Գործող նախագահին սատարելը Հայաստանում տխուր հետևանքներ է ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահական ընտրությունները շարունակում են մնալ միջազգային քաղաքականության ամենաքննարկվող թեմաներից մեկը: Նախորդ շաբաթ վերջնականապես պարզ դարձան երկու խոշոր կուսակցությունների պաշտոնական թեկնածուները, որոնցից մեկն էլ հաստատապես կդառնա աշխարհի թիվ առաջին երկրի նախագահը: ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման արդեն իսկ հայտարարել է Քլինթոնին սատարելու մասին, սակայն այդ աջակցության որակն ու ձեւը այնպիսին չէ, ինչպիսին մենք սովոր ենք տեսնել հայաստանյան քաղաքական դժգույն իրականության մեջ:

Ֆիլադելֆիայում կայացած դեմոկրատների մեծ համաժողովում պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնեց կին գործիչ` նախկին նախագահ Բիլ Քլինթոնի տիկին, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Սա պատմական մեծագույն նախադեպ է, որով աստիճանաբար Միացյալ Նահանգները կոտրում են համաշխարհային կարծրատիպերը: Առաջին սեւամորթ նախագահից հետո ԱՄՆ-ն կունենա առաջին կին նախագահը:

Նկատենք, որ Քլինթոնի նախագահությունը իրականություն դարձնելու համար հսկայական ռեսուրսներ են հրապարակ նետվել: Նախկին պետքարտուղարին բաղձալի աթոռից ետ պահելու Թրամփի հավակնությունները ընտրարշավի հետ ավելի են դրսեւորվում այս թեկնածուին բնորոշ ծայրահեղական կեցվածքի ցուցադրությամբ: Քլինթոնի օգտին իրենց աջակցությունը հրապարակեցին ոչ միայն ԱՄՆ կառավարող քաղաքակաան շրջանակները, այլեւ ֆինանսական կենտրոնները: Քլինթոնի նախկին մրցակից Բեռնի Սանդերսը ժամանակին իրավացիորեն մատնանշում էր Wall Street-ի` ամերիկյան ֆինանսական կապիտալի մագնատների շահագրգռվածությունը Քլինթոնի նախագահության նկատմամբ:

Այսօր արդեն Քլինթոնի հետ քարոզարշավ են իրականացնում միլիարդատերեր Ուորեն Բաֆֆեթը, Մայք Բլումբերգը եւ այլք: Վերջիններս սուր քննադատության են ենթարկել Թրամփին` նպատակ ունենալով ցուցադրել գործարարի թույլ կողմերն ու համոզել ամերիկացիներին, որ վերջինիս խոսքերի տակ ոչինչ առարկայական գոյություն չունի:

Բաֆֆեթը պնդում էր, որ Թրամփն առաջին հերթին մարդկայնորեն սխալ է վարվում՝ բոլորին անդադար վիրավորելով` նկատի ունենալով Թրամփի վերջին ծաղրական արտահայտությունները, որոնց համաձայն` ինքը հանուն ամերիկացիների է զոհողություններ արել` շենքեր ու շինություններ կառուցելով: Թրամփի ցինիզմին Բաֆֆեթը հակադրել էր սեփական կարգավիճակը` շեշտելով, որ ինքը հարստացել է եւ դրա համար զոհողություններ չի արել հանուն ինչ-որ մեկի:

Հանրապետականների թեկնածուի դեմ ընդգծված քննադատություն հնչեցրեց նաեւ Մայք Բլումբերգը, որը հրապարակավ հիշեցրեց Թրամփի բիզնես գործունեությունը` հատկապես շեշտելով նրա բազմակի սնանկությունները: Դեմոկրատներին հարող միլիարդատերը զարմանքով նկատել է, որ իրենց աշխարհի մարդիկ ինչ-որ իմաստով ամոթ են զգում սնանկանալու փաստը ընդունելուց, մինչդեռ Թրամփը առիթ-անառիթ գլուխ է գովում, որ կարողացել է հարկերից ազատվել սնանկությունների գնալու ճանապարհով: Գործարարների հասցրած հարվածները, սակայն, Թրամփի դեմ առաջնայնության իմաստով զիջում էին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի գնահատականներին:

Դեմոկրատական կուսակցության մեծ համաժողովում եւ դրան հաջորդած մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահը բավականին կոշտ դիրքորոշում որդեգրեց Թրամփի նկատմամբ: Իր զսպվածությամբ հայտնի Օբաման առաջարկեց բոլորին մի կողմ դնել քաղաքական կոռեկտությունը եւ իրերը կոչել իրենց անուններով: Նա Թրամփի վարած քարոզարշավը համարեց ագրեսիվ, վիրավորական ու ծաղրական բոլոր նրանց հանդեպ, ովքեր դուր չեն գալիս գործարարներին: ԱՄՆ-ում ապրող բազմաթիվ ազգությունների հասցեին Թրամփի ձեւակերպումները նախագահի կարծիքով այլեւս անընդունելի են: Օբաման կոչ արեց Հանրապետական կուսակցության ղեկավարությանը ազդել վերահսկողությունից դուրս մնացած թեկնածուի վրա` նրան կարգի հրավիրելու միտումով: Օբաման ընգծում էր, որ իր երկու ընտրությունների ժամանակ մրցակիցներ Ջոն ՄըքՔեյնն ու Միթ Ռոմնին, թեեւ հակառակորդ ճամբարից էին ու բազմաթիվ հարցերում անհամաձայնություններ են ունեցել միմյանց հետ, սակայն լիովին ի վիճակի էին երկիրը կառավարել: Նույնը անհնար է ասել Թրամփի մասին, որը, Օբամայի պնդմամբ, անպատրաստ է նախագահի պաշտոնը վարելու համար: Բ. Օբաման կասկած էր արտահայտում, թե ինչպես է հնարավոր պատկերացնել, որ Թրամփը կկարողանա վարել պետության արտաքին ու ներքին քաղաքականությունը, երբ հիմնական հարցերի մասին ունի ոչ խորքային, ծայրահեղ ու անլուրջ դիրքորոշում: Հավելենք, որ Օբաման իր անվերապահ աջակցությունն էր հայտնել Հ. Քլինթոնին:

Հայաստանում գործող նախագահի կողմից ընտրություններին չմասնակցելու եւ հարկադրված մեկ այլ թեկնածուի սատարելու փորձը եղել է միայն մեկ անգամ: 2008թ. Ռ. Քոչարյանը, 3-րդ անգամ առաջադրվելու անհնարինությունից դրդված, պաշտպանեց Ս. Սարգսյանին:

Հույս ունենալով Սարգսյանին «անգլիական թագուհի» դարձնել` Քոչարյանը չխորշեց անգամ Մարտի 1-ի ոճրից` արյունահեղությամբ գահը փոխանցելով Սարգսյանին: ԱՄՆ-ում նախագահի սատարումը կոնկրետ թեկնածուին ավելի շատ կրում է խարիզմատիկ բնույթ, եւ բացառված է, որ գործող նախագահը որեւէ տեսակի վարչական ռեսուրս կիրառի հակառակորդ թիմի դեմ պայքարում: 2008թ. 43-րդ նախագահ Ջորջ Բուշը սատարում էր Ջոն ՄըքՔյենին, ինչը շատերին էր թյուր տպավորության մեջ գցել, հատկապես ազդված հայաստանյան իրադարձություններից, որ ՄըքՔեյնն է դառնալու նախագահ, ինչը, իհարկե, իրականություն չդարձավ:

Իսկ, ահա, 2008թ. Քոչարյանը ոչ միայն ընդդիմության թեկնածու Տեր-Պետրոսյանի հետ հրապարակային բանավեճը վարող առաջին դեմքն էր, այլեւ ամբողջ պետական մեքենան կոնկրետ մեկ թկենածուի օգտին աշխատացնողը: Այդպիսով` եթե ԱՄՆ-ում գործող նախագահի աջակցությունը թեկնածուներից մեկի օգտին գերազանցապես խորհրդանշական է, ապա Հայաստանում այն դրսեւորվում է օրենքի կոպիտ խախտումներով` ամեն գնով իշխանությունը պահելու մարմաջով:

 

Ն. Հովսեփյան




Լրահոս