Ինչո՞ւ եւ ո՞ւմ էր ձեռնտու մեր երկրում նման անկայունություն հաստատել, բռնության, ահաբեկչության այսպիսի մթնոլորտ ստեղծել: Սրանք հարցեր են, որ պատասխաններ կստանան առաջիկայում խորը վերլուծությունների ու հետազոտությունների արդյունքում: Իսկ այսօր պետք է արձանագրենք, որ ունենք վիրավոր Երեւան, հուսահատ ու բարկացած քաղաքացիներ, առավել ագրեսիվացած ոստիկաններ ու արտաքին իմիջը փոշիացրած երկիր:
Ինչո՞ւ սկսվեց
Տարիներ շարունակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները տարբեր ձեւաչափերով պայքարի ճակատներ ձեւավորեցին, խաղաղ անհնազանդության ճանապարհով պայքարում էին երկրում առկա ապօրինությունների դեմ: Սակայն ոչ միայն արդյունքի չհասան, ընդհակառակը՝ ավելացավ քաղբանտարկյալների թիվը Հայաստանում: Արդյունքը եղավ այն, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները զենքերով գրոհեցին ոստիկանության ՊՊԾ գունդը, սպանվեց ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, գերեվարվեցին ոստիկաններ, այդ թվում եւ բարձրաստիճան: Զինյալները 15 օր շարունակ մնացին գնդի տարածքում՝ խնդրելով հասարակությունից աջակցել իրենց: Ու թեեւ զենքով փոփոխության հասնելու գործելաոճն անընդունելի է, այնուամենայնիվ, եղան մարդիկ, որոնք ճիշտ համարեցին պայքարի այդ ձեւը, բազմահազար քաղաքացիներ հավաքվեցին փողոցում:
Հուլիսի 20-ին ՊՊԾ գնդին հարակից Խորենացի փողոցում տեղի ունեցան առաջին բախումները, որի արդյունքում 51 հոգի վիրավորվեց, 161 քաղաքացի բերման ենթարկվեց:
Հերոսը՝ Արցախից
Հաջորդ իսկ օրը՝ հուլիսի 21-ին, Ստեփանակերտից Երեւան եկավ Արցախի հերոս, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Նա սկսեց բանակցություններ վարել ՊՊԾ գունդը գրաված զինյալների հետ: 3 օր անց բոլոր ոստիկան պատանդներն ազատ արձակվեցին, ու սկսվեց Վիտալի Բալասանյանին վարկաբեկելու գործընթաց, թե նա ստել է՝ ասելով Ժիրայր Սէֆիլյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից հրաժարվել է: Բայց Բալասանյանը իրեն հատուկ համեստությամբ համբերեց՝ անցնելով ընդհատակյա բանակցությունների:
Երկու օր անց՝ հուլիսի 22-ին, Սերժ Սարգսյանը իրավապահների հետ շտապ խորհրդակցություն հրավիրեց ու հայտարարեց դասեր քաղելու ու զենքերը վայր դնելու անհրաժեշտության մասին: Սակայն նրա կոչը լսելի չդարձավ, իշխանության ներկայացուցիչներն այդպես էլ դասեր չքաղեցին:
Էլի բռնություններ
Մոտ մեկ շաբաթ անց՝ հուլիսի 29-ին, Ազատության հրապարակից սկսված երթից հետո մարդկանց մի մասը գնաց Սարի թաղ: Այստեղ ոստիկանները քիչ էին, ուժեր կուտակեցին, ու Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին 5 րոպե ժամանակ տվեց՝ հավաքը ցրելու համար: Իսկ որքանո՞վ էր օրինական ոստիկանության գործունեությունը:
Հիշեցնենք, որ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ոստիկանության ներկայացուցիչը բարձրախոսով մասնակիցներից պետք է պահանջի դադարեցնել հավաքը` սահմանելով ողջամիտ ժամկետ։ Սակայն նման բան տեղի չունեցավ:
Ովքե՞ր էին ուղղորդում
Նկատենք, որ ձեռնոցներով, մահակներով «զինված» քաղաքացիական հագուստով անձինք քարեր էին նետում ցուցարարների վրա, ուղղորդում ոստիկաններին: Նրանք բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների թիկնապահներն էին (անունները կհրապարակենք վերջնական ճշգրտումներից հետո միայն): Ահա, այսպես առաջացավ հրդեհ, պայթյուն, ոստիկաններն առաջ եկան, ու սկսվեց ջարդը: Ցուցարարներն ականջները փակելով՝ փախչում էին գազազած ոստիկաններից ու ագրեսիվ թիկնապահներ հիշեցնող քրեական տարրերից: Վիրավորվեցին ՀՀ 73 քաղաքացիներ, բերման ենթարկվեցին մոտ 130 քաղաքացիներ, իր ծննդյան օրը գնումներ անելու համար Երեւան եկած Վարդենիսի բնակիչ Սայաթ Հարությունյանը կորցրեց ձախ աչքը, այն բժիշկները ստիպված եղան հեռացնել, որպեսզի փրկեն մյուս աչքը:
Լրագրողները՝ թիրախում
Մեր գործընկերները եւս տուժեցին. տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան եւ կորցրին աշխատանքային գործիքները: Քաղաքացիական հագուստով անձինք թիրախավորված հարձակվեցին լրագրողների վրա:
ՀՀ ոստիկանությունից իրենց գործողություններն արդարացնելու համար հայտնեցին, թե ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետեւանքով, ցավոք, տուժել են նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Անկառավարելի իրավիճակ
Եթե ասենք, որ անցած 15 օրերին տեղի ունեցածն աննախադեպ էր, այնքան էլ ճիշտ չի լինի, քանի որ մեր երկիրը 1999-ին տեսել է հոկտեմբերի 27, 2008 թվականին՝ մարտի 1, եւ պետք է բոլորը պատրաստ լինեին՝ իրավապահներից սկսած, մինչեւ քաղաքական իշխանություն:
Սակայն ՊՊԾ գնդի գրավումից ժամեր անց մեր երկրում բացարձակ անիշխանություն էր: Բաղրամյան 26-ից բոլորին հրահանգել էին լռել: Ցանկացած տեսակի ինֆորմացիա ճշտվում էր նախագահի նստավայրում, ապա նոր միայն տարածվում: Պետական գերատեսչությունները չգիտեին ինչ անել, ինչ խոսել: Չափազանցություն չի լինի, որ ասենք՝ անգամ վախեցած էին:
Լրատվամիջոցները, որոնց տարիներ շարունակ իշխանությունները ֆինանսավորել էին՝ իրենց դերասանությունները գովազդելու համար, ցույց տվեցին, որ պարզապես հեղինակություն ու ազդեցություն չունեն քաղաքական պրոցեսների վրա, եւ էլի մի քանի լրատվամիջոցներ էին միայն օբյեկտիվ, օպերատիվ, քրտնաջան աշխատում՝ հասարակության, այդ թվում եւ իշխանության, տեղեկատվական քաղցը հագեցնելու համար:
Մի խոսքով, 15 օր շարունակ ՀՀ պետական ապարատը վերածվել էր դիտորդ մարմնի:
Հարթակի կռիվ
Իսկ ի՞նչ էր անում ընդդիմությունը. հարթակի ու բարձրախոսի կռիվ, անպատասխանատվության ամենավառ դրսեւորումներ բեմադրում: Նախ Նիկոլ Փաշինյանին խաղից դուրս թողեցին՝ կարծելով, թե նա կդառնա հեղափոխության լիդեր, իրենք կմնան ստվերում, ապա իշխանությունը բիրտ ուժով մնացած «միջին» լիդերներին մեկուսացրեց, հանրահավաքի մասնակիցներին ամենատարբեր ձեւերով ահաբեկեց՝ այդպես խեղդելով հասարակական դժգոհությունը:
Արդյունքում ստացվեց մի իրավիճակ, որ «Սասնա ծռեր»-ի կողմից, կրկնում ենք, անընդունելի մեթոդով՝ զենքով իրականացված ապստամբությունից բռնկված հեղափոխական գործընթացի քաղաքական մասը քաղաքական անկազմակերպվածության պատճառով չստացվեց, ու «Ծռերի» ծրագիրը տապալվեց: Իրավապահներն էլ սկսեցին հերթով վիրավորելով, 3 տասնյակ ապստամբներին հյուծելով՝ նրանց պարտադրել գալ ու հանձնվել: Եւ այս իրավիճակում թերեւս այլ բան չէր մնում իրապես հայրենասեր սպա Վարուժան Ավետիսյանին, քան կազմակերպել հանձնվելու գործընթացը իշխանություններին՝ շարունակելով պայքարն արդեն ռազմագերու կարգավիճակում:
Վիտալի Բալասանյանն ապահովեց հանձնվելու գործընթացը՝ առանց նսեմացուցիչ կադրերի, եւ վերջինը դուրս եկավ ՊՊԾ գնդի տարածքից:
Իսկ ո՞վ է վճարելու
Ու հիմա գործող իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պարտավոր է ապահովել հասարակությանը ստանալու մի շարք հարցերի պատասխաններ.
.Ինչպես ստացվեց, ով է մեղավոր, եւ ում ամփութության պատճառով հնարավոր եղավ գրոհել ՊՊԾ գնդի տարածքը:
.Ինչո՞ւ խմբի վնասազերծման գործընթացը 15 օր տեւեց:
.Հուլիսի 20-ին եւ 29-ին ոստիկանության գործողությունների հրաման տվողն ո՞վ է եղել եւ ո՞վ է ղեկավարել հավաքները ցրելու օպերացիան:
.Ի՞նչ ճակատագիր է սպասվում ձերբակալված ու կալանավորված քաղաքացիներին:
.Ինչպե՞ս ստացվեց, որ այդքան ոստիկանների միջից սպանվեց հատկապես Յուրի Տեփանոսյանը, որը, ըստ հրապարակված տեղեկությունների, հրաժարվել էր ցուցարարների դեմ գործողություններ կատարելուց:
.Սերժ Սարգսյանն, ի վերջո, կհանդիպի՞ Ժիրայր Սէֆիլյանի հետ, թե այս թեման այլեւս փակված է:
.Իշխանությունները ի՞նչ քաղաքական փոփոխությունների են պատրաստ գնալ:
.Ով՞ է պատասխանատվություն կրում քրեական տարրերի համար, որոնք ոստիկանության աջակցությամբ լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառեցին:
.Եւ վերջապես, ո՞վ է պատասխան տալու, որ մեր երկիրը այս գործողությունների արդյունքում եւս մոտ 10 տարով հետ շպրտվեց, եւ զբոսաշրջության այսքան սպասված սեզոնին Հայաստանը միջազգային լրահոսում դարձավ ահաբեկչություններով հայտնի մի երկիր:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ հուլիսի երկրորդ կեսին հավաքագրված հարկերը կտրուկ նվազել են: Սա դեռ մի ճյուղն է, իսկ թե տնտեսության վրա հատկապես ներդրումների առումով էլ ինչ բացասական ազդեցություն կունենան այս իրադարձությունները, առաջիկայում կպարզվի: Իսկ որ մեր երկրի արտաքին իմիջն ամբողջությամբ փշրվեց, եւ Հռոմի պապի կողմից այդքան արժեւորված առաջին քրիստոնյա երկիրը դարձավ չհասկացված մի բնակավայր, դա այլեւս անժխտելի փաստ է:
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՈՎ ՈՐՔԱՆ Է ԲՌՆԱԳԱՆՁԵԼ
Այս տարվա վեց ամիսների արդյունքներով ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կատարողական վարույթները 366 հազար 8 են եղել: Նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 379 հազար 133: Նշենք, որ Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնից հրաժարական տվեց այս տարվա ապրիլի սկզբին, իսկ Արմեն Հարությունյանը այս պաշտոնում նշանակվել է ապրիլի 30-ին: Այս տարվա ապրիլ, մայիս, հունիս ամիսներին դատական ակտերի հիման վրա ստացված կատարողական վարույթները կազմել են 250 հազար 461 հատ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, երբ ԴԱՀԿ պետը Միհրան Պողոսյանն էր, ավել է, քանի որ նախորդ տարի եղել են 203 հազար 656 հատ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա երկրորդ եռամսյակում պետբյուջեի օգտին բռնագանձվել է 617 մլն 637 հազար դրամ: Իսկ չվերականգնված գումարը՝ 230 մլն 983 հազար 300 դրամ: Անցած տարվա երկրորդ եռամսյակում բռնագանձված գումարը կազմել է 834 մլն 972 հազար դրամ, իսկ չվերականգնված գումարը՝ 174 մլն 186 հազար դրամ:
ՀԱՐԿԵՐԸ ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ հուլիսի վերջին տասնօրյակում Հայաստանում կտրուկ նվազել են հարկային մուտքերը: Ըստ որոշ տնտեսագետների՝ ստեղծված իրավիճակը պայմանավորված է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումով: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ: Տնտեսագետի կարծիքով, ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձությունները վատ ազդեցություն են ունեցել ՀՀ-ի զբոսաշրջության ոլորտի վրա: «Այն, ինչ որ իրենք չկարողացան հավաքագրել առաջին վեց ամիսների ընթացքում, դրա մասին խոսում է նաեւ ֆինանսների նախարարության պաշտոնական հայտարարությունը, ըստ որի՝ 2 տոկոսով նախատեսվածից պակաս են հավաքել: Մարդկանց սպասելիքները՝ ե՛ւ գնումների, ե՛ւ ներդրումների առումով, բացասական են: Սպասում են, որ տեսնեն, թե ինչ է լինելու: Եւ սպասելիքների չարդարանալը բերում է նրան, որ տնտեսական գործունեություն չեն ծավալում: Փոխարենը՝ կարող էին գնալ ինչ-որ վարկ վերցնել՝ տնտեսական ծրագրերի իրականացման համար, եւ փորձեին դրանք իրականացնել: Հիմա դա չկա, բացառվում է: Հայաստանում այսօր տնտեսական կյանքը մահացած է»,- նկատեց Խաչատրյանը:
ԿՀԱՆԴԻՊԻ՞, ԹԵ՞ ՈՉ
ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի հանձնվելու շուրջ ընթացող բանակցությունների օրերին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը նշել էր, որ Ժիրայր Սէֆիլյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպում, որը հնարավոր կլինի զենքը վայր դնելուց հետո: Ուստի «Ժողովուրդ»-ը փորձեց նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից պարզել, թե արդյոք Սերժ Սարգսյանը պատրաստվում է հանդիպել Ժիրայր Սէֆիլյանի հետ, սակայն ապարդյուն: Սերժ Սարգսյանն այդ խնդրին չանդրադարձավ նաեւ ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ երեկ հնչեցրած իր ելույթում: