Հայաստանը ստեղծում է պետական ընկերություն, որն Իրանից գազ կարտահանի այլ երկրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության որոշմամբ` ստեղծվում է «Էներգաիմպեքս» 100 տոկոս բաժնեմասով պետական ընկերություն, որը հնարավորություն կունենա Իրանից գնել, ներմուծել և արտահանել գազ: «Որոշումը պայմանավորված է նրանով, որ ներկայում ՀՀ­ում չկա որևէ կառույց, որը կունենա իրավունք այլ երկրներից, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետությունից գնել, ներկրել և որպես տարանցիկ երկիր արտահանել էլեկտրաէներգիա և գազ: Կառավարության այս որոշմամբ նախատեսված ընկերության ստեղծումը կփակի այդ բացը, և մենք երկրում կունենանք կառույց, որն այդ իրավունքները կունենա և կիրականացնի»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:

Հիմնավորման համաձայն՝ ընկերության ստեղծումը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան­Հայաստան գազամուղի օգտագործումը: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվում է գազի և էլեկտրաէներգիայի փոխանակում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանը վրացական գնորդներից մեկի հետ ստորագրել է փորձնական պայմանագիր, որի համաձայն՝ 2016 թվականին Հայաստանին մատակարարվող իրանական գազի ոչ մեծ խմբաքանակ նրա տարածքով կուղարկվի Վրաստան:Այդ մասին հուլիսի 26­-ին Թեհրանում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեն: Նրա խոսքով՝ Իրանը հուսով է, որ Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու փորձնական գործարքը կիրագործվի մինչև հաջորդ մարտ:




Լրահոս