ԻՆՉՊԵՍ ՎԻՐԱՎՈՐՎԵՑԻՆ «ԾՌԵՐԸ», ԵՎ ՊԱՏԱՆԴ ԴԱՐՁԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 26-ին՝ ժամը 20:00-ին, Էրեբունի վարչական շրջանի Խորենացու փողոցում մեկնարկած հանրահավաքի կազմակերպիչները խոստանում էին մեկ բռունցք դառնալ եւ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ պայքարել անարդարության դեմ, սակայն ավելի ուշ միայնակ թողնելով բոլորին՝ գնացին տուն` այս կերպ «կանաչ լույս» վառելով իրավապահների համար՝ նոր բռնություններ սանձազերծելու:

Ինչո՞ւ կրակեցին
Հիշեցնենք, որ երեկվա հավաքի կազմակերպիչները, երբ գնացին տուն՝ թեյ խմելու, ժամը 2:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պաշտոնապես հայտարարեց. «ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես եւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է, եւ ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար»:
Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել փոխհրաձգությունը: Երբ Պավել Մանուկյանը մոտեցել է բուժանձնակազմին՝ հասկանալու համար, թե ինչի շուրջ են երկար բանակցում, իրավապահները կրակել են Մանուկյանի ոտքերին: Այդ ժամանակ Պավել Մանուկյանի որդին՝ Արամը, շտապել է դեպի հայրը, որին եւս իրավապահները ոտքից վիրավորել են: Արդյունքում երկուսն էլ վիրահատության են ենթարկվել եւ կայուն ծանր վիճակում դեռ գտնվում են հիվանդանոցում: Բայց այդ հանգամանքը չխանգարեց ԱԱԾ-ին՝ հորն ու որդուն կալանքի առնել:

Անհայտ վիրավորները
Իսկ ի՞նչ վիրավորների մասին է խոսքը, որոնց փրկելու համար այդքան մտահոգվել էր ոստիկանությունը: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել «Շտապօգնության» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանից: Նրա տեղեկացմամբ՝ հուլիսի 27-ի առավոտյան՝ ժամը 9:30-ին, կանչ են ստացել, որ գնդի ներսում կա երկու վիրավոր. «10:00-ի շրջակայքում մենք հայտարարեցինք, որ օգնություն կցուցաբերենք չեզոք գոտում, իսկ մինչ այդ 24 ժամ հերթապահում էինք գնդի տարածքում, ինչը դժվար էր: Ինչեւէ, կանչը ստացանք, մեր բժիշկները` մեկը բուժքույրի հետ, մյուսը՝ բուժակի հետ, պատգարակներով, առանց դեղորայքի արկղի, մտան գնդի տարածք: Իսկ ինչու միայն պատգարակով, քանի որ չէին պատրաստվում ներսում մնալ: Ընդամենը վիրավորներին պետք է դուրս հանեին, սակայն թույլ չտվեցին տարածքից հանել: Երբ ես խոսում էին բժշկի հետ, մեկը, չգիտեմ ով, վերցրեց հեռախոսը եւ ասաց, թե ձեր բժիշկները դուրս չեն գալու տարածքից մինչեւ առողջապահության նախարարը չկազմակերպի այս տարածքում այդ հիվանդներին վիրահատելու հնարավորությունը: Ու երբ անձամբ նախարարը կգա, այդ ժամանակ նոր բժիշկները դուրս կգան տարածքից: Մեր աշխատակիցները ներկա պահին այնտեղ ոչ մի աշխատանք չեն կատարում, քանի որ դեղորայք, սարքավորում, այլ միջոցներ չունեն՝ բացի պատգարակից»:

Նախարարին արգելեցին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, իհարկե, փորձեց մտնել ՊՊԾ գնդի տարածք, սակայն իրավապահները արգելեցին: Արդյունքում՝ «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողներ երկու բժիշկ` Նորայր Թեւանյանը, Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանը, բուժքույր Մալինա Մարգարյանը մինչեւ օրվա վերջ մնացին ՊՊԾ գնդում: Միայն բուժակ Դավիթ Տոնոյանին երեկոյան՝ 20-ի սահմաններում, զինյալները ազատ արձակեցին: Ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնեց Թագուհի Ստեփանյանը՝ ինքը դիմել է խմբի անդամներից մեկին, որպեսզի գոնե կին բուժաշխատողին ազատ արձակեն, սակայն նրա խնդրանքը մինչ օրվա վերջ այդպես էլ չբավարարվեց:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ թեեւ բժիշկներին ՊՊԾ-ից ահազանգել են, թե գնդի տարածքում երկու վիրավոր կա, այնուամենայնիվ, երբ բժիշկները գնացել են գնդի տարածք, տեսել են ոտքի շրջանում վիրավորում ստացած մեկ անձի, երկրորդ վիրավորին չեն հանդիպել: Կամ այդպիսին չի եղել, կամ նրան գաղտնի են պահել բժիշկներից:
Տեղեկացնենք, որ երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ բժիշկները պատանդ չեն, այլ նրանց պահում են, մինչեւ հերթափոխ խումբը գա:

Ժամանակը սպառվում է
Այս պատկերին զուգահեռ հայտարարությամբ հանդես եկավ ազգային անվտանգության ծառայությունը՝ խմբի անդամներից վճռականորեն պահանջելով.
1. անհապաղ վերացնել վիրավորներին որակյալ բուժօգնություն տրամադրելու բոլոր խոչընդոտները,
2. անմիջապես ազատ արձակել բոլոր պատանդներին,
3. վայր դնել զենքը եւ հանձվել իշխանություններին: Հնարավորություն դեռ կա, բայց ժամանակը սպառվում է:
ԱԱԾ կոչն էլի անտեսվեց, եւ Խորենցի փողոցը դարձյալ մարդաշատ էր:

Ինչ ունենք այսօր
Իսկ ովքե՞ր են «Սանա ծռեր» խմբի 31 անդամները`
1.Պավլիկ Մանուկյանը,
2.Վարուժան Ավետիսյանը,
3.Արայիկ Խանդոյանը,
4.Արամ Մանուկյանը (Պավլիկ Մանուկյանի որդին է),
5.Տիգրան Մանուկյանը,
6.Գագիկ Եղիազարյանը,
7.Արեգ Կյուրեղյանը,
8.Սերգեյ Կյուրեղյանը,
9.Արամ Հակոբյանը,
10.Արմեն Լամբարյանը,
11.Սմբատ Բարսեղյանը,
12.Էդվարդ Գրիգորյանը,
13.Արմեն Բիլյանը,
14.Մխիթար Ավետիսյանը,
15.Աշոտ Պետրոսյանը,
16.Թորոս Թորոսյանը,
17.Վարդան Գերավետյանը,
18.Գեւորիկ Իրիցյանը,
19.Սեդրակ Նազարյանը,
20.Մարտիրոս Հակոբյանը,
21.Արթուր Սողոմոնյանը,
22.Հովհաննես Հարությունյանը,
23.Հովհաննես Վարդանյանը,
24.Ռուբեն Գրիգորյան,
25.Արայիկ Հակոբյանը,
26.Արթուր Մելքոնյանը,
27.Էդգար Սողոմոնյանը,
28.Գեւորգ Մելքոնյանը,
29.Գառնիկ Հովակիմյանը,
30.Տիգրան Սարգսյանը
31. Թաթուլ Թարազյանը:
Այս ցանկից հուլիսի 17-ի գրոհի օրը վիրավորվեց Թաթուլ Թամրազյանը, որը մինչ օրս «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Հուլիսի 26-ին ոտքի շրջանում վիրավորվեցին Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը:
Հուլիսի 27-ի գիշերը վիրավորվեցին Պավլիկ Մանուկյանը եւ նրա որդին` Արամ Մանուկյանը: Նույն օրը խմբի անդամներ Արայիկ Հակոբյանը, Գագիկ Եղիազարյանը հանձնվեցին իրավապահներին: Ստացվում է, որ այս պահին փաստացի իրավապահների հսկողության տակ է գտնվում 7 անձ, ՊՊԾ գնդի ներսում մնացել են 24 զինյալներ, որոնցից մեկը վիրավոր է դեռ առաջին օրվանից:
Հավելենք, որ մինչեւ կեսգիշեր ՊՊԾ գնդի տարածքից որեւէ պաշտոնական տեղեկություն չկար, թե, ի վերջո, ովքեր են վիրավորված անձինք, արդյո՞ք իրավապահները գրոհել են, թե՞ ոչ, եւ, առհասարակ, ինչ է կատարվում ոստիկանության ՊՊԾ գնդի ներսում: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ միջնորդավորված բանակցությունները դեռ շարունակվում են:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀԵՏԻՆՆԵՐՍ ՄԵԶ ԿԽՓԵՆ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զինված խմբի անդամներին վեջնական պահանջներ էր ներկայացրել: Դրանք են` 1) անհապաղ վերացնել վիրավորներին որակյալ բուժօգնություն տրամադրելու բոլոր խոչընդոտները, 2) անմիջապես ազատ արձակել բոլոր պատանդներին, 3) վայր դնել զենքը եւ հանձվել իշխանություններին:

Հնարավորություն դեռ կա, բայց ժամանակը սպառվում է: Այսօր ԱԱԾ հրապարակեց ձայնագրություններ զինված խմբի գործով:
ArmLur.am-ը ներկայացնում է դրանց համառոտ վերծանումը: Զանգահարում է մի տղամարդ, խոսում Գեւորգ Մելքոնյանի հետ:
-Գեւո՛րգ, հոսանքի տա՞կ ես ընկել, մտել ես ըտեղ:
-Մենակ ես չէ, սաղս: Ոչ թե հոսանքի տակ ենք եկել, այլ խաբված ենք եկել: Մենք չենք իմացել, որ սենց բան պիտի լինի: Նենց չի՝ մենակ ես, սաղ… Ասել են՝ խաղաղ ցույց ա լինելու, գնանք:
-Բա որ խաղաղ ցույց ա լինելու, կրակոցի ժամանակ խի՞ ես մտել:
-Ասեցին՝ շուտ արեք, սենց բան-ման, խառը վիճակ…
Զանգահարում է մի տղամարդ եւ խոսում Արթուր Մելքոնյանի հետ:
-Արա՛, էդ ո՞ւր գնացիր:
-Արա՛, մենք ստեղ չենք էկել, արա՛: Դու չես պատկերացնում՝ ինչ ա էղել: Ոնց որ ասեն՝ էթում ենք, մի տեղ կանգնում ենք: Պայմանավորված՝ մենթերը պիտի բրախեն էդ Սէֆիլյանին, էդ, որ Ղարաբաղի համար կռված տղա ա: Պռոստը մենք պիտի քանակով ստեղ լինենք, ու կարող ա արդեն Երեւան էինք, ասում ա՝ կարողա մի երկու հատ սթից օդ կրակենք, որ մթոմ զոռով խլենք, որ էդ միլիցեքը չդատվեն, ջոկի՞ր: Շոու շինենք: Մերոնք կրակում են, դրանք չեն կրակում:
-Կռիշների՞ն էլ մարդ կար, չէ՞:
-Մե՞ր:
-Հա:
-Հա, բա: Սնայպերներ կան, բան կա: Ընկեր ջան, մենք ո՛չ կրակելու ենք, ո՛չ էլ: Մենք հավայի լռված ենք: Պիստալետ են իրար նվեր տալիս, խաղ են անում ջահելները, որ տենաս, ուշքդ կգնա:
-Եթե հանձնվեք, ձեզ էստեղից կխփեն:
-Մեր հետինները կխփեն մեզ: Բա էլ ի՞նչ անենք, խելոք նստած ենք: Ո՛չ էն ենք անում, ո՛չ էն:




Լրահոս