Որքան ժամանակ շահեց Սերժ Սարգսյանը. ռուսական կողմը երկար չի սպասի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթ գրում է. «Երեկ Հայաստանի նախագահական կայքը պաշտոնապես ազդարարեց, որ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս հաղորդագրությունն ուշագրավ է այն տեսանկյունից, որ դրանում ոչինչ նշված չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու եւ ԼՂՀ խնդրի շուրջ բանակցելու մասին: «Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա Նախագահ Պուտինի հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջեւ մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ»,- նշված է նախագահականի տարածած հաղորդագրությունում:

Մինչ այս հայտնի էր, որ օգոստոսի 8-ին Մոսկվայում պետք է տեղի ունենա Սարգսյան-Պուտին-Ալիեւ հերթական եռակողմ հանդիպումը, որի ընթացքում պաշտոնական Մոսկվան փորձելու էր հայկական կողմին պարտադրել ԼՂՀ խնդրի կարգավորման հետ կապված կոնկրետ խոստումներ տալ: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանում վերջին երկու շաբաթներին ծավալված իրադարձությունների արդյունքում ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները մի առ ժամանակ հետաձգվել են: Սակայն Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, Մոսկվա մեկնելը փաստում է, որ ռուսական կողմը մտադիր չէ երկար սպասել: Իսկ թե ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձությունների շնորհիվ Սերժ Սարգսյանը որքան ժամանակ շահեց, պարզ կդառնա նրա մոսկովյան այցելությունից հետո»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս