Ինչպե՞ս է Ջուլիետա Բաբայանը ռուս աղջկան «ստիպել» ամուսնանալ հայի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քարե հովիտ», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Ընկեր Փանջունի», «Մեր բակը», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Ուրիշի փոխարեն» եւ մի շարք այլ ֆիլմերից հայտնի դերասանուհի, Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի արտիստուհի Ջուլիետա Բաբայանին հեռուստադիտողները շուտով կտեսնեն նոր սերիալում:

Նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է 50 տարի Մայր թատրոնում աշխատելու, երիտասարդ մնալու գաղտնիքի եւ այլ թեմաների շուրջ:

-Տիկի՛ն Ջուլիետա, հեռուստանախագծերում ընդգրկվելու նոր հրավերներ ունե՞ք: Առաջիկայում Ձեզ նոր կերպարում կտեսնե՞նք:

13923867_1107318296015902_303223944771004723_o

-Այո՛, կարծում եմ` արդեն սեպտեմբեր ամսին «Շանթ» հեռուստաընկերության եթերում կլինի «Իմ մայրը» սերիալը, որտեղ ես եւս զբաղվածություն ունեմ:

-Հետաքրքիր է` Ձեր ամենահաջողված դերը ո՞րն եք համարում:

-Կարծում եմ` այն դեռ առջեւում է: Ամեն դեպքում, «Կորած եւ գտնված Հայաստանում», «Իմ մեծ հայկական հարսանիքը» ֆիլմերում խաղացած դերերս, կարծես, բավական սիրվեցին: Օրինակ` այս վերջին կինոնկարը, նաեւ իմ կերտած կերպարը, մի ռուս աղջկա «ստիպել է» հայ տղայի հետ ամուսնանալ:

13938085_1107318292682569_6459247566186273623_o

Նա հայ երկրպագու է ունեցել, եւ երբ դիտել է այդ ֆիլմը, մտածել է` եթե այդ տղայի հետ ամուսնանա, իմ մարմնավորած կնոջ պես սկեսուր կունենա: Այդ աղջկա հետ մենք պատահաբար հանդիպեցինք մեր ընդհանուր ընկերներից մեկի տանը, միայն տեսնեիք նրա ցնծությունը, երբ ինձ տեսավ:

Հիմա նրանք ամուսնու հետ Երեւանում են ապրում, այդ աղջիկն էլ Հայաստանն այնքան է սիրում, որ չի էլ ուզում ուրիշ տեղ գնալ: Իսկ եթե քո կերպարը թեկուզ մի հոգու դրդում է Հայաստանում մնալ, ուրեմն քո նպատակին հասել ես (ծիծաղում է):

-Իսկ, Դուք, կարծեմ, իրական կյանքում սկեսուր դառնալու «բախտ» չունեք. երկու դուստր ունեք եւ հինգ թոռ: Ի դեպ, Ձեզ նայողը հազիվ թե կռահի, որ ուսանող թոռնիկ ունեք: Ո՞րն է Ձեր երիտասարդության գաղտնիքը:

13913961_1107318299349235_7998307722576072820_o

-Գիտեք՝ նախորդ տարի նշում էինք իմ 70-ամյակը եւ ստեղծագործական կյանքիս 50-ամյակը: Շատերը պաստառի վրա 50 թիվը կարդալով` մտածել էին, թե 50-ամյակս էր: Հետո միջոցառման ընթացքում որ իմացան 70-ամյակս է, չէին հավատում:

Երիտասարդ երեւալու համար ինչ-որ հատուկ «բաղադրատոմս» չկա, դա կապված է մարդու բնավորության հետ: Որքան մարդ բարի է, անմիջական, այնքան այդ հատկություններն արտացոլվում են նրա արտաքինի վրա: Դրա համար մարդկանց խորհուրդ կտամ բարիանալ, մեր քաղաքին ժպիտն է պակասում:

-Ձեր տեսած Հին Երեւանից ի՞նչը կուզենայիք հետ բերել:

-Ես ապրել եմ Աբովյան, Սարյան փողոցներում, հիշում եմ` Աբովյանի վրայի փոքր տները, որոնց կողքով անցնելիս երիտասարդ ժամանակ մտածում էի, թե երբ էին այդ հին տները քանդելու, որ նորերը կառուցեն, բայց հիմա, երբ, օրինակ, նայում եմ Հյուսիսային պողոտային, զգում եմ, որ այն քարացած «քաղաք է», եւ ափսոսում եմ, որ այդ «քաղաքում» գրեթե մարդ չի ապրում:

Բացի այդ` կուզենայի, որ Երեւանը մաքուր պահեինք: Ես հիշում եմ, որ երբ Կարապի լիճը նոր էին կառուցել, ջուրը այնքան մաքուր էր, որ հաճախ փոքր դստերս տանում էի, այնտեղ լողանում էր:

13919977_1107318286015903_6582911510685596680_o

Հիմա այդ լճում շներին են մտցնում-լողացնում: Մի բան էլ կա. առաջ որ Աբովյանով իջնում էի, այնքան հարազատ դեմքերի էի հանդիպում, կանգնում էինք, խոսում, հիմա, ցավոք, նրանք չկան: Մեր ընկերները հեռացան: Ազատ Գասպարյանը, Կարեն Ջանգիրովը, Կարեն Ջանիբեկյանը… Մտածում եմ` այ մարդ, ինչո՞ւ այդքան շուտ գնացիք, ափսոս չէ՞իք, ախր:

-Տիկի՛ն Ջուլիետա, կես դար է` Մայր թատրոնում եք աշխատում: Բախտ եք ունեցել շփվել այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են` Բաբկեն Ներսիսյանը, Խորեն Աբրահամյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Վարդուհի Վարդերեսյանը եւ այլք: Հիմա ինչպիսի՞ն կցանկանաք տեսնել Ձեր հարազատ թատրոնը:

-Հիմա իմ ցանկությունն այն է, որ Սունդուկյանում լավ ներկայացումներ տեսնեմ, կարծում եմ` գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին կհաջողվի վերականգնել հին ավանդույթները, եւ մեր թատրոնը կլինի առաջվա պես ազդեցիկ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս