Անպատժելիության հետևանքները. հերթական քրեական գործը լրագրողներին բռնություն ենթարկելու դեպքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւանի Խորենացի փողոցում եւ Սարի Թաղում տեղի ունեցած բախման հետեւանքով տուժել են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, վնասվել է նրանց աշխատանքային տեխնիկան:

Իհարկե, լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով եւ այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Այսպիսով՝ ՀՔԾ-ն արդեն երկրորդ անգամ է ստանձնում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մասով հարուցված քրեական գործի քննության ընթացքը: Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 23-ի վաղ առավոտյան՝ ժամը 5:30-ի սահմաններում, Երեւանի Բաղրամյանի պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած նստացույցը ցրելիս ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաեւ քաղաքացիական հագուստով մի շարք անձինք, ֆիզիկական բռնության էին ենթարկել մասնագիտական աշխատանքը կատարող 13 լրագրողի ու օպերատորի, խոչընդոտել են տարբեր ԶԼՄ-ների մոտ 15 ներկայացուցչի օրինական գործունեությունը, կոտրել կամ վնասել են նրանցից շատերի նկարահանող սարքերը, ոչնչացրել են տեսագրություններ ու լուսանկարներ:

Տուժած լրագրողների վկայությամբ՝ ոստիկանների հարձակումները նպատակաուղղված են եղել, եւ նույնիսկ ներկայանալն ու լրագրողի վկայական ցույց տալը կամ տեսախցիկների վրա նշված լրատվամիջոցների տարբերանշանները զերծ չեն պահել բռնություններից: Ու թեեւ հրապարակվել էր այն ոստիկանների եւ քաղաքացիական հագուստով անձանց լուսանկաները, որոնք հարձակվել եւ բռնության էին ենթարկել լրագրողներին, այնուամենայնիվ, հարձակումներից 1 տարի անց մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: ՀՔԾ-ում նախաքննությունը շարունակվում է:

Բայց եթե 2015 թվականին տեղի ունեցած բռնություն գործադրողների գոնե մի մասը ճաղերի հետեւում հայտնվեր, ապա, ամենայն հավանականությամբ, մենք 2016 թվականի հուլիսի 29-ին լրագրողների նկատմամբ ցուցաբերված բռնության ականատես չէինք լինի:

Քնար Մանուկյան




Լրահոս