խորենացուց հանվեց եւ տեղափոխվեց Ազատության հրապարակ: Սրանք հարցեր են, որոնց մասին այս օրերին քչերն են համարձակվում խոսել: Մինչդեռ այս հարցերի պատասխանը շատ կարեւոր է: Ժողովուրդը պետք է նախ ազնիվ լինի ինքն իր հետ, հասկանա՝ արդյոք Սերժ Սարգսյանի եւ նրա վարչակազմի նկատմամբ ատելությունը բավարար է գնալու մի մարդու հետեւից, որի ասածներն ընդամենը 3 ամիս առաջ իր համար ուղենիշ չէին: Առանց այդ հարցում վստահ լինելու՝ ինչ քայլի էլ որ մարդիկ գնան, որոշ ժամանակ անց հուսախաբությունն անխուսափելի է լինելու:
Իսկ առայժմ միակ բանը, հանուն որի պետք է պայքարենք յուրաքանչյուրս, արյունահեղություն թույլ չտալն է: