ԿՓԱԿՎԻ՞ «ՍԼԱՎՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վիրահատությունից երկու օր անց մահացել էր 28-ամյա ծննդկան: Գրել էինք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ կասեցվի ԲԿ-ի ծննդօգնության ծառայությունը կամ գործունեության լիցենզիան ընդհանրապես:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադի ընտանիքին: Համբարձումյանները հայտնի են ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող «Սլավ մոթորս» ընկերությամբ եւ «Սնիկերս», «Մարս» ու մի շարք հանրահայտ ապրանքանիշների շոկոլադներ ներկրելու մենաշնորհով: Նրանք, սակայն, վերջին տարիներին սկսել են իրենց ուժերը փորձել նաեւ առողջապահության ոլորտում: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 28-ին «Սլավմեդ»-ում մահացել էր 38-ամյա Նաիրա Մուսայելյանը: Նախօրեին էլ գրանցվեց նոր մահվան դեպք: Թե ինչու են «Սլավմեդ» բժշկական կենտրոնում արձանագրվում այդպիսի դեպքեր, փորձեցինք պարզել ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի քրոջից՝ Արմինե Հովակիմյանից, ով բժշկական կենտրոնի տնօրենն է:
-Տիկի՛ն Հովակիմյան, «Սլավմեդ» բժշկական կենտրոնում այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է՝ արձանագրվում է ծննդկանի մահվան դեպք, անգամ առողջապահության նախարարի հրահանգով ստուգումներ են սկսվել: Ունե՞ք հարցի պատասխանը, թե որտեղ եք թերանում:
-Մեզ, չգիտեմ, ինչ են ներկայացնում, «Սլավմեդ»-ը եւ մեր գրուպը միշտ աչքի է ընկել լավ բաներով, եւ թացը չորից պետք է տարբերեն, ոչինչ, ժամանակը տեղը կգցի: Տեղի ունեցած դեպքերի մասով կարող եմ ասել՝ այդ ցավը ծննդկանների հարազատներից հետո մերն է լինում:
-Միգուցե Դուք եւս շատ եք ցավում, բայց ԲԿ-ի ղեկավարության խնդիրը ոչ թե ցավելն է, այլ նման դեպքերի բացառումն ու որակյալ բժշկական ծառայությունների ապահովումը…
-Հանձնաժողով, իհարկե, պետք է կազմվի, եւ դա իմ խնդրանքով էլ է լինում: Հիմա հանձնաժողովը իր աշխատանքը անում է, եւ, իհարկե, մենք չենք խոչընդոտում իրենց աշխատանքին:
-Տեղի ունեցած դեպքերում Ձեր բժիշկների մեղքի բաժինը չեք տեսնո՞ւմ կամ Ձեր՝ որպես տնօրենի:
-Հիվանդանոցի հետ կապված ոչ մի բան չեմ կարող ասել, չեմ տեսնում, իսկ բժիշկների հետ կապված ես ինքս բժիշկ եմ, բայց ուզում եմ ասել, որ «Սլավմեդ»-ի սեփականատերը բժիշկ է, եւ ես իմ մասնագիտությամբ սրտաբան եմ, այն էլ երկար տարիների փորձ ունեցող: Իմ եղբոր անունն են շահարկում, իմ եղբայրն է վիրահատություն անո՞ւմ, ընդհանրապես, պատգամավորին պետք է խրախուսել ու այդ կարգի մարդկանց արձան է պետք կառուցել, քանի որ բարեգործություն են անում: Իսկ բժիշկը եթե սխալ է արել, թող քննությունը գնա, եւ պատասխանը լինի, մենք չենք որոշում, երբ դեպք է լինում, կազմվում է քննություն, եւ պատասխանը տալիս է վերջնական դատաբժշկական փորձաքննությունը:
-Այսինքն՝ մտավախություն չունե՞ք, որ ԲԿ-ում իրականացվող ստուգումների արդյունքում կարող են թերություններ հայտնաբերվել, եւ պատասխանատվության ենթարկելու հարց առաջանա:
-Իհարկե, ոչ, բոլոր հիվանդանոցներում էլ լինում եմ տասնյակ, հազարավոր նման դեպքեր:
-Ձեր եղբորը խնդրի մասին տեղյակ պահե՞լ եք: Շատերը այն կարծիքի են, որ իրավապահները՝ հաշվի առնելով, որ ԲԿ-ն նրան է պատկանում, չեն համարձակվում կենտրոնի գործունեությունը կասեցնել:
-Ինչու պետք է տեղյակ պահենք, ի՞նքն է անում այդ վիրահատությունը, ինչու են իր անունը շահարկում: Կրկնում եմ՝ հարազատներից հետո մեծ ցավը մերն է, իհարկե, ստուգումները անցկացնում են, մտավախություն չունենք, եթե թերություններ կտեսնեն, մենք լսելու սովորություն ունենք:
-Բայց Ձեր լսելու սովորությունը կարծում եք՝ բավարա՞ր է, իսկ ի՞նչ կասեք պատասխանատվության մասին, չէ որ երիտասարդ կանայք են մահացել:
-Բժշկության մեջ ամեն ինչ այդքան պարզ չի, եթե ամեն ինչ հեշտ լիներ, այսպիսի դեպքեր չէին լինի:
-Տեղեկություններ կան, որ առաջիկայում կարող է կասեցվել ԲԿ-ի ծննդօգնության ծառայությունը կամ գործունեության լիցենզիան ընդհանրապես:
-Բոլոր հիվանդանոցներում նման դեպքեր լինում են, հոգեբանական պահը մի կողմ դրած, այնպես չի, որ միայն «Սլավմեդ»-ում են նման դեպքեր եղել, եթե փակում են, թող բոլորը փակեն: Մենք էլ ենք շատ ուզում իմանալ՝ ինչն է պատճառը: Իսկ Համբարձումյանի անունը շահարկողները պետք է մարդուն իմանան, նոր խոսեն, էլի եմ ասում՝ թացը չորից տարբերեն: Կրկնում եմ՝ հիվանդանոցի սեփականատերը եւ տնօրենը ես եմ, Համբարձումյանին հանգիստ թողե՛ք:

 

 

 
ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւանի Խորենացի փողոցում եւ Սարի Թաղում տեղի ունեցած բախման հետեւանքով տուժել են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, վնասվել է նրանց աշխատանքային տեխնիկան:

Իհարկե, լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով եւ այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Այսպիսով՝ ՀՔԾ-ն արդեն երկրորդ անգամ է ստանձնում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մասով հարուցված քրեական գործի քննության ընթացքը: Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 23-ի վաղ առավոտյան՝ ժամը 5:30-ի սահմաններում, Երեւանի Բաղրամյանի պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած նստացույցը ցրելիս ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաեւ քաղաքացիական հագուստով մի շարք անձինք, ֆիզիկական բռնության էին ենթարկել մասնագիտական աշխատանքը կատարող 13 լրագրողի ու օպերատորի, խոչընդոտել են տարբեր ԶԼՄ-ների մոտ 15 ներկայացուցչի օրինական գործունեությունը, կոտրել կամ վնասել են նրանցից շատերի նկարահանող սարքերը, ոչնչացրել են տեսագրություններ ու լուսանկարներ:
Տուժած լրագրողների վկայությամբ՝ ոստիկանների հարձակումները նպատակաուղղված են եղել, եւ նույնիսկ ներկայանալն ու լրագրողի վկայական ցույց տալը կամ տեսախցիկների վրա նշված լրատվամիջոցների տարբերանշանները զերծ չեն պահել բռնություններից: Ու թեեւ հրապարակվել էր այն ոստիկանների եւ քաղաքացիական հագուստով անձանց լուսանկաները, որոնք հարձակվել եւ բռնության էին ենթարկել լրագրողներին, այնուամենայնիվ, հարձակումներից 1 տարի անց մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: ՀՔԾ-ում նախաքննությունը շարունակվում է:
Բայց եթե 2015 թվականին տեղի ունեցած բռնություն գործադրողների գոնե մի մասը ճաղերի հետեւում հայտնվեր, ապա, ամենայն հավանականությամբ, մենք 2016 թվականի հուլիսի 29-ին լրագրողների նկատմամբ ցուցաբերված բռնության ականատես չէինք լինի:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 
ԿՎՆԱՍԻ ԻՐԵՆ
«Ժողովուրդ»-ի խմբագրություն դիմած Սարի թաղի բնակիչ Լալա Բերնեցյանը հայտնեց, որ իր ամուսինը՝ Էդուարդ Զեյթունցյանը, հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ կալանավորվել է:
Մեր զրուցակիցը պատմեց, որ մի քանի տարի առաջ է վերադարձել ամուսնու հետ Հայաստան. «2013 թվականին Մոսկվայում վթարի արդյունքում մեր որդին մահացավ, որից հետո վերադարձանք Հայաստան եւ մինչ օրս ապրում ենք Հայաստանում: Հուլիսի 19-ին աշխատանքից վերադառնալուց ամուսինս նկատել է, որ Սարի թաղի մի հատվածում թաղի տղաները հավաքվել են ու վիճում են ոստիկանների հետ: Ավելի ուշ ամուսինս մոտեցել է թաղի տղաներին՝ հասկանալու համար, թե ինչ խնդիր կա: Ճիշտ հասկացեք, ողջ Սարի թաղը զայրույթի մեջ էր, մենք հուլիսի 17-ից ո՛չ ջուր ունեիք, ո՛չ գազ, ո՛չ տրանսպորտ, ու տղաները այնքան տաքացած են եղել, որ ոստիկանների հետ սկսել են վիճել, ինչն էլ վերածվել է ծեծկռտուքի»:
Ըստ մեր զրուցակցի՝ դեպքից մի քանի օր անց իրենց տուն են այցելել ոստիկանները եւ Էդուարդ Զեյթունցյանին հրավիրել են ոստիկանություն. «Ոստիկանությունում տեսագրություն են ներկայացրել ու որոշում կայացրել, որ պետք է ձերբակալեն ամուսնուս: Ավելի ուշ մենք պարզեցինք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով, քրեական գործ է հարուցվել, եւ ամուսինս կալանավորվել է: Ես երեկ դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին, որ գան տեսնեն, թե Սարի թաղի 3-րդ փողոցում ինչ պայմաններում եմ ապրում, իմ ամուսինս տան միակ աշխատողն է, եւ եթե նա երկար մնա կալանքի տակ, չգիտեմ, թե մեզ հետ ինչ կկատարվի: Ես որբ աղջիկ եմ եւ խնդրում եմ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ազատ արձակեն իմ ամուսնուն, ամեն ինչ ավարտվել է: Քանի անմեղ ընտանիք պետք է տուժի այս դեպքերից, մենք մեր համար հանգիստ ապրում էինք, այս ինչ կատարվեց, եթե այսպես շարունակվի, իմ ապրելը իմաստ չունի, ես կվառեմ ինձ»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

47 ՀՈԳՈՒ
ԱԱԾ-ն հայտնում է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հուլիսի 17-ին ԱԱԾ քննչական վարչությունում քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 եւ 235 հոդվածներով:




Լրահոս