ԵՐԿՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ Է ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կասկածից դուրս է, որ հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ տարածքը գրավելու արդյունքում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը բացասական հետեւանքներ կունենա նաեւ երկրի տնտեսության վրա: Իսկ թե կոնկրետ ինչպիսի դրսեւորումներ կլինեն, փորձել ենք պարզել տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ զրույցում:

-Պարո՛ն Խաչատրյան, հուլիսի 17-ից Հայաստանում ստեղծված արտակարգ իրավիճակն ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ երկրի տնտեսության համար:
-Ցավոք, բացասական: Տնտեսական կանոնները միշտ պահանջում են խաղաղություն, քաղաքական կայունություն: Այստեղ ռիսկեր չպետք է լինեն, որովհետեւ դրանք միշտ լրացուցիչ խնդիրներ են առաջացնում ներդրումների համար, որոնք իրենց հերթին լրացուցիչ երաշխիքներ են պահանջում: Այսինքն՝ դա նշանակում է, որ ե՛ւ ֆինանսական համակարգում, ե՛ւ իրական տնտեսությունում, ե՛ւ տուրիստական այցելությունների մասով խնդիրներ կառաջանան: Այս ամենը բարենպաստ վիճակ չի ստեղծում երկրի տնտեսության համար: Բայց եթե ամեն ինչ ավարտվի խաղաղ, փոխհատուցելու առումով ինչ-որ ժամանակ հետո կկարգավորվի: Օրինակ՝ ապրիլյան ռազմական օրերի հետեւանքով գործարարների ակնկալիքները, սպասելիքները չարդարացան: Իրենց համար այս տարի բարենպաստ իրավիճակ չստեղծվեց, եւ իրենք կորուստներ են կրել: Հիմա նույն իրավիճակն է նաեւ այս դեպքում: Բացի այս, հիմա արդեն հարկերի հավաքման խնդիր ունենք: Եւ տնտեսության աճը, որ ցույց են տվել 4.2 կամ 4.8 տոկոս, որը նախորդ ամիսների նկատմամբ կրկին իջնում է, առաջիկայում կզգանք տնտեսական կտրուկ անկում:
-Արդյո՞ք մենք պատրաստ ենք վերականգնվել, դեռ ավելին՝ կորուստներն էլ փոխհատուցել:
-Տեսականորեն դա հնարավոր է, բայց դա ժամանակ է պահանջում: Հարցն այն է՝ արդյոք համբերատար կլինենք մեր գործողություններում՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ առօրյայում, որպեսզի նպաստենք կորուստները արագ վերականգնելուն: Դա մեկ օրում չի լինում, այստեղ ամենամեծ խնդիրը վստահության խնդիրն է: Առանց դրա չի լինում: Երբեւիցե բիզնեսը խոստումներով որեւէ գործունեություն չի ծավալում եւ իր գրպանը չի դատարկում ներդրումների համար:
-Նմանօրինակ իրավիճակները՝ հոկտեմբերի 27, մարտի 1, ինչպե՞ս են ազդել երկրի տնտեսության վրա:
-Միշտ քաղաքական իրադարձություններից հետո երկրի տնտեսական իրավիճակը փոխվում է: Նույն 1999, 2003, 2008 եւ 2013 թվականները, որ արտագաղթի ցուցանիշների հետ կապված հետեւենք, ապա կտեսնենք, որ 1999 թվականից հետո մարդկանց մոտ մի փոքր հույս արթնացավ, նաեւ բիզնեսի մեջ: Բայց, ցավոք, հոկտեմբերի 27-ից հետո միանգամից փոխվեց, 2003 թվականից հետո՝ նույնպես: Եւ այս պատկերը շարունակվում է: Մեր հասարակությունը դյուրազգաց է տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: Բայց հասարակությունից ավելի դյուրազգաց է բիզնեսը: Մեզ մոտ դրանով է պայմանավորված այն, որ երկարաժամկետ ներդրումներ չկան: Հենց ամենամեծ խնդիրը երկարաժամկետ վարկավորման եւ ներդրումների խնդիրն է:
-Կնշեք կառավարության դերն ու նշանակությունը այս ամենում:
-Ամենառաջինն է՝ այս ամենը հենց իշխանության խնդիրն է: Այդ վստահության ազդակները պետք է փոխանցի հենց իշխանությունը: Ի վերջո, իշխանության ամենակարեւոր խնդիրը իր ամեն մի քայլը, ամեն մի գործողությունը հենց հանրությանը ներկայացնելու եւ հիմնավորելու մեջ է՝ ինչու համար է անում եւ ինչպես: Սակայն երբ այդ ամենը ներկայացվում է, բայց հետո պարզվում է, որ չի իրականացվել, դա արդեն վստահության կորստի է բերում: Վերցրեք կոռուպցիան, մենաշնորհները, քաղաքական մենաշնորհները: Անհրաժեշտ է իշխանության ամբողջ համակարգի մոտեցումների փոփոխություն: Այ սրան պատրա՞ստ է իշխանությունը: Միայն տուրիզմի բնագավառով անցած տարի 5.6 մլն մարդ է այցելել Վրաստան, Հայաստան՝ 1.2 մլն, Ադրբեջան՝ 2.5 մլն: Սա խոսում է նրա մասին, որ եթե կա իսկապես կանխատեսելի իշխանություն, որի գործողություններն ու խոսքը համընկնում են, որը իսկապես անում է ամեն ինչ, որ երկրում տնտեսվարողների եւ քաղաքացիների համար պայմանները լինեն հավասար, ապա հաջողությունները աստիճանաբար կգան: Մենք մեզ հնարավորություն չենք տալիս, այսինքն՝ իշխանությունը մեզ զրկել է այդ հնարավորությունից: Մենք որեւիցե ակնկալիք, սպասելիք չունենք: Հենց այնպես որեւէ հաջողություն չենք կարող ունենալ, մինչեւ մենք քայլեր չանենք, ոչինչ չի լինի:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ է

Օրերս լուրեր շրջանառվեցին, թե շուրջ 4 տասնյակ կապանցիներ հանրային քննարկում-հավաք են իրականացնում Կապանի քաղաքապետարանի հարակից զբոսայգում՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի։ Հավաքվածները քննարկում են տեղի ունեցած իրադարձությունները, քաղաքացիներին իրազեկում գործընթացի զարգացման մասին։ Հավաքի կազմակերպիչներից Արմեն Փարսադանյանը հայտնել էր, որ կապանցիները մտահոգված են այս իրադարձություններով եւ հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաները հայրենիքի անմնացորդ նվիրյալներ են, ուստի իրականությունը խեղաթյուրելու փորձերը համարում են անհեռանկարային:

Ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ:
-Պարո՛ն Հայրապետյան, ի՞նչ կասեք այս մասին, երիտասարդները ոտքի են կանգնել…
-Վերջին օրերին մայրաքաղաք Երեւանում ընթացող իրադարձությունները, որոնք անդրադարձել են նաեւ ողջ հանրապետության քաղաքական եւ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, անտարբեր չեն թողել մեզ: Մինչ այժմ, սակայն, զերծ ենք մնացել որեւէ տեսակետ կամ դիրքորոշում հայտնելուց, հայտարարություն կամ կոչ հնչեցնելուց, որպեսզի դա զանազան մեկնաբանությունների կամ երկիմաստ ընկալումների տեղիք չտա: Բայց քանի որ մի քանի կապանցիներ սկսել են գովաբանել զինված մեթոդներով երկրում փոփոխությունների հասնելու տարբերակը եւ կապանցիների անունից տեսակետներ հայտնել, թե մեր համայնքի բնակիչները եւս կողմ են դրան, հարկ ենք համարում անդրադառնալ երեւույթին:
Մեզ համար անընդունելի եւ վրդովվեցնող է բռնությանը աջակցելուն ուղղված, զինված հարձակումը ողջունելու, հեղափոխական ճանապարհներով իշխանափոխության հասնելու մեթոդը գովերգող մի խումբ կապանցիների կողմից նախաձեռնված հայտարարությունը: Նրանք, հավանաբար, չեն կարող կանխատեսել, թե ուր կարող են հասցնել մեր երկիրը նման կոչերը:
Հայտարարում եմ, որ սա ամենեւին էլ Կապանում տիրող իրական տրամադրությունների արտացոլումը չէ. կապանցին ցանկացած բախման խաղաղ լուծման ջատագովն է եւ կողմնակիցը: Ավելին՝ տեղեկություններ տարածվեցին, որ կապանցիները օրեր առաջ հանդիպել են նաեւ Կապանի ոստիկանապետ Արայիկ Դավթյանին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները: Նրանք խնդրել են ոստիկանապետին հաղորդել ղեկավարությանը, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը Սերժ Սարգսյանի հրաժարականն է։ Ոստիկանապետը կապանցիներին սթափության կոչեր է արել, որին ի պատասխան՝ կապանցիները հայտնել են՝ իրենց քայլերը օրենքի շրջանակում է լինելու։
Միայն կարող եմ ասել, որ կոչ ենք անում բոլորին լինել օրինապահ եւ հանդուրժող միմյանց հանդեպ, լինել սթափ եւ իրատեսորեն գնահատել ստեղծված լարվածությունը: Ծայրահեղականության մղող կոչերով եւ խոսքերով իրավիճակն առավել սրելու փոխարեն՝ ի մի բերենք մեր ողջամտությունն ու կամքը՝ բոլորի համար ընդունելի եւ խաղաղ հանգուցալուծում գտնելու, եղբայրասպանության ճանապարհով գնալը մերժելու համար:
-Տեղեկություններ կան, որ երիտասարդներին վախեցրել են, եւ նրանք իրենց մտադրությունից հետ են կանգնել: Գուցե՞ ոստիկանությունից են վախեցրել կամ քաղաքապետարանից: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես միայնակ անձամբ եմ հանդիպել մի քանի երիտասարդների հետ, մեր զրույցը անցել է փոխըմբռմամբ եւ հանդարտ մթնոլորտում: Կարող եմ Ձեզ վստահեցնել, որ որեւէ մեկը որեւէ մեկին չի վախեցրել, իսկ իմ եւ տղաների հետ զրույցի ընթացքում տարածքում ընդհանրապես ոստիկան չի եղել:
Ի դեպ, քաղաքապետից պարզեցինք, որ Կապանի քաղաքապետին կից խորհրդի անդամները եւս հանդես են եկել այս խնդրի հետ կապված հայտարարությամբ՝ կոչ անելով եղբայրասպանության ճանապարհով գնալը մերժելը:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

 

 

 
ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Երեկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ կառավարության այսօրվա հերթական նիստը հետաձգվել է: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կառավարության նիստը տեղի կունենա հուլիսի 29-ին, ժամը 11:00-ին: ArmԼur.am-ը կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանից հետաքրքրվել է նիստը հետաձգելու պատճառների մասին: Հարցին ի պատասխան Ս. Տոնոյանն ասել է, որ պատճառը զուտ տեխնիկական բնույթ է կրում, եւ առաջին անգամը չէ, որ այն տեղափոխվում է: Սակայն ArmԼur.am-ի տեղեկություններով՝ կառավարության նիստի հետաձգման պատճառը Երեւանում ստեղծված իրավիճակն է:

 

 

87 ՏՈԿՈՍՈՎ ՊԱՏՐԱՍՏ Է
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի շինարարական աշխատանքների մեծ մասն ավարտվել է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության եւ հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը: «Անձանց հետ, որոնք վերահսկում են տեխնիկական աշխատանքները, մենք քննարկել ենք ներկայիս իրավիճակն ու կայանալիք աշխատանքները: Ներկայում Կարս գետի վրայով կառուցվում են երկաթուղային կամուրջներ, որոնք նախատեսվում է ավարտել օգոստոսին: Աշխատանքներն ընթանում են գրաֆիկով»,- ասել է թուրք նախարարը: Ահմեդ Արսլանը հավելել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի շինարարությունը Թուրքիայի տարածքում ավարտվել է 87 տոկոսով: Ըստ նախարարի՝ տարեվեջին կգործարկի առաջին լոկոմոտիվը, որը կաշխատի դիզելով:

 

 

ԳԼԽԱՎՈՐ ԲԱՆԱԿՑՈՂ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ֆրանսիացի Միշել Բարնիեին նշանակել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով գլխավոր բանակցող: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ: «Երեկ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Եվրահանձնաժողովի նախկին փոխնախագահ եւ Ֆրանսիայի նախարար Միշել Բարնիեին նշանակել է գլխավոր բանակցող եւ ԵՄ-ի 50-րդ հոդվածի համաձայն` Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ անցկացնող աշխատանքային հանձնաժողովի ղեկավար»,- ասված է հայտարարության մեջ: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ՝ Բարնիեի աշխատանքը համակարգելու է անձամբ Յունկերը: Սպասվում է, որ Բարնիեն հոկտեմբերի 1-ից ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը:

 

 

ՀԶՈՐ ՊԱՅԹՅՈՒՆ
Սիրիայի Կամիշլի քաղաքում (Սիրիական Քուրդիստան) մեքենայի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 50-ի, վիրավորների թիվը՝ 70-ի: Սիրիական Orient News հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ բեռնատարը պայթել է քրդական բարձրագույն կոմիտեի ռազմական թեւի՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի կենտրոնակայանից քիչ հեռու: Հզոր պայթյունից ավերվել են մինչեւ 500մ շառավղի վրա գտնվող շինությունները, փլատակների տակ դեռ մարդիկ կան: Տեղեկացնենք, որ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը:




Լրահոս