ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԸ ՔՉՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտները թերակատարվել են 19 միլիարդ 567 միլիոն դրամով, կամ նույնն է, թե 3,5 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից: Այսպես՝ ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսվել է, որ եկամուտները պետք է կազմեն 559 միլիարդ 67 միլիոն դրամ, սակայն հավաքվել է ընդամենը 539 միլիարդ 500 միլիոն դրամ: Ըստ ֆիննախի՝ պետական բյուջեի` հարկեր եւ տուրքերից ստացվելիք եկամուտներն առաջին կիսամյակում պետք է կազմեին 532 միլիարդ 295 միլիոն դրամ:

Ի դեպ, այս ցուցանիշը պետական բյուջեի, այսպես կոչված, ճշտված պլանով է: Խորհրդարանի կողմից անցած տարի հաստատված 2016 թվականի պետական բյուջեի պլանով հարկեր եւ տուրքերը պետք է կազմեին 519 միլիարդ դրամ: Այսինքն՝ նախկինում արված մեր այն դիտարկումը, թե հարկեր եւ տուրքերի մասով պետական բյուջեն 8 միլիարդ դրամով է թերակատարվել, իրավիճակի ավելի մեղմ գնահատական էր, քան այն իրականում է: Պետական բյուջեի հարկեր եւ տուրքերն այս տարվա առաջին կիսամյակում թերակատարվել է 19 միլիարդ 694 միլիոն դրամով, կամ նույնն է, թե 3,7 տոկոսով: Արտաբյուջետային եկամուտները եւս կտրուկ նվազել են: Առաջին կիսամյակի արդյունքով դրանք կազմել են 12 միլիարդ 700 միլիոն դրամ, այնինչ՝ կիսամյակի պլանը եղել է մոտ 16 միլիարդ դրամ: Արտաբյուջետային միջոցներից ծախսվել է 8 միլիարդ 500, որը ընդհանուր պլանավորված ծախսի 63,3 տոկոսն է կազմում:
Հարկ է նշել, որ չնայած ընդհանուր հարկեր եւ տուրքերի մասով պետական բյուջեի մուտքերն անցած տարվա համեմատ 2,2 տոկոսով, կամ նույնն է, թե 11,1 միլիարդ դրամով աճել է, բայց առանձին հարկատեսակների գծով կտրուկ անկում է արձանագրվել: Մասնավորապես, կտրուկ նվազել են ավելացված արժեքի հարկից մուտքագրված եկամուտները: Վեց ամիսների արդյունքներով ԱԱՀ-ի գծով պետական բյուջե է մուտք եղել 177 միլիարդ 400 մլն դրամ, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15 միլիարդ 200 միլիոն դրամով, կամ նույնն է, թե 7,9 տոկոսով: ԱԱՀ-ն տնտեսության վիճակը բնորոշող հիմնական հարկատեսակն է: Այսինքն՝ տնտեսական աճը չի կարող առանց ԱԱՀ մուտքերի աճի լինել: Իսկ երբ ԱԱՀ-ից ստացվող եկամուտները նվազում են, նման պայմաններում տնտեսական աճի մասին խոսելը ծաղրի է նման: Հաջորդ հարկատեսակը, որի մասով անկում է արձանագրվել, մաքսատուրքերն են: Առաջին կիսամյակում մաքսատուրքերը կազմել են 25 միլիարդ 200 միլիոն դրամ, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է 5 միլիարդ 100 միլիոն դրամով: Ի դեպ, հավաքագրված մաքսատուրքերիից 9 միլիարդ 600 միլիոն դրամը ստացվել է Եվրասիական տնտեսական միության ընդհանուր գանձարանից:
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կազմել են շուրջ 581.6 մլրդ դրամ, որը կազմում է ծրագրված ընդհանուր ծախսերի 95.4 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 6 տոկոսով, կամ նույնն է, թե 32.8 մլրդ դրամով: Սակայն փաստն այն է, որ ծրագրվածից չկատարված են մնացել 28 միլիարդ 44 միլիոն դրամի ծախսեր: Ուշագրավ է, որ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթում թերի կատարված ծախսերի վերաբերյալ այսպիսի ձեւակերպման ենք հանդիպում. «Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը»: Այլ կերպ ասած՝ ստացվում է, որ չիրականացված ծախսերը կամ 28 միլիարդ դրամը, եթե անհրաժեշտ միջոցներ լինեին, ապա ծախսվելու էր պետական մարմինների կողմից չսահմանված կարգով: Այլ կերպ ասած՝ լավ է, որ պետական բյուջեի միջոցները չեն բավարարել ծրագրված ծախսերն իրականացնելու համար, քանի որ ստացվում է, որ այդ դեպքում պետական միջոցների անիմաստ վատնում էր տեղի ունենալու, քանի որ թերի իրագործված ծախսերով արդեն իսկ պետական մարմիններն իրենց պարտավորությունները կատարել են: Միայն Հայաստանի կառավարությունը կարող է ինչ-որ ծախսեր ծրագրել, հետո դրանք չիրականացնել ու հայտարարել, որ իր պարտականություններն ամբողջությամբ կատարել է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՎԱԽԻ ՄԵՋ ՉԵՆ ԲՈՒԺՈՒՄ
Ինչպես հայտնի է՝ երեկ ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողներին` բժիշկներ Նորայր Թեւանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին եւ բուժքույր Մալինա Մարգարյանին, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները արգելել էին տարածքը լքել: Տեղի ունեցածի մասին լուրի տարածվելուց անմիջապես հետո Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը սկսեց դատապարտող հայտարարություններով հանդես գալ` պահանջելով ազատ արձակել բուժաշխատողներին` առանց որեւէ նախապայմանի: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի վերաբերյալ փորձեց պարզել Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի գնահատականը: «Երբ բժիշկը բուժօգնություն է ցուցաբերում, այնտեղ չկա ոչ մի կողմ, այնտեղ կա հիվանդ, վիրավոր, մարդու կյանք եւ մարդու առողջություն, եւ մենք այլընտրանք չունենք, քան աշխատենք: Բայց աշխատանքի համար պետք է լինեն համապատասխան պայմաններ, որոնք բխում են նրանից, թե ինչպիսին է հիվանդի վիճակը, եւ եթե վիճակը պահանջում է ստացիոնար, ապա նա պետք է գտնվի հիվանդանոցում: Եթե հնարավոր է իրականացնել բուժօգնությունը ամբուլատոր, ապա նույնպես անհրաժեշտ են համապատասխան պայմաններ: Եթե բժիշկը գտնվում է տագնապի կամ վախի մեջ, ինքը չի կարող ամբողջությամբ իրականացնել այն, ինչ որ պետք է անի, եւ դա առաջին հերթին վտանգավոր է հիվանդի համար»,- ասաց Նարիմանյանը:

 

 

ՉԵՆ ՈՐՈՇԵԼ, ԲԱՅՑ ԳԻՏԵՆ
Այս տարվա սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին Հայաստանի` ընդհանուր մոտ յոթ հարյուր համայնքներում պետք է տեղի ունենան ՏԻՄ ընտրություններ: «Ժողովուրդ»-ը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից փորձեց պարզել, թե իրենց մարզում նախընտրական վիճակն ինչպիսինն է, եւ ինքը, որպես իշխող ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավար, արդեն որոշե՞լ է, թե ովքեր են իրենց թեկնածուները մարզի խոշոր համայնքներում: «Գեղարքունիքի մարզում Հանրապետական կուսակցության մարզային կառույցում դեռ նման քննարկում տեղի չի ունեցել: Կարծում եմ՝ վաղ է նման քննարկում անել: Մեկ-երկու շաբաթ հետո քննարկում կիրականացնենք, բայց իմ համար տեսանելի է մարզում պատկերը, դրա համար շտապելու ոչինչ չունեմ: Հիմնականում սատարելու ենք համայնքի գործող ղեկավարներին, իհարկե, ՀՀԿ կուսակցության անդամ»,- պատասխանեց Գրիգորյանը:

 

 

ՍՏՈՒԳԵԼ, ԳՏԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումներ է սկսել ՀՀ Գեղարքունիքի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում, ինչի արդյունքում աղաղակող չարաշահումներ են հայտնաբերվել: Մեր տեղեկություններով՝ չարաշահումներն այնքան աղմկոտ են, որ չի բացառվում հանգեցնեն պաշտոնանկությունների, ինչպես եղավ Կոտայքի ու Արագածոտնի մարզերի դեպքերում:

 

 
ԴԱՆԱԿՈ՞Վ ԷՐ ԵԿԵԼ ՀԱՎԱՔԻ
Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի դեմ երեկ քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով` ապօրինի զենք-զինամթերք պահելը: Հիշեցնենք, որ Բարսեղյանը հուլիսի 27-ի գիշերը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Ըստ քննչական կոմիտեի՝ անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է դանակ:

 

 

ՊԱՇՏՈՆԸ ԹԱՔՑՆԵԼՈՎ
ՊՊԾ գնդում տիրող իրավիճակը երկար շարունակվել չի կարող, որովհետեւ նրանց թիվն օր օրի նվազում է, անկախ այն հանգամանքից, թե ինչ պատճառներով է նվազում: Ներսում տարաձայնություններ կան, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ այսպես հանձնվելու են կամ ջլատվելու: Երեկ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արթուր Ղազարյանը: Նա նաեւ ընդգծել է խմբի անդամների կողմից ծրագրի պակասը. «Խմբի անդամները խոսում էին նաեւ ծրագրերի մասին, իրենց դրսի առաջնորդների կողմից: Հետաքրքիր է, որ այդ ծրագիրը հասու չդարձավ իրենց աջակցող ցուցարարներին: Սա նշանակում է, որ վերջիններս չունեն կազմակերպված քայլերի հաջորդականություն: Դա նշանակում է, որ ոչ այնքան կազմակերպված, տարերայնորեն փորձում են ինչ-որ շարժում առաջացնել, իսկ դա դատապարտված է ձախողման»: Նշենք, որ երեկ որպես քաղաքագետ ներկայացած Արթուր Ղազարյանը ներկայումս զբաղեցնում է ԿԳՆ արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետի պաշտոնը եւ ՀՅԴ անդամ է:

 

 

ՀԱԿ ԱՐՁԱԳԱՆՔԸ՝ 11 ՕՐ ԱՆՑ
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման հետ կապված խնդրի վերաբերյալ ՀԱԿ դիրքորոշումը հայտնված է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հուլիս 22-ի հոդվածում: Երեկ այդ մասին «Ազատությանն» ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ «Ես կարող եմ այս պահին միայն վերահաստատել մեր դիրքորոշումը, որ առաջացած ճգնաժամը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով: Բացի դրանից՝ պետք է բացառվեն Հայաստանի օրինապաշտ քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարման եւ անմեղ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնությունները եւ կամայականությունները», – ասել է Զուրաբյանը:

 

 

ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Մտահոգված լինելով ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներով՝ խստորեն դատապարտում ենք հուլիսի 26-ին իշխանությունների ձեռնարկած ուժային գործողությունները, որոնց հետեւանքով ծանր վիրավորում են ստացել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Գեւորգ Իրիցյանը, Պավլիկ Մանուկյանը, նրա որդի Արամ Մանուկյանը եւ իրավապահ մարմինների մեկ աշխատակից: ՔՊ-ն ակնկալում է, որ Ժիրայր Սէֆիլյանի, «Սասնա ծռեր»-ի եւ իշխանությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների բովանդակությունը կբացահայտվի հանրության համար, եւ անընդունելի է համարում պետականության համար լրջագույն վտանգներ պարունակող իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ բանակցությունների բովանդակության չհանրայնացման պրակտիկան»: ՔՊ-ն վստահ է, որ երկրում հաստատված վստահության ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհը Սերժ Սարգսյանի հեռացումն է իշխանությունից՝ ժողովրդի քաղաքական կամարտահայտման միջոցով:




Լրահոս