Ժիրայր Սէֆիլյանը նամակ է հղել Պավլիկ Մանուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից նամակ է ուղարկել Պավլիկ Մանուկյանին: Նամակն ամբողջությամբ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը.

«Սիրելի Պավլիկ,

Բարեբախտաբար հուլիսի 31-ին տղաները ճիշտ որոշում կայացրին՝ խուսափելով երկկողմ արյունահեղությունից:

Հուլիսի 17-ից սկսած դուք արել եք ձեզնից կախված առավելագույնը: Ապացուցել եք, որ հայը երբեք ստրուկ չի եղել և չի լինելու: Ձեր արարքով ապացուցել եք, որ հայը մահից ու բանտից վախեցողը չէ, դրանով իսկ փաստելով, որ մեր ազգն անմահ է: Վստահ եղիր, որ այս զոհողությունը իմաստավորվելու է, և մեր սիրելի ժողովուրդն ուշ թէ շուտ ապստամբելու է:

Հուլիսի 27-ին (այդ օրը Լիզպոնի տղաների նահատակության 33-րդ տարին լրացավ) վիրահատությունից հետո, երբ բացեցիր աչքերդ և հասկացար, թե ինչ է տեղի ունեցել, ապրեցիր երկու խիստ հակասական զգացում: Առաջինը՝ ուրախությունն էր, որ Արամի կյանքին վտանգ չի սպառնում, և երկրորդը՝ տխրությունն էր, որ այդպիսի ծանր վնասվածքներով գամված ես անկողնուն, ա՛յո, քեզ լավ ճանաչելով վստահ պիտի նախընտրեիր անշնչանալը, քան այդ վիճակում հայտնվելը և այդ պատճառով որոշեցիր հրաժարվել սնվելուց:

Սիրելի՛ Պավլիկ, ինչպես տեսնում ես, ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք որոշել, եթե ողջ ես մնացել, ուրեմն դա Աստծո կամքն է եղել, եթե ողջ ես մնացել ուրեմն տակավին բան ունես անելու ընդհանուրի՝ Հայաստանի և քո ընտանիքի համար:

Ուստի եղբայրաբար խնդրում եմ դադարեցնես հացադուլը, և օգնելով բժիշկներին՝ օր առաջ ոտքի կանգնես:

Հոգով և մտքով միշտ քեզ հետ:

Ժիրայր ՍէՖիլյան

Վարդաշեն ՔԿՀ- ից

Օգոստոսի 4, 2016թ.»:




Լրահոս