ԳԼՈԲԱԼ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայում տեղի ունեցող գլոբալ գործընթացները մտել են ակսելերացիայի՝ արագացման փուլ: Գլոբալ տարածությունում տերությունները զբաղված են սեփական ազդեցության բեւեռների ամրապնդմամբ: ՆԱՏՕ-ն նախաձեռնել է «անվտանգության խորացման» տակտիկա Արեւելյան Եվրոպայում՝ ընդլայնելով ռազմական բաղադրիչը, Ռուսաստանը զբաղված է ԵՏՄ ինստիտուցիոնալացմամբ, որը պետք է լավ միջավայր ձեւավորի ինտեգրացիոն գործընթացների համար, պայքար է գնում այս երկու բեւեռների միջեւ՝ ազդեցության ոլորտների բաշխման շուրջ Մերձավոր Արեւելքում եւ այլուր:

Այս համատեքստում ուրույն տեղ ունի Չինաստանը, որը թեեւ չի ստեղծել իր աշխարհաքաղաքական բեւեռը, բայց գտնվում է դրա փնտրտուքի մեջ: Այս գերհզոր ու արագ զարգացող երկիրն ի զորու է էականորեն փոխելու ուժերի բալանսը գլոբալ մակարդակում: Պատահական չէ, որ Ռուսաստանի ու Արեւմուտքի հայացքն այժմ ուղղված է դեպի Չինաստան, որոնք ուշի ուշով հետեւում են, թե ինչպես է առաջ շարժվում այդ հսկան:
Իսկ Չինաստանը զարգանում է շատ արագ ու արդյունավետ: Դեռեւս 2013թ Պեկինը ստեղծեց ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը, որին դեմ էր ԱՄՆ-ը, սակայն այն կայացավ ու ունի 57 անդամ: Հաջորդ տարի հայտարարեց 40 միլիարդ դոլարանոց «Մետաքսի ճանապարհի հիմնադրամի» ստեղծման մասին: Այս ամենով հանդերձ տնտեսական լուրջ կապերի մեջ է մտնում տարբեր երկրների հետ, կատարում միլիարդավոր դոլարների ներդրումներ: «Մեկ բեւեռ մեկ ուղի» լոզունգով Պեկինը նախաձեռնում է եվրասիական տարածությունում ստեղծել մի բեւեռ, որի կենտրոնում լինելու է ինքը: Այդ նախաձեռնության համար չինական կառավարությունը նպատակադրվել է ներգրավել 65 երկիր, եւ արդեն ներդրել է գրեթե 900 միլիարդ դոլար: Նախաձեռնելով կառուցվածքային եւ կոմունիկացիոն թանկարժեք ու գայթակղիչ ծրագրեր՝ Պեկինը ձգտում է իր հետաքրքրությունների ոլորտում գտնվող երկրներին կապել իր հետ, եւ շարունակական փոխշահավետ ֆինանսատնտեսական շփումներով համախմբել իր շուրջը: Այս ամենին հետեւող Արեւմուտքն ու Ռուսաստանը փորձում են իրենց կողմը գրավել այդ հզոր տերությանը, որն էականորեն կթուլացնի հակառակորդին: Սակայն զգուշանում են, չեն փորձում խորը համագործակցության մեջ մտնել: ԱՄՆ-ն Չինաստանին դիտարկում է որպես պոտենցիալ մրցակից, որը լուրջ ազդեցություն ունի խաղաղօվկիանոսյան եւ հարավարեւելաասիական տարածաշրջաններում եւ կարող է ավելի հեռուն գնալ, եթե ԱՄՆ-ը սկսի նրա հետ դաշնակցել: Չինաստանը, որն օբյեկտիվորեն ունի սեփական ուժեղ ամբիցիաները, ԱՄՆ-ին ընկալում է իբրեւ խոչընդոտ իր քաղաքական շահերի իրացման ճանապարհին եւ հասկանում է, որ դաշնակցությունը նրա հետ կարող է զրկել ինքնուրույնությունից: Բացի այդ՝ նրանց պատկերացումները գլոբալ հարցերի կապակցությամբ հաճախ են հակասական:
Ինչ մնում է Ռուսաստանին, ապա նրա հետ քաղաքական շահերի համընկում կա, որը հիմնականում պայմանավորված է Արեւմուտքի հետ հակասությամբ ու մրցակցությամբ: Բայց, չնայած դրան, Մոսկվան նույնպես չի շտապում Պեկինի հետ բեւեռ ստեղծել, քանի որ այս պարագայում առկա է լինելու լիդերության ճգնաժամ, որն էլ կմեծացնի կոնֆլիկտի ռիսկը: Պարզ է, որ աշխարհաքաղաքական ճկուն ու երկարակյաց բեւեռ ստեղծելու համար պետք է մեկ լիդեր, որը թույլ չի տա ճգնաժամերի առաջացում, իսկ Պեկինն ու Մոսկվան հավերժ պայքարելու են այդ կարգավիճակի համար: Մյուս պատճառն այն է, որ ռուսները չինացիների հետ գաղափարական-մշակութային որեւէ ընդհանրություն չունեն, իսկ առանց այդ կարեւորագույն կոմպոնենտի, հնարավոր չէ աշխարհաքաղաքական բեւեռ ստեղծել, քանզի բեւեռը միայն քաղաքական-տնտեսական շահերի միավոր չէ, այն գաղափարական, արժեհամակարգային հիմքով ստեղծված ամուր, ինտեգրացիոն սոցիալ-քաղաքական միջավայր է: Վերջապես, շատ ռուս քաղաքագետներ համարում են, որ Չինաստանի հետ անհնար է բեւեռ ստեղծել, քանի որ իրենք չունեն սեփական գաղափարախոսություն, փիլիսոփայություն, իսկ չինականը շատ ուժեղ է ու կարող է ստվերել ռուսների դերը:
Պեկինում նույնպես չեն շտապում որեւէ բեւեռի մեջ մտնել, նրանք, ինչպես նշվեց, փորձում են սեփականը ստեղծել, բայց այդ ճանապարհին առնվազն երկու լրջագույն խնդիր ունեն, որոնք իրենք էլ քաջ գիտակցում են, բայց առայժմ լուծման ուղիները չեն կարողանում գտնել: Դրանք են.
1. Սոցիալական ուժեղ բեւեռացումը եւ ներքին կառավարման համակարգի անկատարությունը: Երկրում բնակչության մի հսկայական շերտի սոցիալական լուրջ խնդիրները, կառավարման համակարգի ոչ դեմոկրատական ձեւը թույլ չեն տալիս ունենալ ճկուն ու ադապտիվ քաղաքական համակարգ, որն էլ կկարողանա արդյունավետ արձագանքել արտաքին քաղաքական փոփոխություններին:
2. Չնայած հզոր տնտեսությանը, այդ երկիրն այսօր չի կարող ստեղծել նոր աշխարհակարգ: Ինչպես ասել է չինացի պատգամավոր Ֆու Ինը, այն ի զորու չէ առաջարկելու «նոր սխեմա»: Միաժամանակ Չինաստանն աշխարհին անհասկանալի է իր հասարակական հարաբերությունների տիպական ձեւերով, փիլիսոփայությամբ, մշակույթով, առանց որոնց հնարավոր չէ գրավել այլ մշակույթով ազգերի:

ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 
ՄՈՒՇԵՂ ՊԵՏՈՅԱՆԸ ՉԻ՞ ԿԱՏԱՐԵԼ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ
Ինչպես հայտնի է՝ կառավարությունը 41 մլն 746 հազար դրամ հատկացրել է Շիրակի մարզպետարանին՝ Արթիկում հեղեղումների հասցրած վնասները վերացնելու նպատակով: Այդ գումարից 22 մլն 350 հազար դրամը կհատկացվի շենք-շինությունների վերականգնմանը, հեղեղատարների մաքրման նպատակով կծախսվի 16 մլն 965 հազար դրամ, իսկ 2 մլն 430 հազար դրամով աջակցություն կցուցաբերվի այն մարդկանց, ովքեր հեղեղումների պատճառով կորցրել են անասուններին կամ ցանքատարածությունները: Իսկ Արթիկ քաղաքի բնակիչներին՝ 3 մլն 800 հազար դրամ:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի հետ:
-Պարո՛ն Աբրահամյան, ո՞ր փուլում են գտնվում հունիսի 24-ին Արթիկում տեղի ունեցած հեղեղման հետեւանքների վերացման աշխատանքները:
-Ըստ էության, աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, բացառությամբ մի հատվածի, որտեղ հատուկ ինժիներատեխնիկական նախագիծ է պետք: Այդ նախագիծն արդեն կազմվել է, եւ համայնքային բյուջեով մաքրման աշխատանքները անցկացնելու համար հրատապ կարգով մրցույթ ենք հայտարարել: Վաղը (այսօր-Ս.Հ.) կլինի մրցույթը, ու այդքանից հետո այդ աշխատանքներն էլ կանենք, կավարտենք:
-Իսկ սելավատարների մաքրման աշխատանքները ավարտե՞լ եք: Սելավների կրկնության վտանգ կա՞:
-Սելավատարները մաքրվել են, բայց մենք մտածում ենք դրանց վերականգնման ուղղությամբ: Երեկ մարզպետարանից մարդիկ էին եկել, նայեցին, համապատասխան չափումներ արեցին: Սելավատարը մաքուր է, եւ չեմ կարծում, որ ամռան եւ աշնան ամիսներին նման սելավներ կլինեն:
-Պարո՛ն Աբրահամյան, արթիկցիներին օգնելու նպատակով բացված հաշվեհամարին որքա՞ն գումար է փոխանցվել: Ի՞նչ եք արել այդ գումարները:
-Վարչապետի այցից հետո առանձին քաղաքացիներին լրացուցիչ 3 մլն 800 դրամ աջակցություն է հատկացվել, այն մարդկանց, որոնց վիճակը վատթարացել էր: Իսկ հաշվեհամարին փոխանցվել է առանձին 5 մլն դրամ գումար «Հայբիզնեսբանկ»-ի կողմից, եւ այն մենք որպես աջակցություն տվեցինք այն 12 հիմնական տուժածներին: Նաեւ այլ անձանցից հավաքվել էր 681 հազար դրամ, որով էլ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները կանենք:
-Հայտնի է, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի ծնողները նույնպես վնասներ էին կրել: Կառավարությունը իրե՞նց էլ է փոխհատուցում տվել:
-Այն աջակցության չափը, որը սահմանվել էր կառավարության կողմից եւ մեր հիմնադրամի կողմից հավաքված գումարից, ինչպես բոլորին, իրենց նույնպես տրվել է: Այսինքն՝ այն բոլոր տուժածները ինչքան աջակցություն ստացել են, նույնքան եւ իրենք են ստացել:
-Մուշեղ Պետոյանը մեզ հետ զրույցում հայտարարեց եւ խոստացավ, որ իր մեկ ամսվա աշխատավարձը որպես աջակցություն կփոխանցի արթիկցիներին: Արդյո՞ք փոխանցել է:
-Հիմնադրամին այդպիսի փոխանցում չի եղել: Քաղաքապետարանին իր կողմից նույնպես փոխհատուցում չի եղել:
Հ.Գ. Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարը տեւական ժամանակ է, ինչ անհասանելի է:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԻՆՔՆԱԿԱՄ ՀԵՌԱՑԵԼ Է
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց համայնքի ղեկավար Հմայակ Նազարյանը 20 տարվա պաշտոնավարումից հետո իր դիմումի համաձայն ազատվել է գյուղապետի պաշտոնից: ՀՀԿ անդամ Հ. Նազարյանը 1996թ. ընտրվել է Կիրանց համայնքի ղեկավար եւ 4 անգամ անընդմեջ վերընտրվել: Հ. Նազարյանը «Ժողովրդին» ասաց, որ հոգնել է սահմանամերձ համայնքի ղեկավարի լարված աշխատանքից: Նա այժմ աշխատանքի է տեղավորվել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայում: Այդ ֆերմայում Հ. Նազարյանի պաշտոնը դեռ հստակ չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, նա կաշխատի որպես անասնաբույժ, քանի որ մասնագիտությամբ անասնաբույժ է, 1994թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, 1994-1996թ. Նիժնի Նովգորոդի մարզում աշխատել նշված մասնագիտությամբ: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հուլիսի 21-ին որոշում է ընդունել հուլիսի 22-ից Կիրանց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Կամո Շահինյանին: Կիրանցից տեղեկացանք, որ Կ. Շահինյանը նախկինում անտառապահ է եղել: Սեպտեմբերի 18-ին Կիրանց համայնքում կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Փոքր, սահմանամերձ, աղքատ համայնքի ղեկավարի պաշտոնը ոչ գրավիչ է, քանի որ գյուղապետը ստիպված է զբաղվել իր անապահով համագյուղացիների բազում հոգսերով: Մանավանդ, որ գյուղապետի գործը հեռանկար չունի: Հունիսի 21-ին սահմանամերձ Ոսկեպար գյուղում համայնքների խոշորացման վերաբերյալ քննարկման ժամանակ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարել է, որ մինչեւ 2017 թվականի վերջը Հայաստանի բոլոր համայնքները պետք է խոշորացվեն:

 

 

ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻՆ ՎՃԱՐԵԼ ԵՆ
Հուլիսի 27-ին Նոյեմբերյանի զինկոմիսարիատում աշխատավարձ են վճարել սահմանամերձ Բաղանիս գյուղից պահեստազորայիններին եւ աշխարհազորայիններին, ովքեր ապրիլից մայիսն ընկած ժամանակահատվածում պաշտպանել են սահմանագոտին: Նրանցից յուրաքանչյուրը մեկամսյա զինված հերթապահության համար ստացել է 110 հազար դրամ: Մարտական ծառայության ընթացքում նրանք նաեւ սնունդ են ստացել: Մինչ մարտական հերթապահության անցնելը, այս տարվա փետրվարին նրանք սահմանապահ զորամասում ռազմական գործի 5-օրյա ուսուցում են ստացել՝ դրա համար վարձատրվելով 15 հազարական դրամով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս