
Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ՀՅԴ-ն կմասնակցի ավագանու անդամների թեկնածուների իր ցուցակով: Այն գլխավորելու է «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանը:
«Ժողովուրդ»-ը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանից փորձեց պարզել՝ ինքը իր կուսակցի՞ն է սատարելու, թե՞ ՀՀԿ-ին: Սկզբում մարզպետը հայտարարեց, որ ինքը որպես մարզպետ իրավունք չունի սատարել որեւէ թեկնածուի: Այնուհետեւ մտափոխվեց եւ ասաց.
«Բայց ցանկացած կուսակցական անձ իր կուսակցությանը պետք է սատարի իր կեցվածքով, ճիշտ աշխատանքով, որպեսզի հասարակությունը, մեր ընտրողները հաշվի առնեն, որ տվյալ պաշտոնյան այս կամ այն կուսակցությունից լավն է, ճիշտ է աշխատում եւ դրանով ավելացնի քվեն: Սատարելու այլ տարբերակ չի լինի: Դաշնակցական թեկնածուին սատարում եմ այնքանով, որ, որպես դաշնակցական մարզպետ, իմ աշխատանքով կարողանամ ձայներ բերել այդ կուսակցությանը: Իսկ պետական լծակները բոլորի համար հավասար է աշխատելու»: