Հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից զենքերը վայր դնելու եւ իշխանություններին հանձնվելու որոշման շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Տիկի՛ն Զոհրաբյան, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորումը որոշեց հանձնվել իշխանություններին: Ձեր կարծիքով՝ 15 օր ծավալած պայքարից հետո նրանց կողմից ճիշտ որոշում կայացվե՞ց:
-«Սասնա ծռեր»-ի տղաները կատարեցին խոհեմ եւ գիտակցված որոշում` հետագա արյունահեղությունից խուսափելու համար: Հետագա զարգացումները լինելու էին շատ վտանգավոր, եւ այլեւս դրված չէր իշխանության կամ «Սասնա ծռեր»-ի խնդիր, դրված էր Հայաստանի Հանրապետության ապագայի խնդիր:
Հիմա եկել է ժամանակը ճիշտ հետեւություններ անելու. տեղի ունեցածը դեռեւս երկար է վերլուծվելու բոլորիս կողմից: Այն, որ երկրում կա դժգոհության մեծ ալիք իշխանություններից, դա փաստ է, բայց ինչը պատճառ դարձավ, որ փորձ արվեց խնդիրները լուծել, ահա, այս ճանապարհով: Երբեք չեմ մոռանա. Խորենացի փողոցում մի ուսուցչուհի ինձ մոտեցավ, մտավորական, եւ ինձ համար դա չափորոշիչ էր, թե ինչքան կարող է հանրությունը զայրացած լինել եւ ասել, թող հազար հոգի էլ մեռնի, ոչինչ:
Ո՛չ, այդպես չպետք է լինի, որեւէ մեկը որեւէ մեկի արյունը չպետք է թափի: Այս ընթացքում մենք տեսանք ֆեյսբուքյան պատերին թառած ինչ-որ զոմբիների խումբ, որ ատելության, արյան, բռնության, գլուխ ջարդելու, մորթելու քարոզ էր անում, այդ ատելությունը ուղղակի սարասափելի էր եւ վտանգավոր:
-Ձեր կարծիքով՝ զենքով իշխանափոխության հասնելու այս փորձը Հայաստանին ի՞նչ տվեց:
-Օր առաջ պետք է արվեն լրջագույն հետեւություններ եւ համակարգային փոփոխություններ, հակառակ դեպքում որեւէ մեկը չի կարող բացառել, որ վաղը նման բան կարող է կրկնվել, իսկ դա երկրի համար կարող է կործանարար լինել:
Հապաղելը, իմիտացիան, ժամանակ ձգձգելը, փոքր, մանր սլաքավարներին գործից հանելը, մեծ շնաձկերին պաշտոններում պահելը ոչինչ չի փոխելու. մեր ջինը այլեւս շշից դուրս է եկած: Բացի այս՝ մեկ կարեւոր խնդրի վրա եւս պետք է ուշադրություն դարձնենք: «Սասնա ծռեր»-ի հանդեպ հաշվեհարդար չպետք է լինի, սա միանշանակ է, եւ քննարկման ենթակա չէ: Կարծում եմ, որ դատավարությանը պետք է ներկա լինեն նաեւ հանրության կողմից վստահություն վայելող իրավապաշտպաններ, որպեսզի դատավարությունը ընթանա բաց, հրապարակային, եւ որեւէ կասկած չպետք է մնա որեւէ մեկիս մոտ, որ ինչ-որ մի օղակի կողմից կարող է լինել հաշվեհարդար:
-Տիկի՛ն Զոհրաբյան, ստեղծված իրավիճակից ոչ արմատական ընդդիմադիր ուժերը, հանությունը ի՞նչ դասեր պետք է քաղեն:
-Հիմա բոլորս, ըստ էության, ստրեսային, շոկային վիճակի մեջ ենք, ինչ-որ ժամանակ է պետք այս վիճակից դուրս գալու, շատ ավելի հանգամանալից անդրադառնալու նրան, թե ինչու մեր երկրում հնարավոր եղավ նման բան: Ես չեմ կասկածում «Սասնա ծռեր»-ի տղաների ազնիվ նպատակներին, բայց որեւէ ազնիվ նպատակ չի կարող իրականացվել բռնությամբ:
Մեր երկրում նման բան չպիտի լիներ, եթե եղավ, ուրեմն մենք բոլորս ենք մեղավոր: Ես իմ մեղքի բաժինը տեսնում եմ, որպես քաղաքական ուժի ղեկավար: Ուրեմն մենք` քաղաքական ուժերս, ինչ-որ բան սխալ ենք արել, մեր տեղում չենք եղել:
-Ի՞նչ կարող էր լինել, եթե, այնուամենայնիվ, «Սասնա ծռեր» խմբի տղաները զենքը վայր դնելու որոշում չկայացնեին:
-Այլ հանգուցալուծումն ուղղակիորեն վտանգելու էր Հայաստանի Հանրապետությանը: Ցանկացած իշխանություն անցողիկ է, այսօր կա, վաղը չկա, կառավարությունը այսօր կա, վաղը չկա, բայց նման քայլերը երկիրը տանելու էին ուղղակիորեն կաթվածի, փակուղի էին մտցնելու:
Արփինե Թովմասյան