Հլը թող իրենք իրենց հավասարակշիռ պահեն, հետո հավասարություն ուզեն. Սուրիկ Խաչատրյանը` «Սասնա ծռեր»-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու ամսից Հայաստանի՝ շուրջ 700 համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սյունիքի մարզում ՏԻՄ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 18-ին, իսկ, ահա, թեկնածուները առաջադրման մասին տարածքային հանձնաժողովներին պետք է դիմեն օգոստոսի 14-ից մինչեւ 19-ը ընկած ժամանակահատվածում: Այսինքն՝ 10 օր է մնացել, որպեսզի Սյունիքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար թեկնածուները հստակեցնեն իրենց քայլերը. առաջադրվում են, թե ոչ:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը ՏԻՄ ընտրություններին ընդառաջ զրուցեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ պատկեր է Սյունիքի մարզում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ:

-Բոլոր համայնքներում ազատ պայմաններ են ստեղծելու բոլոր թեկնածուների համար:

-Իսկ Դուք որոշե՞լ եք՝ ում եք սատարելու:

-Ա՛յ մարդ, բոլորը մեր սյունեցիներն են եւ իմ թեկնածուներն են, ով էլ դնի, մերն է: Կարող է՝ Իրանից են գալիս, թեկնածություն դնում, բոլորն էլ Սյունիքից են, բոլորն էլ մեր ժողովուրդն են: Ժողովուրդը, ում արժանի կգտնի որպես իր համայնքի ղեկավար, նրան էլ կընտրի:

-Բայց Գորիսում իրավիճակը փոքր ինչ այլ է: Ասում են՝ առանց Ձեր «դաբրոյ»-ի այնտեղ որեւէ մեկը չի կարող թեկնածություն դնել: Որոշե՞լ եք, թե ո՞ւմ եք սատարելու:

-Առայժմ որոշված չի, բան չի մնացել, ամսի 14-ից թեկնածուները առաջադրվում են: 10 օր համբերեք, կտեսնենք՝ ովքեր են առաջադրվում, եւ ես կասեմ, թե ում եմ սատարում:

-Տեսակետ կա, որ իշխող ՀՀԿ-ն փորձում է նոր դեմքեր առաջ բերել՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար: Այդպե՞ս է:

-Եթե փորձառու աշխատող մարդիկ են, աշխատելու են, եթե փորձառու չեն եւ երկար ժամանակ աշխատել են, բայց ոչ մի բան չեն արել, այդ մարդիկ, բնական է, աշխատանքը շարունակելու իրավունք չունեն:

-Սիսիան քաղաքում թեկնածուների մասով արդեն հստակություն կա. գործող քաղաքապետն է առաջադրվում, սակայն խոսվում է, որ Դուք որոշել եք Սյունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանին սատարել:

-Չէ՛, չէ՛, Թանգյանը հենց է գյուղվարչության պետն է, դնում է, ի՞նչ անի, Թանգյանը այդ ցանկությունը չունի, ես էլ ցանկություն չունեմ: Թանգյանը՝ որպես գյուղատնտեսության գլխավոր մասնագետ, բարձր մակարդակով կարողանում է դա անել: 10 օր համբերեք, կտեսնենք՝ ովքեր են առաջադրվում, եւ ես կասեմ, թե ում եմ սատարում:

-Պարո՛ն Խաչատրյան, 2015 թվականի մայիսի 20-ին Ձեր դեմ մահափորձ իրականացվեց, եւ այս գործով 1 տարի կալանքի տակ մնաց Գորիսի քաղաքապետի թեկնածու, սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը: Ստացվում է, որ Ձեր դեմ մահափորձի գործով մարդուն անհիմն կալանքի տակ էին պահում եւ մեկ տարի հետո նոր բաց թողեցին: Դուք միտում չե՞ք տեսնում այս ամենի մեջ:

-Ես մտածելու բան չունեմ, ով որ կալանավորել է, թող նա մտածի, ով բաց է թողել թող նա մտածի, ես ի՞նչ պետք է մտածեմ:

-Ձեր դեմ է իրականացվել մահափորձը, ու մարդը անհիմն մնացել է կալանքի տակ, Դուք կապ չունե՞ք նրան անհիմն կալանքի տակ ահելու փաստի հետ:

-Ես երբեւիցե բողոքե՞լ եմ, որ Արա Բուդաղյանը իմ նկատմամբ մահափորձի փորձ է կատարել, ինչ-որ մի տեղ արտահայտված կա՞մ: Ես անգամ Արա Բուդաղյանի ձերբակալման ժամանակ Հայաստանից բացակայում էի: Ես որեւիցե մեկին ասե՞լ եմ, որ նա ինձ մահափորձ է արել կամ չի արել, չեմ ասել նման բան, հիմա ով բռնել է, թող նա մտածի, ով բաց է թողել, թող նա մտածի, թող իրար հետ մտածեն, թե ինչու են ձերբակալել, ինչու են թողել:

-Փաստորեն Դուք իր դեմ ցուցմունք կամ բողոք չեք գրե՞լ:

-Ես ո՛չ բողոքել եմ, ո՛չ էլ խնդիր ունեմ:

-Շուրջ 15 օր էր, Ինչ Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում լարված իրավիճակ էր: «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը: Մարդիկ բողոքում էին երկրում տիրող անարդարության անհավասարության դեմ: Ձեզ չի՞ մտահոգում մեր երկրում տիրող անարդարության մթնոլորտը:

-Շատ վատ արարք էր, շատ վատ, խայտառակ արարք էր եւ անթույլատրելի, դատապարտելի:

-Բայց մարդկանց համբերության բաժակը լցվել էր. հավասարություն եւ արդարություն են ուզում:

-Հլը թող իրենք իրենց հավասարակշիռ պահեն, հետո հավասարություն ուզեն, ամեն ինչն էլ շատ հավասար է, շատ նորմալ է: Նրանք իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում:

Կոնկրետ մտահոգություններ կան ինչպես խմբավորման անդամների, այնպես էլ հասարակության մոտ, որ ԼՂՀ որոշ տարածքների զիջման հարցն է դրված:

-Մենք որեւիցե տարածք չենք զիջելու, տարածքների զիջման խնդիր չկա, եւ նրանց խնդիրը, նպատակը ո՛չ դա էր, ո՛չ էլ այլ բան, նրանց նպատակը ընդամենը հանցագործությունն էր:

 Քնար Մանուկյան




Լրահոս