ՀԵՐԹԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ` ԽՂՃՈՒԿ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Մրգանուշ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին տեղացիների համար ոչ միայն սրբավայր է, այլեւ առեղծվածային մի կառույց, որը, ասում են, քանդվելու «իրավունք չունի»: Գյուղացիների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ խորհրդային միության տարիներին մի տրակտորիստ սկսել է քանդել եկեղեցու շեմը եւ հենց այդ պահին ստացել է իր երեխայի խեղդվելու մասին գույժը. որոշ ժամանակ անց մահվան ճիրաններում է հայտնվել ողջ ընտանիքը:

Թե որքանով են այս պատմությունները հավաստի, դժվար է ասել, բայց մի բան ակնայտ է. եկեղեցին այժմ գտնվում է անմխիթար, ավերված վիճակում: Ընդ որում, 19-րդ դարի այս կառույցն ընդգրկված է ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: «Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց` արդյոք երբեւէ կատարվել են ներդրումներ եկեղեցին վերականգնելու նպատակով, եւ ինչն է պատճառը, որ սրբավայրն այժմ գտնվում է անտեսված վիճակում:
ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Գայանե Նազլուխանյանը նշեց, որ եկեղեցին վերականգնման ենթակա չէ, քանի որ այն հողաշեն է. «Կարելի է միայն հում աղյուսի շարվածքը պահպանել»,-ասաց նա:
Մենք հարցրինք` ինչու գոնե այս վերջին աշխատանքն արված չէ. «Եկեղեցին տեղական նշանակության հուշարձան է, իսկ նման հուշարձանների դեպքում հիմնականում սեփականության իրավունքը տրված է համայնքին: Համայնքն էլ հոգում է դրա պահպանության հարցերը, իսկ պետությունը, եթե անհրաժեշտություն լինում է, այդ նպատակով պարբերաբար գումար է ներդնում»,- մեկնաբանեց բաժնի պետը:
Իսկ այն հարցին, թե երբ է վերջին անգամ նախարարությունը գումար ներդրել եկեղեցու պահպանության համար, մշակույթի նախարարության ներկայացուցիչը պատասխանեց. «Ոչ մի անգամ»: Պատճառաբանությունն էլ հետեւյալն էր. «Մենք տարեկան կտրվածքով ունենք հրատապ միջամտության կարիք ունեցող հուշարձաններ, որոնց պահպանության համար էլ ներդրվում են գումարները: Պետք է նախարարին համապատասխան առաջարկ արվի, որպեսզի որոշվի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարցը: Պետբյուջեով երեք տարվա կտրվածքով դրան առնչվող որեւէ ներդրում չենք նախատեսել»:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց Մրգանուշի գյուղապետ Մանվել Սարգսյանից. «Եկեղեցու միայն պատերն են մնացել, ի՞նչ ներդրում անենք, մի քանի անգամ դիմել ենք բարերարների, Մայր Աթոռին, Արարատյան Հայրապետական թեմին, որ աջակցեն, բայց սայլը տեղից չի շարժվել: Գյուղի բյուջեն կազմում է 30 միլիոն դրամ, որից 22 միլիոնը հատկացվում է աշխատավարձերին, մնացած 8 միլիոնով գյուղ պահե՞նք, թե՞ եկեղեցի կառուցենք: Մեր բյուջեն մեծ հնարավորություններ չունի»,- ասաց նա` հավելելով, որ եկեղեցու տարածքում նաեւ գյուղացիների հին գերեզմաններ կան:
Գյուղապետը պատմեց, որ խորհրդային տարիներին պահածոների գործարանի տնօրինությունը վերցրել էր եկեղեցու տարածքը եւ այնտեղ մթերման կետ տեղակայել. «Խորհրդային կարգերի փլուզումից հետո գործարանի տիրոջից (գյուղապետը չցանկացավ անուն նշել-հեղ.) կռիվ-ղալմաղալով հետ եմ վերցրել այդ տարածքը»,-մանրամասնեց նա` պատրաստակամություն հայտնելով օգնել բարերարին, որը ցանկություն կհայտնի զբաղվել եկեղեցու վերականգնման աշխատանքներով:
Խնդրի շուրջ մենք զրուցեցինք նաեւ պատմաբան, հայագետ Արգամ Այվազյանի հետ:
«Հիշյալ հուշարձանը իրոք որ տեղական նշանակության է: Պահպանության խնդիրները, ըստ օրենքի, պետք է իրականացնեն մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արարատի մարզային կառույցը եւ Մրգանուշ գյուղի գյուղապետարանը: Ըստ իս, եկեղեցին պետք է մաքրել փլատակներից եւ կոնսերվացնել: Լիովին վերականգնելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա: Եթե Մրգանուշ գյուղի համայնքը ցանկություն ունենա, ապա հետագայում կարելի է նոր, քարաշեն եկեղեցի կառուցել»,-նկատեց նա:
Ա. Այվազյանը նաեւ ուշագրավ դիտարկում արեց. «Բացառված չեմ համարում, որ եկեղեցու մաքրման աշխատանքների ժամանակ ի հայտ գան ավելի վաղ ժամանակների եկեղեցու հիմքեր: Նկատենք, որ 17-19-րդ դարերում մի շարք եկեղեցիներ վերակառուցվել եւ կառուցվել են նախկին դարերում ավերված կառույցների հիմքերի վրա»,- նշեց մասնագետը:
«Ժողովուրդ»-ը կհետեւի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ճակատագրին:

 

 

 
«ՀԱՋՈՐԴ ՊԱՅԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ՈՒԺԳԻՆ Է ԼԻՆԵԼՈՒ»

Հուլիսի 26-ին Խորենացի փողոցում մեծ ոգեւորությամբ մեկնարկած հանրահավաքը ավարտվեց դժգոհությամբ: Քաղաքացիներին հռետորները ստիպողաբար տուն ուղարկեցին: Սրանից անմիջապես հետո ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանների եւ «Սասնա ծռեր» խմբի անդամների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով հրազենային վիրավորում են ստացել Պավել Մանուկյանը, նրա որդին եւ մի ոստիկան: Նրանք վնասվածք են ստացել ոտքի շրջանում. վիճակները գնահատվում է կայուն ծանր:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի հետ: Նրա համոզմամբ` Պավել Մանուկյանի եւ որդու վիրավոր լինելու հանգամանքը ոչ միայն չի կոտրի հանրությանը, այլեւ կհամախմբի մարդկանց, որոնք կողմ են «Սասնա ծռեր»-ի անդամների պահանջներին: «Կարծում եմ` աստիճանաբար է՛լ ավելի մեծ թվով մարդիկ դուրս կգան փողոց, կմիանան հանրահավաքի մասնակիցների երթին: Իրավիճակի լուծումը կարող է տրվել հենց այդ դեպքում»,-ասաց նա:
Բեմադրիչը անդրադարձավ նաեւ «Սասնա ծռեր»-ի կողմից բժիշկներին «պատանդ» վերցնելուն. «Ես վստահ եմ, որ այդ բժիշկները ողջ-առողջ են, եւ, առհասարակ, բոլոր բժիշկներն էլ հոգով «Սասնա ծռեր»-ի տղաների հետ են»,-նշեց նա:
Ըստ Ս. Շահվերդյանի` եթե այժմ ցուցարարներին չհաջողվի որեւէ արդյունքի հասնել, հաջորդ համաժողովրդական պայթյունը ավելի ուժգին է լինելու. «Այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում մեր հանրապետությունում, վաղը չէ մյուս օրը ֆիլմի կամ ներկայացման համար շատ հետաքրքիր նյութի աղբյուր է. այնքա՜ն մարդու դեմք պատռվեց այս ընթացքում»,-նկատեց նա:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգահան Արմեն Մովսիսյանի հետ: Նա ստեղծված իրավիճակի ելքը տեսնում է երկխոսության, վստահելի կառավարություն ստեղծելու մեջ, որը երկրում կհաստատի օրենքի գերակայություն եւ կզբաղվի նոր, առողջ համակարգի ձեւավորմամբ:
Ա. Մովսիսյանի խոսքով` չպետք է թույլ տալ նոր արյունահեղություն. «Եթե իշխանությունները տեսնեն զանգվածների իրական դժգոհություն, գուցե ավելի խելամիտ եւ հավասարակշռված լուծումներ փնտրեն, այլապես այսօրվա իրավիճակը փակուղի է, սա կբերի ժամանակավոր լռեցման, գուցե թվացյալ անդորրի, բայց ո՞վ գիտի` ինչպիսին կլինի հաջորդ ընդվզումը, եւ ինչ պայմաններում կհայտնվի մեր հայրենիքը»,-շեշտեց նա:
Մենք հարցրինք` հայաստանյան վերջին իրադարձությունների մասին ինչ են մտածում սփյուռքի` երգահանին ծանոթ հանրության անդամները. «Նրանք, իհարկե, մտահոգ են, շատերը` զայրացած, բայց դա չի կարող էապես ազդել երկրի ներքին վիճակի վրա: Ես սկզբունքորեն դեմ եմ դրսից ներսի ապրողին ինչ-որ բան թելադրելուն (եթե դա տնտեսական հարց չէ), ուղղորդել փորձելուն. դա ՀՀ քաղաքացու մենաշնորհն է»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՄԱՅՐԱՑԵԼ Է
Գարնանը հաղորդավարուհի Մերի Շահինյանը տեղեկացրել էր, որ իր ընտանիքի կյանքում նոր ու հրաշալի փուլ է սկսվում, քանի որ պատրաստվում է մայրանալ, եւ, ահա, այժմ հայտնի է, որ նրա առաջնեկը ծնվել է: Bravo.am-ի փոխանցմամբ` Մերին ամուսնուն` գերմանաբնակ գործարար Արտաշես Մարգարյանին, որդի է պարգեւել: Ծնողները տղային անվանակոչել են Միքայել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մերին ֆեյսբուքյան իր էջում ընկերներին խոստացել էր հետծննդյան արձակուրդում երկար չմնալ:

 

 

ՌԵԿՈՐԴԱԿԻՐՆԵՐ ԵՆ
Հայտարարվել են MTV Video Music Awards 2016-ի թեկնածուները: Variety-ի փոխանցմամբ` պարգեւատրման արարողությունը անցկացվելու է Նյու Յորքում, օգոստոսի 28-ին։
Առաջադրված անվանակարգերի քանակով ռեկորդ են սահմանել Բեյոնսեն ու Ադելը: Բեյոնսեն արժանացել է տասնմեկ անվանակարգերի՝ Lemonade ալբոմի երգերի համար: Իսկ Ադելի Hello հիթը ներկայացված է ինը անվանակարգերում:

 

 

ԿՐԱԿԵԼ Է ԴԵՄՔԻՆ
Ամերիկացի ռեփեր Քասփեր Նայթը (Kasper Knight) ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է շոկային տեսանյութ, որը արժանացել է բազում քննադատությունների, բայց միեւնույն ժամանակ շարժել է սոցցանցի օգտատերերի հետաքրքրությունը: Բանն այն է, որ այդ «չարաբաստիկ» տեսանյութում ռեփերը ատրճանակով կրակում է սեփական դեմքին:
Lenta.ru-ի փոխանցմամբ` դաժան հոլովակում սեւամորթ երիտասարդը կրակում է ձախ այտին, հետո արյունը լղոզում ամբողջ դեմքով մեկ: Ուշագրավ է, որ տեսանյութը համացանցում արժանացել է ավելի քան 1.1 մլն դիտման: Ինչ վերաբերում է օգտատերերի բացասական կարծիքներին, Քասփեր Նայթը պնդել է, թե ինքը ուշադրություն չի դարձնում տարատեսակ խոսակցություններին եւ ամենեւին չի ափսոսում իր արարքի համար:
Տեսանյութի ներքո նա նշել է, որ ինքն այդ ամենն արել է նոր ալբոմը գովազդելու եւ հանրության հետաքրքրությունը դրա վրա բեւեռելու նպատակով:




Լրահոս