Վարչապետը նախարարներին հորդորեց չխոսել միայն հաջողություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամփոփեց 2016 թվականի առաջին կիսամյակի տնտեսական արդյունքները: Նա նշեց, որ 2016 թվականի սկզբին Հայաստանի Հանրապետության առջև ծառացած էին բազում ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ:

Նա նշեց, որ հիմնվելով 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալների վրա, կարելի է փաստել, որ առկա են որոշակի հաջողություններ: «Արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի՝ 2016 թվականի արտաքին առևտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը: Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ` այն է ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»,- հավելեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է՝ ջանքերն ուղղված լինեն նրան, որ այդպիսի փոփոխության հնարավորությունը վերածվի փաստի: «Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ դրական փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ անելիքներ չունենք: Առկա են բազմաթիվ հրատապ լուծում պահանջող խնդիրներ»,- նկատեց վարչապետը և բոլոր գերատեսչության ղեկավարներին հորդորեց առաջին կիսամյակի ամփոփման ժամանակ ոչ միայն հաջողությունները նշվեն, այլ նաև այն բոլոր հարցերը, որոնք գերակա են:




Լրահոս