Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավումից հետո մինչ խմբավորման անդամների հանձնվելը, սովորաբար մեծ-մեծ խոսող, ամպագոռգոռ հայտարարություններ անող իշխող Հանրապետական կուսակցության անդամներն ասես մեկ մարդու նման «լռության ուխտ» էին տվել եւ, առհասարակ, անհետացել դաշտից: Տեւական ջանքերից եւ անհաջող փորձերից հետո «Ժողովուրդ»-ին, ի վերջո, հաջողվել էր հուլիսի 27-ին զրուցել զրուցել միակ համարձակ հանրապետականի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, հուլիսի 17-ից Երեւանում ստեղծված արտակարգ իրավիճակին ՀՀԿ-ականները կարծես անհաղորդ են. սովորաբար ամեն առիթով ակտիվ մեկնաբանություններ եւ ամպագոռգոռ հայտարարություններ անող իշխող ուժի ներկայացուցիչներն այս օրերին ասես անհետացել են: Եթե առաջին վեց օրերին կարծիք կար, որ նրանց Սերժ Սարգսյանն արգելել է խոսել, ապա հենց իր՝ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, կարծես թե, այլեւս նման խնդիր չպիտի լիներ: Ինչո՞ւ են Ձեր կուսակիցները համատարած լռում, եւ ո՞րն է Ձեր գնահատականը այս զարգացումների վերաբերյալ:
-Իմ գնահատականը, բնականաբար, շատ բացասական է, որովհետեւ այսօրվա դրությամբ մենք այն վիճակում չենք, որ մեզ թույլ տանք նման իրավիճակ: Որովհետեւ այսօր մենք ունենք անվտանգության խնդիր, Ղարաբաղի հարցը ունենք, բանակցային փուլում ենք գտնվում, եւ չեմ կարծում որ նման իրավիճակները կարող են օգուտ բերել այդ հարցին, հատկապես անվտանգության խնդրի հետ կապված: Չեմ ցանկանում նման իրադարձություններ տեղի ունենան, հայը հայի վրա իրավունք չունի կրակի, հայը ունի այսօր թշնամի, մենք ունենք երկիրը շենացնելու, դրական ուղով տանելու խնդիրները: Այսօր յուրաքանչյուրիս ուղեղը պետք է դրանով զբաղվի, իսկ այսօր բոլորս նստած, սեւեռված այս իրադարձություններին ենք հետեւում: Չեմ ուզում, որ սա երկար ձգվի, իմ ցանկությունն է, որ շատ շուտով խաղաղ հանգուցալուծում ստանա:
-Պարո՛ն Գրիգորյան, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները որոշեցին զենքով գնալ իշխանափոխության, այն էլ հենց այս փուլում:
-Չեմ կարող ասել, դա իրենց հարցվել է, իրենք իրենց տեսակետները ասել են, բայց իմ կարծիքով այդ իրավիճակը շատ սխալ է, զենքով հարց լուծում են բռնապետական երկրներում, իսկ Հայաստանի Հանրապետությունը հաստատ բռնապետական երկիր չէ: Մենք մեր երիտասարդ, նորանկախ հանրապետության 25-ամյա զարգացման ուղում ենք գտնվում, եւ դեռ այդ ուղին պետք է շարունակենք, բայց դրա համար մի քիչ համբերություն է պետք: Մենք հաստատ բռնապետական երկիր չենք, ինչպես տղաներից ոմանք ցանկանում են շեշտել:
-Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ ստեղծված իրավիճակից պետք է դասեր քաղենք: Դուք կոնկրետ ի՞նչ դասեր քաղեցիք:
-Մեզ իրականում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, անկախ նրանից որ ես իշխող կուսակցության ներկայացուցիչ եմ, բայց, համենայնդեպս, ես նաեւ հայ եմ: Իհարկե, մենք բոլորս էլ տեսնում ենք, մենք ինքներս` հանրապետականներս, ընդունում ենք, որ երկրում կա իրական կոռուպցիա, կոնկրետ ինձ համար դաս քաղելու տեսակետից առաջնային է. կոռուպցիայի դեմ պետք է տարվի շատ լուրջ պայքար: Բազմիցս ենք շեշտել, որ այդ ախտանիշը ցանկացած հայ մարդու մտքից, երակներից, արյունից պետք է հանել ու դեն նետել: Դա է մեր երկրի զարգացման գրավականը: Կոռուպցիա կոչվածի վրա պետք է խաչ քաշել:
-Պարո՛ն Գրիգորյան, անձամբ Դուք ստեղծված իրավիճակում պատասխանատվություն զգո՞ւմ եք:
-Իհարկե, զգում եմ: Ես էլ եմ պատասխանատու, Դուք էլ եք պատասխանատու՝ որպես լրագրող, ցանկացած հայ էլ պատասխանատու է, ասում եմ ամենայն ազնվությամբ: Այն հայը, որն իր ուժերի հարյուր տոկոսով չի նվիրվում իր երկրի շենացմանը, ցանկացած վատ երեւույթի վերացմանը, նա կրում է պատասխանատվություն: Նույնիսկ 90 տոկոսն էլ քիչ է:
Արփինե Թովմասյան