Արտադրական դժբախտ պատահարների մեծ մասը արձանագրվել է հանքագործական արդյունաբերության ժամանակ. որոնք են պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանքարդյունաբերական ընկերություններում անվտանգության կանոնները չպահպանելու արդյունքում պարբերաբար դժբախտ դեպքեր են գրանցվում: Սակայն համեմատաբար բարձր վարձատրության դիմաց մարդիկ, իրենց կյանքն ու առողջությունը վտանգելով, աշխատում են հանքերում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրերս նման դժբախտ դեպք գրանցվել է նաեւ ՀՀ Լոռու մարզի «Արմենիան Քափըր Փրոգրամ» (Էյ-Սի-Փ) ՓԲԸ-ի՝ Ալավերդու նախկին պղնձամոլիբդենային գործարանում, ինչի արդյունքում երկու աշխատակից մարմնական վնասվածքներ են ստացել:

Հուլիսի 22-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի վերագործարկման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել ընկերության երկու աշխատողներ: Տուժածներից մեկը ոտքի կոտրվածքով հոսպիտալացվել է, մյուսը ամբուլատոր բուժօգնությունից հետո դուրս է գրվել: Տուժած աշխատակիցների կյանքին վտանգ չի սպառնում: Նրանցից մեկը ստացել է ազդրի կոտրվածք, մյուսն էլ՝ աչքերի թեթեւ վնասածք:
Տեղեկացնենք, որ «Էյ Սի Փի»-ն «Վալեքս» խմբի ընկերություններից է:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Վալեքս» ընկերության մամուլի քարտուղար Վահրամ Ավագյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ի՞նչն է եղել պայթյունի պատճառը: Մենք նաեւ հարցրինք՝ արդյոք ընկերությունը պատրաստվո՞ւմ է տուժածներին փոխհատուցել եւ ի՞նչ երաշխիք կա, որ գործարանում պայթյունի դեպքը չի կրկնվի: Ընկերության մամուլի քարտուղար Վ. Ավագյանը մեզ հուզող հարցերին գրավոր պատասխանեց. «Ընկերությունը հոգացել է տուժածներին բուժօգնության տրամադրման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը եւ պատրաստ է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմաններում փոխհատուցել վթարի հետեւանքով տուժածներին հասցված ցանկացած վնաս»: Հուլիսի 22-ին հնչած պայթյունի հետ կապված Ալավերդիի բնակիչները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ պայթյունը հնչել է գործարանի վառարանի փորձարկման ժամանակ: Ըստ ալավերդցիների՝ հնչած պայթյունից մի քանի օր առաջ այն անսարք է եղել: Եւ երբ վերանորոգումից հետո ընկերության աշխատակիցները փորձարկել են վառարանը, այն պայթել է:

Ընկերության մամուլի քարտուղարը «Ժողովուրդ»-ին փոխանցեց նաեւ, որ ուսումնասիրություն (քննություն) է իրականացվում պայթյունի պատճառները եւ այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ. «Ուսումնասիրության արդյունքներով կարվեն համապատասխան հետեւություններ՝ այդպիսի վթարներն ապագայում բացառելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման վերաբերյալ»,- հավաստիացրեց ընկերության ներկայացուցիչը:

Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ տարվա ընթացքում աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով արձանագրվել է 45 արտադրական դժբախտ պատահար, որից 5-ը մահացու ելքով: Մայրաքաղաք Երեւանում դժբախտ դեպքերի քանակը կազմել է 10, 22 դեպք (3-ը մահացել են) արձանագրվել է Սյունիքի, 7-ը՝ Լոռու մարզում: Նկատենք, որ 2014 թվականի ընթացքում աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով արձանագրվել է 55 արտադրական դժբախտ պատահար: Այսինքն՝ արտադրական դժբախտ պատահարները 2014 թվականին, 2015 թ.-ի համեմատ, 10-ով նվազել են: Իսկ, ահա, Լոռու մարզում վերոնշյալ ժամանակահատվածում արտադրական դժբախտ պատահարների քանակը 2014 թվականին եղել է 4, 2015-ին՝ 7:

Ստացվում է, որ վերոնշյալ ժամանակահատվածում դժբախտ պատահարների քանակը Լոռու մարզում 3-ով ավելացել է: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ արտադրական դժբախտ պատահարների մեծ մասը արձանագրվել է հանքագործական արդյունաբերության եւ բացհանքերի շահագործման ժամանակ: Նախորդ տարի հանքագործական արդյունաբերության եւ բացհանքերի շահագործման արդյունքում գրանցվել է 33 դժբախտ պատահար, որից 4-ը՝ մահացու ելքով: Իսկ մշակող արդյունաբերության ոլորտում գրանցվել 4 դժբախտ պատահար:

Նախորդ տարվա տվյալներով՝ դժբախտ պատահարների հետեւանքով Երեւանում եւ Սյունիքի մարզում մեկական տղամարդ դարձել է 1-ին, Գեղարքունիքի մարզում 1 տղամարդ՝ 2-րդ խմբի հաշմանդամ:

Հ.Գ. Ալավերդու պղնձաձուլական գործարանում հնչած պայթյունի մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Ալավերդիի քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի հետ, սակայն վերջինս խուսափեց որեւէ տեղեկություն տալուց: «Ես ոչնչից տեղյակ չեմ, միայն գիտեմ, որ այն աշխատակիցները, որոնք վնասվածք են ստացել, այժմ իրենց լավ են զգում: Ավելին ոչինչ չգիտեմ»,- ասաց քաղաքապետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս