ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է մայրաքաղաքի կենտրոնում
Փողոցի այս հատվածով անցնելիս մի պահ հայտնվում ես հայկական հին ֆիլմերում, երբ գումարով կոշիկներ էին «փայլեցնում»: Այս պապիկն էլ, ստեղծելով հարմարություններ, կարծես տեղափոխված լինի հին ժամանակաշրջան:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ տեղեկանալ, թե ո՞ր դեպքերում է իրավաբանական անձը ենթակա լուծարման:
Օֆելյա Հայրապետյան (36 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ իրավաբանական անձը կարող է լուծարվել՝
ա) նրա հիմնադիրների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ՝ ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է.
բ) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում՝ կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի խախտումների հետ.
գ) դատարանի վճռով՝ առանց թույլտվության կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքի կամ այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների, հասարակական միավորման կամ հիմնադրամի կողմից պարբերաբար իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Իրավաբանական անձը լուծարվում է նաեւ սնանկության հետեւանքով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ իրավաբանական անձի լուծարման դեպքում գանձվում է պետական տուրք՝ 10 հազար դրամի չափով:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ անձի անհատական կենսաթոշակային հաշվի մասին տեղեկությունները կարո՞ղ են արդյոք հասանելի լինել մեկ այլ անձի:
Հասմիկ Մխոյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները գաղտնի են եւ հասանելի չեն այլ անձանց, ներառյալ նրա ընտանիքի անդամներին:
Գործատուն, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը չեն կարող տեղեկանալ անձի կենսաթոշակային հաշվի տվյալներին` անձի կատարած ֆոնդի ընտրության, անձին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի քանակի եւ արժեքի մասին:
Մասնակիցների ռեեստր վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը, որոնց հայտնի են անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները, պարտավոր են պահպանել կենսաթոշակային գաղտնիքը եւ որեւէ կերպ չհրապարակել կամ հայտնի չդարձնել այլ անձանց: Որոշակի հիմքերի առկայության դեպքում կարող են լինել բացառություններ վերը նշված սկզբունքից: Մասնավորապես քրեական հետապնդում իրականացնող մարմնի կամ դատարանի որոշման հիման վրա գործատուն, պետական մարմինները եւ այլ սուբյեկտները պարտավոր են տեղեկություններ տրամադրել անձի կենսաթոշակային հաշվի վերաբերյալ:
Մեկ բացառություն եւս. ժառանգության իրավունքը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները կարող են տրամադրվել նաեւ մահացած մասնակցի ժառանգներին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ յուրաքանչյուր անձի համար կատարված կուտակային վճարի դիմաց տվյալ անձի կենսաթոշակային հաշվին են փոխանցվում մասնակցի ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդի՝ կուտակային վճարին համարժեք քանակով փայեր` հիմք ընդունելով տվյալ ֆոնդի փայի տեղաբաշխման գինը: