Սևանա լճի մակարդակը բարձրացել է. մտահոգի՞չ , թե ուրախալի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տվյալներ հրապարակեց այն մասին, որ Սևանա լճի մակարդակը այս տարվա հուլիսի 26-ի դրությամբ 25 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Ըստ ԱԻՆ-ի՝ լճի մակարդակն այս տարվա հուլիսի 26-ի դրությամբ եղել է 1900.73մ, իսկ անցյալ տարվա նույն օրը այն 1900.48 մ էր: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ այս տարվա ամենաբարձր ցուցանիշը եղել է հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ին, երբ լճի մակարդակը բարձրանալով հասել է 1900.77 մ-ի, այնուհետեւ մեկ սանտիմետրով իջել է եւ մինչեւ հուլիսի 15-ը պահպանել 1900.76մ մակարդակը, ապա աստիճանաբար սկսել է նվազել:

ՀՀ ԱԻՆ-ի այս հրապարակման հետ կապված Համահայկական բնապահպանական ճակատը կոչով դիմել է Սեւանա լճի խնդիրներով անմիջականորեն զբաղվող պետական բարձրաստիճան կառույցներին եւ հորդորել չկասեցնել Սեւանա լճի մակարդակի բնականոն աճը: ՀԲՃ անդամ Լեւոն Գալստյանի պնդմամբ՝ Սեւանա լճի միակ փրկությունը, գոյատեւման երաշխիքը եղել եւ այսօր էլ մնում է մակարդակի անշեղ եւ շարունակական բարձրացումը:

Այս թեմայի շուրջ ՀԲՃ-ն հանդես է եկել նաեւ հայտարարությամբ, որտեղ նշված է, որ պաշտոնական տվյալներով՝ վերջին 4 տարում (2012-2015թթ.) Սեւանա լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 6 սմ-ով, այն դեպքում, երբ 2002-2005թթ. (նույնպես 4 տարում) լճի մակարդակը բարձրացել էր 1,75 մ-ով: Ստացվում է, որ վերջին 4 տարիների ընթացքում լճի մակարդակի աճ գրեթե տեղի չի ունեցել, չնայած որ այդ ժամանակահատվածներում լճի ավազանում մթնոլորտային տեղումների ծավալները շատ չեն տարբերվել նախորդ ժամանակափուլից: Ըստ ՀԲՃ-ի՝ վերջին 4 տարում ակնհայտորեն կասեցվել է Սեւանա լճի մակարդակի բնականոն բարձրացումը:

Իսկ լճի մակարդակի փոփոխման դինամիկայի վիճակագրական հարցերով զբաղվող կառույցների ղեկավարներին ՀԲՃ-ն հորդորել է այսուհետ զերծ մնալ հանրությանը շփոթեցնող տեղեկատվական տվյալից` 01.01.2011-ից գեոդեզիական նիշերի ճշգրտումների արդյունքում Սեւանա լճի իրական մակարդակի (ծովի մակերեւույթից) արհեստականորեն 20 սմ-ով ավելացված չափը հաշվարկելով որպես լճի մակարդակի բնական աճ: Դա նշանակում է մոտ 250 մլն խմ ծավալի ջրի ավելացում լճի պաշարներին, որն իրականում գոյություն չունի:

Նկատենք, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը բնապահպանների համար ուրախալի լուր է, իսկ ափամերձ տարածքների օբյեկտների սեփականատերերի համար` մտահոգիչ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս