Մինչ քաղաքական դաշտի ընդդիմադիր խաղացողները զբաղված էին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ելքեր փնտրելով, ճիշտ դիրքավորվելու համար իշխանական շրջանակներում շարունակվում են 2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ խմորումները:
Բնականաբար հիմնական խնդիրը, որի շուրջ իշխանական կուլիսներում քննարկումներ են ընթանում, մանդատների բաշխման սկզբունքն է: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի ամեն մի մարզ իշխանական պատգամավորների իր խումբն ունի: Նախորդ խորհրդարանական ընտրություններում այդ պատգամավորները մանդատ են ստացել իշխանական կուսակցությունների համամասնական ցուցակներով կամ մեծամասնական ընտրակարգով: ՀՀ ընտրական նոր օրենսգրքով նախատեսված կարգը ենթադրում է, որ իշխանական պատգամավորներն անպայման պետք է ներառվեն կուսակցական ցուցակներում: Հատկապես, նրանք, որոնք չնայած իշխանական գործիչներ են, բայց մինչ այս մանդատ են ստացել ոչ որպես ՀՀԿ-ական, այժմ չեն կարողանում կողմնորոշվել. արդյոք պետք է շարունակեն իշխանական կուսակցություններում ոչ ՀՀԿ-ում մնալ, թե սկսեն բացահայտ հանդես գալ:
Բանն այն է, որ ՀՀԿ-ից բացի՝ մյուս իշխանական կուսակցությունների ապագան շատ աղոտ է: Ակնհայտ է, որ այդ կուսակցությունները լավագույն դեպքում կկարողանան անցողիկ շեմի` 5 տոկոսանոց արգելքը հաղթահարել, քանի որ իշխող ՀՀԿ-ն չի կարողանա մի կողմից մեծամասնություն ունենալու խնդիրը «լուծել», մյուս կողմից էլ արբանյակներին տեր կանգնել: Ենթադրվում է, որ իշխանական արբանյակ կուսակցությունները, որոնք այսօր խորհրդարանում բավական պատկառելի ներկայություն ունեն, ապագա ԱԺ-ում լավագույն դեպքում կստանան 5-ից 6 մանդատ:
Այսինքն՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձածները, որոնք մինչ այս այլ կուսակցություններում էին ծվարել, պարտադրված են ՀՀԿ-ում տեղ հայցել: Մյուս կողմից ՀՀԿ-ի մանդատով մինչ այս պատգամավոր դարձածների թվի պակասություն եւս չի զգացվում: Ինչպես հայտնի է՝ հանրապետությունը բաժանվել է 13 ընտրատարածքների, որոնցում կուսակցությունները պետք է ներկայացնեն առնվազն հինգական թեկնածու: ՀՀԿ-ի ներսում արդեն իսկ քննարկում են, որ ամեն ընտրատարածքում մոտ տասական թեկնածուներ են լինելու: Սակայն նրանցից մանդատ ստանալու հնարավորություն կունենան առավելագույն քվե ապահովածները: Այսինքն՝ տասը հոգով կպայքարեն, բայց նրանցից մանդատ կստանա մեկը: Բայց ողջ խնդիրն այն է, որ նրանք հավասար կարգավիճակ ունեցողներ են, նրանցից բոլորը ունենալու են ընտրակեղծարարության նույն գործիքները: Եթե նրանց այդ մրցակցությունը, այսպես կոչված, թույլատրելի սահմաններից դուրս չգա, ապա նրանց կռիվը կլինի ՀՀԿ-ի օգտին: Իսկ ինչ տեղի կունենա, եթե նրանք սկսեն միմյանց գոտկատեղից ներքեւ հարվածել, այս դեպքում արդեն ընտրական գործընթացները կարող են ՀՀԿ-ի ներսում լուրջ ներկուսակցական բախումների առիթ դառնալ:
Մյուս կողմից՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ իշխանությունների, այսպես կոչված, «ձայներ բերող» զանգվածը, որի դերում մինչ այս հիմնականում հանդես են եկել մեծամասնականով առաջադրված պատգամավորները, պնդում են, որ նախկինում համամասնական ցուցակներով մանդատ ստացածները եւս անպայման տարածքային ցուցակներում լինեն եւ իրենց հետ հավասար պայքարեն: Իշխանությունների նշված զանգվածը, որը հիմնականում ներկայացնում է ՀՀԿ-ի քաղաքական թեւը, լուրջ խնդիրների առջեւ կարող է հայտնվել, քանի որ ընտրությունների կեղծման ողջ համակարգը հիմնականում գտնվում է մեծամասնական ընտրակարգով առաջադրվողների տիրապետման տակ: Իսկ առանց ընտրակեղծիքի իշխանական թեկնածուները, մեղմ ասած, դատապարտված են:
Իրենք՝ ՀՀԿ-ականները, կես կատակ-կես լուջ ասում են, որ Սերժ Սարգսյանը որոշել է իրենց գլադիատորների պես կռվեցնել, եւ ով այդ մենամարտերից հետո «ողջ» կմնա, նա էլ կստանա այդքան բաղձալի պատգամավորական մանդատը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ