Ինչո՞ւ են Ալավերդիի մի քանի մանկապարտեզներ փակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալավերդիի «Մանես» բարեգործական հիմնադրամի լուծարումից հետո քաղաքում գործող թվով 6 մանկապարտեզներ փակվել են: Իսկ Ալավերդիի քաղաքապետարանը բավարար ֆինանսական միջոցներ չունի, որպեսզի քաղաքային բյուջեով կարողանա կատարել մանկապարտեզների ծախսերը: Արդյունքում մանկապարտեզների փակման պատճառով Ալավերդիում դժգոհությունների ալիք է բարձրացել:

Նշենք, որ Ալավերդու «Մանես» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2005 թվականին: Հիմնադիրներն են «Վալլեքս» խմբի ընկերությունների գործադիր վարչության նախագահ Վալերի Ջանիբեկի Մեջլումյանը, Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Համլետ Թամազյանը եւ բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Սարգսի Երիցյանը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Մանես» բարեգործական հիմնադրամը դեռեւս փետրվարի 22-ից դադարեցրել է Ալավերդիի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններին մատակարարվող սննդի, սոցիալապես անապահով ընտանիքների 125 երեխաների սննդի վարձավճարների, Մադան թաղամասից թիվ 5 դպրոց տեղափոխվող աշակերտների տրանսպորտային ծախսերի, սոցիալապես անապահով 100 բնակիչների բարեգործական ճաշարանի եւ հիմնադրամով նախատեսված մյուս ծախսերը: Սա ալավերդցիների մոտ դժգոհության ալիք է առաջացել, հատկապես որ այդ ամբողջի ֆինանսավորումը Ալավերդիի քաղաքապետարանը չի կարող իրականացնել:

Ալավերդցիներն իրենց դժգոհությունը փոխանցեցին «Ժողովուրդ»-ին: Նրանց պատմելով՝ քաղաքապետը խոստացել է, որ թիվ 4 եւ թիվ 6 մանկապարտեզները կգործեն միայն օգոստոսի 1-ից, 1-ական խառը խմբերով եւ միայն աշխատող մայրերի համար: Մանկապարտեզների փակումը Ալավերդիի քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը բնակիչներին պատճառաբանել է քաղաքային անբավարար բյուջեով: Նշենք, որ Ալավերդին ունի թվով 6 մանկապարտեզ, երեխաների թիվը 420 է, աշխատողների թիվը՝ 78, դաստիարակների թիվը՝ 36:

Քաղաքապետը մանկապարտեզների փակման հետ կապված հայտարարել է, որ դրանց ծախսերը չի կարող ֆինանսավորել այն պատճառով, որ քաղաքապետարանն իր ամբողջական դոտացիան այս տարի 100 տոկոսով չի ստացել: Նա նշել է, որ վարչական բյուջեի «այլ դոտացիաներ» տողով նախատեսվել է պետբյուջեից 2016 թվականին Ալավերդի համայնքին հատկացնել 65 մլն դրամ, սակայն դրանից 34 մլն դրամը չի հատկացվելու՝ քառօրյա պատերազմի հետեւանքով պետբյուջեում առաջացած ճեղքվածքի պատճառով:

Այս խնդիրը լուծելու նպատակով քաղաքապետ Փարեմուզյանը ինքնուրույն մշակել է քաղաքային բյուջեն խնայելու ծրագիր: Նա մասնավորապես մշակել է քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձի խնայողաբար վճարման ծրագիր, որով քաղաքապետարանի նախադպրոցական ուսումնական 6 ՊՈԱԿ-ներից 4-ը հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը փակվել են:

Ըստ այդմ, քաղաքապետարանի նախադպրոցական 6 ՊՈԱԿ-ների մոտ 100 աշխատողներ կզրկվեն հուլիս, օգոստոս ամիսների իրենց աշխատավարձից: Երաժշտական դպրոցների ուսուցիչները սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների մեկ դրույք աշխատանքի դիմաց կստանան կես դրույք աշխատավարձ:

Երկու գրադարանների 10 աշխատողների նվազագույն 55 հազար դրամ աշխատավարձը կկրճատվի 50 տոկոսով եւ կդառնա 27 հազար դրամ: Իսկ քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձը 50 տոկոսով նվազեցվել է նրանց խնդրանքով եւ դիմումով (նման աբսուրդ երեւի թե անհնար է որեւէ այլ երկրում): Սակայն քաղաքապետի՝ ե՛ւ դոտացիային վերաբերող հայտարարությունը, ե՛ւ բյուջեն խնայողաբար օգտագործելու ծրագիրը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին ամենեւին էլ դուր չի եկել, ինչին հաջորդել է մարզպետի հայտարարությունը՝ Ալավերդիի քաղաքապետարանը 100 տոկոսով չի ստացել դոտացիան:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ը Ալավերդի քաղաքի ավագանու անդամ Գագիկ Էվոյանից տեղեկացավ, որ մանկապարտեզների փակման եւ քաղաքային բյուջեի խնայողության ծրագրի վերաբերյալ ավագանու նիստ չի գումարվել եւ քաղաքապետի այդ նախաձեռնությունը չի քննարկվել: Այսինքն՝ քաղաքապետը այստեղ ինքնուրույն է գործել:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Ալավերդիի քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի հետ, սակայն վերջինս լսելով մանկապարտեզների վերաբերյալ հարցը՝ կոպիտ տոնով պատասխանեց, որ չի կարող խոսել եւ պահանջեց հարցերը գրավոր ուղարկել: Իսկ Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել, քանի որ վերջինս կա՛մ խորհրդակցության էր, կա՛մ մարզպետարանում չէր:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս