ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՐԿՎԵՑԻՆՔ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 31-ին` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրաման 15-րդ օրը, «Սասնա ծռեր» զինված խմբավորումը որոշում կայացրեց հանձնվել իշխանություններին՝ հայտարարելով, որ իրենք արյունահեղություն չեն ցանկանում:

Արդյոք ճիշտ էր իրավիճակի հանգուցալուծման այսպիսի տարբերակը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանից:
-Պարո՛ն Սարգսյան, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորումը որոշում կայացրեց եւ հանձնվեց իշխանություններին: Ձեր կարծիքով, արդյո՞ք սա լավագույն հանգուցալուծումն էր այս իրավիճակում:
-Որոշումը կայացնում են իրենք, եւ ճիշտ էր այնքանով, որ արյունահեղությունից փրկվեցինք մենք բոլորս, այլեւս այդպիսի վտանգ չկա: Ինչ վերաբերում է դիրքորոշմանը կամ բանակցություններին, եթե եղել են այդպիսիք, ինչի են հանգել, դրանից ես տեղյակ չեմ: Հարցը մենակ սա չի: Գլխավոր խնդիրը իմ կարծիքով այն է, ինչ մենք բազմիցս ասել ենք, հիմա էլ չենք փոխում մեր դիրքորոշումը. երկրում պահանջվում են արմատական փոփոխություններ, սա կապ չունի՝ կլինի, թե չի լինի զինյալ խումբը, միեւնույն է՝ իրավիճակը դա է թելադրում: Հիմա դա մի նոր ալիք բարձրացրեց հասարակության մեջ, բայց դրանից ոչինչ չի փոխվել: Մենք ոչ թե խոսում ենք մի հատվածին հաճոյանալու կամ հակառակը՝ դեմ գնալու, այլ այն մասին` երկիրը կարողանալո՞ւ է զարգանալ այն չափով, որ դիմագրավի բոլոր մարտահրավերներին՝ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին. սա մի խնդիր է, որը չի փոխվում արդեն տարիներ շարունակ: Ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը, որոնք իրականում այդպիսի փոփոխություններ են պահանջում, պարտադիր չի, որ միաձուլվեն մեկ քաղաքական ուժի մեջ, բայց, համենայնդեպս, քաղաքական օրակարգ ձեւավորելու անհրաժեշտություն կա:
-«Սասնա ծռեր»-ի 15 օր տեւած պայքարը ի՞նչ տվեց մեզ:
-Եւս մեկ անգամ բացահայտվեց, որ հասարակության մեջ հիվանդությունը խորն է, այսինքն՝ այն պահանջները, որ կան, մեկինը չեն, տասինը չեն, երեսուն հոգունը չեն, դրանք հասարակության պահանջներն են: Սա ամենագլխավորն է, որ եւս մեկ անգամ ծագեց: Այն, ինչ որ ժողովուրդը սպասում էր ապրիլյան չարաբաստիկ չորս օրվա պատերազմից հետո, որը չկատարվեց այնպես, ինչպես որ հասարակությունն էր պահանջում, արտահայտվեց այսպիսի ծայրահեղ ձեւով, եւ հիմա պետք է հասկանանք, որ չի կարելի նորից կրավորական դիրք ընդունել կամ հպարտանալ, որ մենք արեցինք այնպես, որ նրանք հանձնվեցին: Անպայման պետք է հասկանալ, թե ինչով է զբաղված իշխանությունը այս օրերին, եւ ինչով է զբաղված ոստիկանությունը, որն այսպիսի դաժանություններ է թույլ տվել իրեն: Այս ամբողջը պետք է վերագնահատել եւ հասկանալ, որ այսպես շարժվելով՝ միայն ու միայն մենք մեր ընդհանուր պետությունն ենք թուլացնում: Եվ սա միայն իմ գնահատականը չի, երկրորդինը չի, դա հասարակության բացարձակ մեծամասնության գնահատականն է: Դրանից հետեւություններ է պետք անել:
-Պարո՛ն Սարգսյան, այնուամենայնիվ, Ձեր կարծիքով՝ արդյո՞ք հնարավոր չէր իրավիճակն այլ կերպ հանգուցալուծել:
-Կարծում եմ, որ ամենալավը կլիներ, եթե դա լիներ նաեւ իշխանություն-ժողովուրդ բանակցությունների արդյունքում, բաց երկխոսության արդյունքում: Այսինքն՝ հենց այդ օրերին պետք էր թողնել զինված խմբին այդտեղ եւ զբաղվել այն պահանջների բացահայտմամբ, որոնք դրվել են հասարակության կողմից եւ փորձել բացատրել մարդկանց, թե ինչ են պատրաստվում օր օրի իրականացնել: Այդ մոդայիկ բառը` ճանապարհային քարտեզ կոչվածը, թող հիմա ներկայացված լիներ, եւ մարդիկ տեսնեին, որ այսօր սա է լինելու, վաղը այսպես է լինելու եւ այլն: Եթե դա բացահայտ լիներ, բոլոր հարցերի վերաբերյալ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի, ապա ժողովուրդն այլեւս կարիք չէր ունենա դուրս գալու փողոց, ուրիշ ոչինչ:
-Ձեր տպավորությամբ, ո՞վ հասավ նրան, որ զինված խմբավորումը որոշում կայացրեց հանձնվել:
-Չեմ կարծում, որ դա պարտադրանք էր: Ինձ թվում է, որ նրանք ճիշտ գնահատեցին իրավիճակը եւ ճիշտ էլ վարվեցին, որ դրեցին զենքը, որովհետեւ դա ճանապարհ չէր, միանշանակ: Այս օրերի բերումով եւս մեկ անգամ հասկացվեց, որ ցանկացած շարժման համար քաղաքական օրակարգ է պետք, եւ այդ քաղաքական օրակարգը պետք է գործի հասարակության հիմնական, ակտիվ, քաղաքականացված ժողովրդի հետ միասին:

 

 

 
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ»-Ի ՀԱՆՁՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՍԱԿԱՎԱՄԱՐԴ ԷՐ

«Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից զենքերը վայր դնելու որոշման եւ պայքարի շարունակությունը ժողովրդից ակնկալելու կոչից հետո երեկ Ազատության հրապարակում «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը հանրահավաք էր կազմակերպել:

«Մեր նպատակներն են՝ ազատ արձակել «Սասնա ծռերին», ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հասնել Սերժի հեռացմանը եւ փլուզել ստեղծված հանցավոր բուրգը: «Սասնա ծռերը» ռազմագերիներ են եւ ազգի հերոսներ: Մենք շարունակում ենք պայքարը մինչեւ հաղթանակ: Խնդրում ենք՝ առաջարկությունները գրել մեզ ու առավել ակտիվ ընդգրկվել խմբերի մեջ»,- ասված էր նրանց կողմից տարածված հայտարարության մեջ:
Ի տարբերություն անցած հավաքների՝ երեկ Ազատության հրապարակը սակավամարդ էր, ինչը, սակայն, չխանգարեց, որ հավաքի կազմակերպիչներն իրականացնեն իրենց բողոքի ակցիան` հաշվի չառնելով անգամ անձրեւային եղանակը:
Հարթակից բազմաթիվ կոչերով ելույթներ ունեցան մի շարք անձինք՝ եւս մեկ անգամ նշելով, որ իրենց պահանջների կատարման համար մինչեւ վերջ պայքար են ծավալելու:
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, մասնավորապես, խոսելով իրենց հետագա անելիքների մասին՝ ասաց. «Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում են Ռուսաստանի դրածոներ: Մենք չունենք քաղաքական կյանք, կուսակցություններ: Պետք է ստեղծենք նոր կառույցներ, որոնք կպաշտպանեն մեր շահերը: Մենք պետք է ելնենք օկուպացված վիճակից: Մենք ունենք երկու ընտրություն՝ կա՛մ հնազանդվել եւ ապրել ինչպես ստրուկ, կա՛մ ազատագրել երկիրը: Տղաներն իրենց ճակատագրով ցույց տվեցին այդ ուղին: Նրանք, ովքեր պատրաստ են դրան, պետք է հասկանան՝ տղաները մեզ են սպասում, հիմա մեր հերթն է»: Խզմալյանը ընդգծեց, որ տղաները չեն հանձնվել, նրանք քաղաքացիներին են հանձնել պայքարի ուղին: «Պայքարը շատ ավելի բարդ է: Այն պետք է մտնի մեր կենցաղի, ամենօրյա կյանքի մեջ: Սկզբում պետք է դու ազատագրվես քո ներսում, հետո դառնաս անպարտելի ու հաղթես թշնամուն»:
Նշենք, սակայն, որ հավաքվածներից ոմանք Խզմալյանի ելույթի ընթացքում բղավում էին՝ պահանջելով, որ վերջինս թողնի հարթակը եւ հեռանա: Մի բան, որը Խզմալյանը, իհարկե, չարեց:
Այնուհետեւ ցուցարարները ցանկություն հայտնեցին երթ իրականացնել, սակայն այդ հարցում տեւական ժամանակ չէին կարողանում միասնական որոշման հանգել: Շատերը ցանկանում էին երթով հասնել դատապարտյալների հիվանդանոց, ոմանք՝ փաստաբանների պալատ, բայց, ի վերջո, որոշվեց երթն իրականացնել Սայաթ-Նովա-Աբովյան փողոցներով դեպի Հանրապետության հրապարակ, ապա՝ վերադառնալ Ազատության հրապարակ:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՄԱՅԴԱ՞Ն ԷԻՆ ՈՒԶՈՒՄ
Իշխանական շրջանակները փորձում են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման պատմությունում «արտաքին հետք» գտնել: Նրանց կարծիքով արտաքին ինչ-որ ուժեր ցանկացել են այդպիսով Հայաստանում կրկնել ուկրաինական Մայդանը: Ուստի իշխանական գործիչները մասնավոր զրույցներում արդարացնում են իրավապահների կոշտ գործողությունները՝ ասելով, թե այդպես իրենք կանխել են Մայդանի կրկնությունը Հայաստանում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանն ասաց, որ ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձություններում եղել են չորս խաղացող՝ ՀՀ հասարակության մի մասը, որը դուրս էր եկել ցույցերի եւ սոցիալական ցանցերով նրանց աջակցողները, երկրորդը՝ իշխանությունն էր, երրորդը՝ Արեւմուտքն էր, իսկ չորրորդը՝ Ռուսաստանը: «Սա Արեւմուտքի անուղղակի, ինչու չէ նաեւ ուղղակի մեսիջը կամ ուղերձն էր Հայաստանի իշխանություններին քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու: Հակառակ դեպքում հաջորդ անգամ նրանք արդեն անհատապես պատասխանատվություն կկրեն ՀՀ-ում չկայացած բարեփոխումների եւ ամեն գնով ռուսներին դուր գալու քաղաքականության համար: Սա նպատակ չուներ Մայդան հրահրելու, սա Մայդանի տեխնոլոգիա չէր: Սա ուղղակի մեսիջի տեխնոլոգիան էր, վերջին զգուշացումը»,- պարզաբանեց քաղաքագետը:

 

 

ԴԵՌ ՓԱԿ Է
Ինչպես հայտնի է՝ հուլիսի 30-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները վայր դրեցին իրենց զենքերը եւ հանձնվեցին իրավապահներին: Խորենացու փողոց եւ գունդ տանող բոլոր ճանապարհները երեկ դեռ փակ էին: Իրավապահները շարունակում էին մանրակրկիտ ուսումնասիրել ՊՊԾ գնդի տարածքը: Ըստ էության, մինչեւ այդ ստուգումները չավարտվեն, եւ բոլորը չհամոզվեն, որ վտանգներն անցել են, տարածքը կմնա փակ: Այդ ընթացքում ոստիկանությունը պետք է պարզի նաեւ, թե գնդի տարածքից ինչ զինամթերք, իրեր եւ փաստաթղթեր են պակասել:

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՆ ՈՒ ԲԺԻՇԿՆԵՐԸ
Շուրջ 4 օր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա ծռեր» խմբավորման անդամները պատանդ էին պահել այնտեղ ժամանած շտապօգնության բժիշկներ Նորայր Թեւանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին եւ բուժքույր Մալինա Մարգարյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Նորայր Թեւանյանը «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի նախագահ Նորայր Թեւանյանի ազգականն է՝ քրեական աշխարհում հայտնի ախալակցի Նորոյի: Մեր տեղեկություններով՝ «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի նախագահ Նորայր Թեւանյանն իր եղբորորդուն ազատելու խնդիրը փորձել է նաեւ քրեական եւ քաղաքական դաշտի իր կապերն օգտագործելով լուծել:




Լրահոս