«Ոտքի´ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը խստորեն դատապարտում է վերջին օրերի ընթացքում Հայաստանում համատարած բնույթ ստացած մարդու իրավունքների խախտումները, ոստիկանության կողմից կիրառվող բռնությունները, անհիմն և օրենքի կոպիտ խախտմամբ իրականացվող զանգվածային ձերբակալությունները, հավաքների և երթերի ընթացքում ոստիկանության ապօրինությունները, սադրանքները, որոնք երկրում ստեղծել են աննախադեմ լարված և պայթյունավտանգ իրավիճակ:
Այս ամենի գագաթնակետը դարձան 29-ի լույս 30-ի գիշերը Սարի Թաղի իրադարձությունները, որոնք թերևս կարելի է համեմատել միայն 2008-ի մարտի 1-ի ցավալի իրադարձությունների հետ:
Ոստիկանության ապօրինությունների և անպատժելիության արդյունքը եղավ այն, որ մենք ունենք մի քանի հարյուր տուժած և հարյուրից ավելի ապօրինի բերման ենթարկված քաղաքացիներ, մի քանի տասնյակ ձերբակալված, այդ թվում` քաղաքական և հասարակական գործիչներ Անդրիաս Ղուկասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, որոնցից երկուսը՝ Անդրիաս Ղուկասյանը և Դավիթ Հավհաննիսյանը «Ոտքի´ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ են: Բոլորի նկատմամբ էլ օգոստոսի 1-ին շինծու մեղադրանքներով և սուտ վկայություններով որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Նրանցից առնվազը երկուսը՝ Դավիթ Սանասարյանը և Անդրիաս Ղուկասյանը ունեն անհապաղ բուժօգնության կարիք, որից զրկված են: Հայ հասարակության համար ակնհայտ է, որ սա քաղաքական պատվեր է և հրամանները ստացվում են Բ-26 ից: Անդրիաս Ղուկասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը և
Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել են իրենց քաղբանտարկյալներ: Իսկ Անդրիաս Ղուկասյանը, չնայած նրան որ ձեռք է բերել առողջական լուրջ խնդիրներ ոստկանական բռնությունների արդյունքում և զրկված է բուժօգնությունից, հայտարարել է անժամկետ հացադուլ:
«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը դիմում է Հայ հանրությանը, բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված պետությունների դեսպաններին, ՀՀ ՄԻՊ-ին` կոչ անելով կիրառել բոլոր հնարավոր միջոցները և ՀՀ փաստացի իշխանություններին ստիպել գործել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ, որի արդյունքում անհապաղ ազատ կարձակվեն բոլոր ապօրինի ձերբակավածները և խստագույնս կպատժվեն ապօրինությունների ու բռնությունների հեղինակներն ու կատարողները: