Իշխանական շրջանակները փորձում են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման պատմությունում «արտաքին հետք» գտնել: Նրանց կարծիքով արտաքին ինչ-որ ուժեր ցանկացել են այդպիսով Հայաստանում կրկնել ուկրաինական Մայդանը: Ուստի իշխանական գործիչները մասնավոր զրույցներում արդարացնում են իրավապահների կոշտ գործողությունները՝ ասելով, թե այդպես իրենք կանխել են Մայդանի կրկնությունը Հայաստանում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանն ասաց, որ ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձություններում եղել են չորս խաղացող՝ ՀՀ հասարակության մի մասը, որը դուրս էր եկել ցույցերի եւ սոցիալական ցանցերով նրանց աջակցողները, երկրորդը՝ իշխանությունն էր, երրորդը՝ Արեւմուտքն էր, իսկ չորրորդը՝ Ռուսաստանը: «Սա Արեւմուտքի անուղղակի, ինչու չէ նաեւ ուղղակի մեսիջը կամ ուղերձն էր Հայաստանի իշխանություններին քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու: Հակառակ դեպքում հաջորդ անգամ նրանք արդեն անհատապես պատասխանատվություն կկրեն ՀՀ-ում չկայացած բարեփոխումների եւ ամեն գնով ռուսներին դուր գալու քաղաքականության համար: Սա նպատակ չուներ Մայդան հրահրելու, սա Մայդանի տեխնոլոգիա չէր: Սա ուղղակի մեսիջի տեխնոլոգիան էր, վերջին զգուշացումը»,- պարզաբանեց քաղաքագետը: