Հուլիսի 17-ից Երեւանում ընթացող իրադարձությունների, ղարաբաղյան բանակցությունների վրա դրանց հնարավոր ազդեցության շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, հուլիսի 17-ից Երեւանում ստեղծված աննախադեպ իրավիճակն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա: Ի վերջո, կարծես թե ի սկզբանե այս թնջուկը ծագեց հենց Արցախի հարցում անթույլատրելի զիջումների գնալու՝ ՀՀ իշխանությունների մտադրությունների շուրջ մտահոգությունից:
-Գիտեք, ես չեմ ուզում դա կապել բանակցությունների հետ, որովհետեւ ընդհանրապես հայոց պետականության հզորության մասին է խոսքը: Ես կարծում եմ, որ մեր հայկական պետությունների հզորության կարեւոր բաղադրամասերից է ներքին կայունությունը եւ համախմբվածությունը, եւ սա ոչ միայն պետք է կապենք բանակցային գործընթացի հետ որպես այդպիսին, այլ ընդհանրապես հայոց պետականության գոյատեւման, զարգացման շարունակական հզորացման հետ: Ինչքան մենք լինում ենք համախմբված, միասնական, այդքան ավելի հզոր է լինում հայոց պետականությունը: Միասնականությունն ու համախմբվածությունը չի նշանակում, որ մենք պետք է ունենանք մեկ գաղափար, եւ ուրիշ տեսակետ չլինի, պարզապես բոլոր տիպի անհամաձայնությունները, խնդիրները, կարծում եմ եւ համոզված եմ, որ պետք է լուծենք քաղաքակիրթ բանավեճի միջոցով: Եւ սա մենք պետք է միշտ հաշվի առնենք: Մեր պատմությունը ցույց է տվել, որ մեզ անհնարին է հաղթել ուժով, հիմնականում մեզ հաղթել են մեր անհամախմբվածության համար: Մի՛ մոռացեք, որ հայոց մեծերը միշտ ասում են, որ հայ ժողովրդի միակ փրկությունը հավաքական ուժի մեջ է, հետեւաբար այդ տեսակետից պետք է դիտարկենք բոլոր զարգացումները:
-Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը համաձայնության են եկել Ղարաբաղում շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի վերաբերյալ: Արդյո՞ք սա փաստում է, որ բանակցությունները շարունակվում են անկախ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից:
-Մենք ասել ենք, որ այդ մեխանիզմների մշակման գործում նաեւ կարեւոր դերակատարություն ունի ԵԱՀԿ այդ դիտորդական խմբի թվաքանակի ավելացումը: Կարծում եմ, որ սա շատ կարեւոր է, որովհետեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի գրասենյակը պետք է ունենա համապատասխան մասնագետներ, մարդիկ, ովքեր կարող են ավելի օպերատիվ անդրադառնալ բոլոր խախտումներին, տարբեր վայրերում իրականացնել մշտադիտարկում, ինչը միանշանակ դրականորեն պետք է ազդի նաեւ տարածաշրջանում խաղաղության պահպանման վրա: Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր զարգացում է:
-Պարո՛ն Բաբայան, իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում երեւանյան վերջին իրադարձությունները: Ինչպես տեսնում եք՝ արդեն 13 օր է երկրի ներսում շարունակվում է լարվածությունը, եւ այդպես էլ հնարավոր հանգուցալուծման չենք հանգում:
-Թերեւս այս տաք վիճակում ճիշտ չի լինի համապարփակ գնահատական տալ: Հետագայում արդեն շատ բաներ պարզ կլինի, եւ շատ տվյալներ թույլ կտան ավելի խորը վերլուծություն կատարել: Բայց կարեւորն այն է, որ հայի արյուն չթափվի, հնարավորինս այս կարեւորագույն հրամանը պետք է պահպանվի:
Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՑԵ՞Լ է
Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տվյալներ հրապարակեց այն մասին, որ Սեւանա լճի մակարդակը այս տարվա հուլիսի 26-ի դրությամբ 25 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Ըստ ԱԻՆ-ի՝ լճի մակարդակն այս տարվա հուլիսի 26-ի դրությամբ եղել է 1900.73մ, իսկ անցյալ տարվա նույն օրը այն 1900.48 մ էր: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ այս տարվա ամենաբարձր ցուցանիշը եղել է հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ին, երբ լճի մակարդակը բարձրանալով հասել է 1900.77 մ-ի, այնուհետեւ մեկ սանտիմետրով իջել է եւ մինչեւ հուլիսի 15-ը պահպանել 1900.76մ մակարդակը, ապա աստիճանաբար սկսել է նվազել:
ՀՀ ԱԻՆ-ի այս հրապարակման հետ կապված Համահայկական բնապահպանական ճակատը կոչով դիմել է Սեւանա լճի խնդիրներով անմիջականորեն զբաղվող պետական բարձրաստիճան կառույցներին եւ հորդորել չկասեցնել Սեւանա լճի մակարդակի բնականոն աճը: ՀԲՃ անդամ Լեւոն Գալստյանի պնդմամբ՝ Սեւանա լճի միակ փրկությունը, գոյատեւման երաշխիքը եղել եւ այսօր էլ մնում է մակարդակի անշեղ եւ շարունակական բարձրացումը:
Այս թեմայի շուրջ ՀԲՃ-ն հանդես է եկել նաեւ հայտարարությամբ, որտեղ նշված է, որ պաշտոնական տվյալներով՝ վերջին 4 տարում (2012-2015թթ.) Սեւանա լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 6 սմ-ով, այն դեպքում, երբ 2002-2005թթ. (նույնպես 4 տարում) լճի մակարդակը բարձրացել էր 1,75 մ-ով: Ստացվում է, որ վերջին 4 տարիների ընթացքում լճի մակարդակի աճ գրեթե տեղի չի ունեցել, չնայած որ այդ ժամանակահատվածներում լճի ավազանում մթնոլորտային տեղումների ծավալները շատ չեն տարբերվել նախորդ ժամանակափուլից: Ըստ ՀԲՃ-ի՝ վերջին 4 տարում ակնհայտորեն կասեցվել է Սեւանա լճի մակարդակի բնականոն բարձրացումը:
Իսկ լճի մակարդակի փոփոխման դինամիկայի վիճակագրական հարցերով զբաղվող կառույցների ղեկավարներին ՀԲՃ-ն հորդորել է այսուհետ զերծ մնալ հանրությանը շփոթեցնող տեղեկատվական տվյալից` 01.01.2011-ից գեոդեզիական նիշերի ճշգրտումների արդյունքում Սեւանա լճի իրական մակարդակի (ծովի մակերեւույթից) արհեստականորեն 20 սմ-ով ավելացված չափը հաշվարկելով որպես լճի մակարդակի բնական աճ: Դա նշանակում է մոտ 250 մլն խմ ծավալի ջրի ավելացում լճի պաշարներին, որն իրականում գոյություն չունի:
Նկատենք, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը բնապահպանների համար ուրախալի լուր է, իսկ ափամերձ տարածքների օբյեկտների սեփականատերերի համար` մտահոգիչ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳԱԶԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾԻ՞
Հուլիսի 27-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիսում գյուղապետ Նարեկ Սահակյանը կառավարության ղեկավարին ներկայացրեց գյուղում խմելու ջրագծի շինարարության ավարտի մասին տեղեկատվություն: Վարչապետը գյուղացիների հետ զրույցի ժամանակ հարցրեց Բաղանիսի խնդիրների մասին: Գյուղի կանանցից մեկը առաջադրեց բնական գազի հարցը: Բաղանիսի գյուղապետն ասաց, որ Բաղանիսը գազաֆիկացված է, սակայն գյուղացիները գազատար ցանցը իրենց տներին միացնելու համար փող չունեն: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազատարը տներին միացնելու համար խողովակի յուրաքանչյուր մետրի հաշվով 4000 դրամ է պահանջում, եւ մեկ միջին առանձնատունը գազատարին միացնելու համար նվազագույնը 80 հազար դրամ է հարկավոր: Վարչապետն ասաց, որ կառավարությունն այդ գումարը կհատկացնի: Հովիկ Աբրահամյանին հայտնեցին, որ խնդիրը ոչ միայն Բաղանիսում է առկա, այլեւ սահմանամերձ եւս 5 գյուղերում: Հ. Աբրահամյանն ասաց, որ հարցը կքննարկեն, դրան լուծում կտան, խնդիրը կարող է լուծվել ավելի էժան խողովակներ օգտագործելու եւ այլ միջոցներով: Նշենք, որ Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԻՖԱԴ) պետական հիմնարկի կողմից Հայաստանին տրված վարկային միջոցներով Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան. Ջուջեւան համայնքներում գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են դեռեւս 2012 թ.-ին: Այդ նպատակով տրամադրվել է 675 միլիոն դրամ, կառուցվել է 74.6 կմ ընդհանուր երկարությամբ գազախողովակաշար: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ հիշյալ գյուղերում գազատարն արդեն 2 տարի կառուցված է, սակայն գյուղացիների բնակարաններում գազ չկա: Բնակիչները ֆինանսական հնարավորություն չունեն գազատարից իրենց տուն գազի խողովակ անցկացնելու:
ԽԱՂՈՂԻ ԲԵՐՔԻ ՉՍՊԱՍԵՔ
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Զուրաբյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ափսոսանքով նշեց, որ այս տարին գյուղատնտեսության համար շատ անբարենպաստ տարի է: Մասնագիտությամբ գյուղատնտես Վ. Զուրաբյանը հայտնեց, որ միլդիու, օյդիու, անտրակոզ հիվանդությունները մեծ վնաս են պատճառել խաղողի ակնկալվող բերքին: Բերդավանցիները փորձարկել են խաղողի հիվանդությունների դեմ բոլոր բուժամիջոցները, սակայն ապարդյուն: Խաղողագործները կարծելով, որ Հայաստանի շուկայում առկա բուժամիջոցները արդյունավետ չեն, խաղողի վազերի բուժման համար դեղեր են ներկրել նաեւ Վրաստանից, սակայն վերստին արդյունք չի եղել: Նշված հիվանդությունները իրենց սեւ գործն արել են նաեւ Տավուշի մարզի այլ համայնքներում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ